Հայերեն   English   Русский  

Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունի շուրջ 54 հազար մարդ. ԱՆ


  
դիտումներ: 82

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, միջազգային հանրությունը նշում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը:

Օրվա առթիվ ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որտեղ ասված է.

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների ապահովման ոլորտում մեր երկրում առկա են մի շարք համակարգային խնդիրներ: Դրանք զգայուն են, քանի որ վերաբերում են մարդկանց, ովքեր հաճախ չեն կարող բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, իրենց իրավունքների ոտնահարման կամ անտեսման դեպքերը:

Ցավոք, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ չափազանց խոցելի են յուրաքանչյուր հասարակությունում: Նրանք հաճախ հայտնվում են սոցիալական մեկուսացման մեջ, դառնում են խարանման օբյեկտ:

Պետք է աջակցել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց այնպես, որ նրանք հասնեն իրենց սեփական ձգտումներին ու նպատակներին: Անհրաժեշտ է նպաստել նրանց՝ իբրև հավասարի հետ աշխատանքին ու նրանց վերականգնմանը, կանխել նրանց սոցիալական մեկուսացումը և խարանումը:

Հոգեկան առողջության պահպանման առաջնահերթ ուղղություններից պետք է լինի հենց հոգեբուժական բժշկական ծառայություններին այլընտրանք խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների համակարգի ձևավորումն ու զարգացումը»։

Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց մոտ հիվանդությունների գրեթե կեսն առաջանում է մինչև 14 տարեկանը. դրանց շարքում գերակշռում են դեպրեսիաները, ինչի հետևանքով 15-29 տարեկանների մոտ ինքնասպանությունը մահվան պատճառների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը: Երիտասարդների և դեռահասների շրջանում կանխարգելումը սկսվում է հիվանդության վաղ շրջանում ախտանշանների իմացությունից, ինչին պետք է ամենօրյա աշխատանքներով նպաստեն ծնողները և մանկավարժները:

Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունի շուրջ 54 հազար մարդ, ընդ որում` կյանքում առաջին անգամ հաստատված հոգեկան խանգարման ախտորոշումով հիվանդների թիվը 2559 է, որից 151-ը` 0-17 տարեկան երեխաների շրջանում, իսկ 568-ը` 18-19 տարիքային խմբում: Կյանքում առաջին անգամ հաստատված հոգեկան խանգարումների կառուցվածքում հատկապես մեծ թիվ են կազմում մտավոր հետամնացությունը` 687 դեպք, գլխուղեղի օրգանական վնասվածքներից առաջացող հոգեկան խանգարումներ ` 517 դեպք, նևրոտիկ և սթրեսով պայմանավորված խանգարումները` 458 դեպք և այլք:

ՀՀ Սահմանադրությամբ և «Հոգեբուժական օգնության մասին» օրենքով նախատեսված է, որ յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք, և հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում` պետության միջոցների հաշվին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: