Հայերեն   English   Русский  

նույն պատկերն է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պարագայում, որին` քաղաքական հստակ կողմնորոշում չունենալու պարագայում, սպառնում է օպորտունիզմի ապագան.Արթուր Ղազինյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 1718

Հանրապետական կուսակցությունն ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երբեք քաղաքական միավոր չեմ համարել, քանի որ նրանք չեն ունեցել հստակ ընդգծված քաղաքական դիմապատկեր:

Թող ներեն ինձ իմ Հանրապետական ընկերները, սա ես նաև իրենց եմ ասել, ՀՀԿ միշտ ընկալել եմ որպես օպորտունիստական միություն, որի անդամներն այս կազմակերպությանը միանում էին հարստանալու կամ իշխանություն ստանալու ակնկալիքով` առանց հստակ ընգծված քաղաքական գաղափարախոսության: Որոշակի կայունություն ՀՀԿ-ին ապահովում էր առաջնորդի նկատմամբ ունեցած հարգանքն ու նվիրվածությունը, սակայն իշխանությունից զրկվելու և անձնական վտանգի պարագայում այս էմոցիաները մղվում են 2-րդ պլան: ՀՀԿ-ն իրեն հռչակել էր ազգային-պահպանողական կուսակցություն, սակայն հենց ՀՀԿ բացարձակ իշխանության տարիներին Հայաստանում ակտիվացան զանազան հասարակական կազմակերպություններ և հիմնադրամները, որոնք, իրականացնելով, այսպես կոչված, իրավապաշտպան գործունեություն, կազմակերպում, միավորում, ամրացնում և իրենց թևի տակ էին վերցնում կրոնական, սեռական և այլ բնույթի փոքրամասնություններին: Այս փոքրամասնություններն առավել <դուխով> դարձան հենց 2008թ-ից հետո, որոնցից վախենում և խուսանավում էին նույնիսկ ամենահզոր օլիգարխներն ու պաշտոնյաները:

ԲՀԿ իմ կողմից մշտապես ընկալվել է որպես բիզնես պրոեկտ, որն ամբողջությամբ կառուցված և հիմնված էր մեկ անձի կապիտալի և հնարավորությունների վրա և չուներ նույնիսկ թույլ գաղափարական ուղղվածություն: Այս կուսակցության հիմնական նպատակն էր քաղաքական տանիք դառնալ կուսակցության առաջնորդի համար և ապահովագրել վերջինիս իշխանության կողմից հնարավոր ճնշումներից: Իր ամբողջ գոյության ընթացքում Բարգավաճ Հայաստանը միայն մեկ անգամ է համարձակվել դրսևորել քաղաքական կեցվածք, որից հետո կուսակցության առաջնորդը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին:

Ցավոք սրտի, նույն պատկերն է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պարագայում, որին` քաղաքական հստակ կողմնորոշում չունենալու պարագայում, սպառնում է օպորտունիզմի ապագան: Դեռևս հուլիսի սկզբին Փաշինյանին հորդորեցի հնարավորինս արագ կողմնորոշվել քաղաքական գաղափարախոսությունների ընտրության հարցում, չեղյալ հայտարարել 'իզմերը'' ժամկետանց ճանաչելու իր հայտնի հայտարարությունը, հռչակել կոնկրետ քաղաքական գաղափարախոսու'թյուն` տալով հնարավորություն գաղափարախոսական ընդդիմության ձևավորման համար:

Կոնկրետ և հասկանալի քաղաքական գաղափարախոսությունը հնարավորություն կտար իր շուրջը հավաքել իրական գաղափարակիցների, որոնք կուսակցության կողքին կմնային նույնիսկ ամենադժվար պահին: Իշխանական կուսակցության գաղափարախոսական հենքը իրական հնարավորություն կստեղծեր մրցակցային, գաղափարախոսության վրա հիմնված քաղաքական համակարգի ձևավորման համար` ապահովելով քաղաքական զսպումների և հակակշիռների գործուն համակարգ:

Լինելով օպտիմիստ և իրականում ցանկանալով Փաշինյանին հաջողել Հայաստանը փոխելու իր ցանկություններում, կարծում եմ դեռ ուշ չէ և արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են դառնալ քաղաքական կատալիզատոր ապագաղափարական ուժերին քաղաքական մրցապայքարից դուրս թողելու և ապագա խորհրդարանում իրական գաղափարախոսական մրցապայքար ունենալու համար:

Հապաղելու դեպքում մենք կունենանք այն քաղաքական պատկերը, ինչ ունեինք մինչ այժմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: