Հայերեն   English   Русский  

​Քանի՞ ժողովուրդ կա Հայաստանում


  
դիտումներ: 1284

Ժողովուրդը, ժողովրդի, ժողովրդով, ժողովրդից… Վերջին մոտ երեք տասնամյակների ընթացքում այս գոյականը գործածվում է կա՛մ ընտրությունների քարոզարշավների ընթացքում, կա՛մ հետընտրական բողոքի ցույցերի: Մնացած ժամանակ մարդկանց նույն զանգվածը մատնանշելու համար սովորաբար գործածում են հասարակություն, հանրություն, բնակչություն, ազգաբնակչություն և այլ եզրույթներ:

Արդեն քանի ամիս է, թեպետ ընտրություններ չեն եղել, ամենից շատ այս գոյականն է հոլովվում: Ընտրություններ չեն եղել, բայց կատարվել է իշխանության հերթափոխ, ինչը հատուկենտ մարդիկ համարում են հեղաշրջում կամ իշխանափոխություն, մեծ մասը՝ հեղափոխություն:

Եվ հետաքրքիր է, որ երկու տեսակետն էլ ճիշտ են: Այո, եղել է իշխանափոխություն, նույնիսկ օրենքի պահանջի ձևական պահպանումով՝ խորհրդարանի քվեարկությամբ, սակայն դա կատարվել է փողոց դուրս եկած մի մեծ զանգվածի հուժկու շարժման և այդ շարժումը գլխավորող ուժի հարկադրանքով: Բայց այն, ինչ տեղի է ունենում այդ իշխանափոխությունից հետո, կատարվում է հեղափոխությունների դասական մեթոդներով՝ սկսած կարծիք արտահայտելու ազատության սահմանափակումներից և վերջացրած մի անհատի աննախադեպ պաշտամունքով: Թե ինչու և ինչպես, իհարկե կարելի է բացատրել, բայց դա թողնենք ապագայի մասնագետներին: Մենք՝ հանրապետության սովորական քաղաքացիներս, ուզենք թե չուզենք, պետք է ընդունենք, որ սա փաստացի իրողություն է, ուստի պետք է հաշվի նստենք այդ իրողության հետ:

Փաստն այն է, որ «ժողովուրդ» ասվածը դարձել է ներկայիս քաղաքական դաշտում ամենագլխավոր, ավելի ճիշտ՝ միակ գործոնը կամ գործիքը, որին հղում անելով՝ կարող է կայացվել ցանկացած, անգամ ամենաանհավանական որոշում, ընդ որում՝ տեղնուտեղը, ընդ որում՝ հենց փողոցում: Ինչ վերաբերում է դերակատարներին՝ զանազան մեծ ու փոքր կուսակցություններին, իշխանության թևերին ու քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, ընդհուպ մինչև երկրի նախագահը, վստահ կարելի է ասել, որ եղած-չեղած մի հաշիվ են: Մի դերակատար գոյություն ունի՝ սուպերվարչապետ, որ ամենթույլ դիմադրության, երկյուղած ծպտունի դեպքում իսկ անմիջապես դեմ է տալիս իր ստուգված զենքը՝ «ժողովրդին»: Թեպետ հոկտեմբերի 2-ի դեպքերից հետո, ամենայն հավանականությամբ, արդեն փողոց դուրս գալու կարիք չի լինի, վկա արդեն թափ հավաքած առնետավազքը:

Սա էլ է փաստացի իրողություն: Բայց մի բան հաստատ ճշտելու և որոշելու կարիք կա:

Վերջին հաշվով, «ժողովուրդը» քերականության մեջ հասարակ գոյական է: Այլ կերպ ասած՝ հատուկ անուն, դեմք չկա, հետևաբար այդ հավաքականությունը հաճույքով իրեն իրավունքներ է վերապահում, բայց ոչ պատասխանատվություն, որ իրավունքի անքակտելի մասն է: Սա է հակասությունը: Եթե վաղը, մյուս օրը, Աստված մի արասցե, պարզվի, որ վարվող քաղաքականությունը երկիրը հասցրել է անկման, ո՞վ է պատասխանատվություն կրելու:

Բայց երկրում հազարավոր քաղաքացիներ կան, որոնք ուզում են հասկանալ իրենց պատկանելությունն ու տեղն այս երկրում: Եթե «ժողովուրդ» ասելով՝ հասկանում են այն զանգվածը, թեկուզ հարյուրհազարավոր, որ փողոց է դուրս գալիս, ապա իրենք, որ դեմ են եղել նախկին իշխանությանը, բայց փողոց դուրս չեն եկել, չեն պայքարել այս իշխանությանը բերելու համար, այնուամենայնիվ ընդունել են առկա իրողությունը, սակայն չեն կարող համաձայնել իշխանության այս կամ այն որոշմանն ու գործողությանը, հիմա ի՞նչ է, ժողովուրդ չե՞ն: Իսկ եթե իրենք էլ են ժողովրդի մասը կազմում, ապա ինչո՞ւ են իրենց անունից ասվում ու արվում բաներ, որոնք իրենք բնավ չեն ուզեցել:

Արդի քաղաքակիրթ աշխարհն այս հակասությունը լուծելու գործիքը վաղուց է գտել՝ քվեարկություն: Յուրաքանչյուր ոք մտնում է խցիկ ու մնում ինքն իր խղճի հետ՝ իր քվեն տալով այս կամ այն որոշմանը կամ ուժին:

Շատ լավ, նայենք այս տեսանկյունից: Նախորդ իշխանությունների ժամանակ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով այս նույն ժողովրդի մեծամասնությունն իր ձայնը տվել է նախորդ իշխող կուսակցությանը: Փաստ է, որ խորհրդարանի կեսից ավելին այդ կուսակցությունն էր ներկայացնում: Եվ քանի որ ընտրություններն ընթացել էին այնպիսի խախտումներով, որոնք չէին կարող ազդեցություն թողնել արդյունքների վրա, համոզված ու համընդհանուր տեսակետ է ձևավորվել, որ մարդիկ իրոք ձայն են տվել, բայց հիմնականում՝ կաշառքով: Եթե դրան գումարենք, որ խորհրդարանում երկրորդ առավեգույն ձայներ ստացած կուսակցությունն էլ չէր խորշում այդ մեխանիզմից, նույնիսկ շատ ավելի արհեստավարժ էր այդ հարցում, ապա կստացվի, որ երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկել է կաշառքով: Հիմա այդ մարդիկ մտնո՞ւմ են փողոցներ լցնող ժողովրդի մեջ: Լավ, քանի՞ «ժողովուրդ» կա Հայաստանում:

Հեռու չգնանք, վերցնենք վերջին և առայժմ առաջին արդար, ազատ ընտրությունները վերջին երկու տասնամյակում՝ Երևանի ավագանու ընտրությունները, որոնք, ըստ էության, ներկայիս իշխանության վստահության հանրաքվեի վերածվեցին: Իշխանությունը ոգևորված է իր ստացած 81 տոկոս ձայներով, բայց մոռանում է, որ քաղաքացիների կեսից ավելին՝ 57 տոկոսը, ընդհանրապես չի քվեարկել, այսինքն՝ կողմ չէ ո՛չ այս իշխանությանը, ո՛չ այլընտրանքին: Եթե նույնիսկ այդ թվից հանենք քաղաքից բացակայողներին, միևնույն է, դարձյալ ահռելի թիվ է ստացվում, որ խորհելու առիթ է տալիս:

Ուրեմն ավելի լավ չէ՞ սպասել ապագա ընտրություններին, որոնք ակնհայտորեն տեղի կունենան շատ շուտով, և դրանից հետո խոսել միայն «իշխանությանը ձայն տված ժողովրդի» անունից, ոչ թե առհասարկ ժողովրդի: Այդպես քաղաքականության առումով գուցե ոչ, բայց զուտ մարդկային ու բարոյական տեսանկյունից ազնիվ կլինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: