Հայերեն   English   Русский  

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանը ներկայացվել է Փարիզի միջազգային ցուցահանդեսում


  
դիտումներ: 1406

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանի 6 տուրօպերատորներ սեպտեմբերի 25-28-ին Փարիզում Հայաստանը ներկայացրել են Եվրոպայի խոշորագույն՝ «Top Resa 2018» զբոսաշրջային ցուցահանդեսին։ Ասոցիացիայի անդամ 2 և մեր շուկայում գործող 4 այլ տուրօպերատորներ Հայաստանը Փարիզի միջազգային ցուցահանդեսում ներկայացրել են միասնական տաղավարով։

Հայաստանյան տուրօպերատորները «Top Resa 2018»-ից վերադարձել են միջազգային գործընկերների շրջանում մեր երկրի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն ապահոված ու նոր գործնական պայմանավորվածություններով։

«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախաշեմին, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Հայաստանի վրա, անհրաժեշտ էր մեր երկիրն ու զբոսաշրջային հմայքը ներկայացնել ոլորտի կարևորագույն միջազգային միջոցառումներից մեկում՝ «Top Resa 2018»-ում։ Այս էքսպոն դեպի Հայաստան նոր զբոսաշրջային հոսք ապահովելու շահավետ հարթակ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Երևանի ու Փարիզի միջև ուղիղ ավիաչվերթ է գործում»,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։

Որպես Հայաստանի գրավչություններ, ներկայացված են եղել գինու, արկածային, գյուղական, էկո զբոսաշրջության հնարավորություններն ու պատմամշակութային ժառանգությունը։ Օրինակ, «Ոսկեվազ» գինու գործարանը ներկայացրել է գինու տուրիզմը՝ հետաքրքիր էկոհամակարգով, Հայկական գորգի ազգային կենտրոնը շեշտադրել է Հայաստանի գորգագործության անկրկնելի ավանդույթները, «Ջրաղացի մոտ» հյուրատունը՝ գյուղական տուրիզմի գրավչությունները և այլն։

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան հիմնադրել են Հայաստանի ներգնա զբոսաշրջային ուղևորահոսք ապահովող 13 տուրօպերատորներ՝ պետություն-մասնավոր համագործակցությունը և դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերը խթանելու նպատակով։

Հանրային կապերի խումբ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: