Հայերեն   English   Русский  

Ֆեյսբուքյան գրառում․ Ութ ամսում 137 կյանք ենք կորցրել


  
դիտումներ: 807

Վարդանանց բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Հայթայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ութ ամսում 137 կյանք ենք կորցրել...

Երեկ ծանոթ լրագրողից ստացած զանգն ինձ ուղղակի շոկի մեջ գցեց։ Նրա հորաքրոջ որդիներից մեկն ավտովթարից մահացել էր, իսկ մյուսի ողնաշարն էր վնասվել, շտապ մասնագետ էին փնտրում։

Երեք օր առաջ ճանաչված լրագրող Աստղիկ Կարապետյանն էր մտահոգիչ մի գրառում արել՝ «Մահից պրծանք, ամեն պատահածի ղեկ են վստահում։ Տոտալ իգնոր Utaxi-ին, խոշոր վթարից ժամեր են անցել, մի հատ չեն հետաքրքրվել, ուղևորները (մանկահասակ երեխա) ինչ վիճակում են։ Մի օգտվեք նման խայտառակությունից»։

Ցավոք, սրանք եզակի դեպքեր չեն։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2018թ. առաջին 8 ամսում Հայաստանում գրանցվել է 781 պատահար, որից 137-ը՝ մահվան ելքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հանրապետությունում գրանցվել է 493 պատահար, որից 109-ը՝ մահվան ելքով։

Պարզ հաշվարկով այս տարվա 8 ամսում մահվան ելքերը 28-ով ավելացել են։

Մտահոգի՞չ են, արդյոք, այս թվերը։

Իհարկե, մտահոգիչ են։ Համեմատության համար ասենք, որ մեր երկրում նյարդային համակարգի հիվանդություններից, օրինակ, տարեկան մոտ 150 մարդ է մահանում։

Հասկանում եմ, որ այս պահին քաղաքական խիստ կարևոր իրադարձություններ են ընթանում, և լրատվամիջոցները կենտրոնացած են հիմնականում այդ խնդիրների վրա։

Հատ ու կենտ լրատվամիջոցներ անդրադարձան նշածս տվյալներին, այն էլ՝ հպանցիկ։

Բայց, այսպես մարդկային կյանքեր կորցնելն, արդյո՞ք, ուշադրության արժանի մարտահրավեր չէ...

Կարծում եմ, կտրուկ քայլեր են անհրաժեշտ վթարների պատճառով զոհերի (շատ դեպքերում՝ անմեղ) թիվը կրճատելու համար...»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: