Հայերեն   English   Русский  

Թույլ չեմ տա՝ իմ զավակին մատով ցույց տան. Ուրցաձորի համայնքապետը հրաժարական կտա եւ կմասնակցի նոր ընտրություններին


  
դիտումներ: 211

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական կտա, որից հետո նորից իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում։

Այս մասին քիչ առաջ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ինքը՝ Անդրեասյանը՝ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ հանդիպումից հետո:

«Ինձ նոր չի, որ ճանաչում եք։ Բոլորդ պետք է ընդունեք ու տեսնեք իմ արածները, յուրաքանչյուրի անհատական վերաբերմունքը։ Եթե խոսում ենք հրաժարական տալու կամ չտալու մասին, որեւիցե մեկդ առաջարկ չարեցիք գյուղի զարգացման մասին։ Չտեսա առաջարկ, որ լիներ գյուղի զարգացման մասին, ճանապարհների, ապրելու, ինչ-որ բան ստեղծելու մասին։

Բայց տեսա մեկ այլ բան՝ ունեմ լավ ընկերներ, ունեմ դուխ, որը ոչ մեկը չի կարող կոտրել, այն դաստիարակությունն եմ ես ստացել, որ իմ ընկերներն ու ընտանիքի անդամները գլուխ չեն կախել։ Իմ կողմնակիցներին շնորհակալ եմ, որ միշտ քվեարկել են՝ եւ՛ դեմ են քվեարկել, եւ՛ կողմ։

Լսելով նրանց հորդորը, որպեսզի դուք եւ նրանք հանգիստ զգաք ձեզ, կտամ հրաժարական ավագանուն։ Մի բան հիշեք՝ բոլորս հարեւաններ ենք, իրար երես ենք նայելու բոլորս։ Ես միշտ ընդդիմացել եմ թե՛ նախկին իշխանություններին, թե՛ հիմա էլ կընդդիմանամ, եթե մեկի գլխից մազ պակասի։ Ապրելու եմ պատվով։ Ես թույլ չեմ տա, որ իմ զավակին մատով ցույց տան։ Թող լինի ընտրություն, ով կընտրվի՝ Աստված իր հետ։ Հրավիրելու եմ ավագանու արտահերթ նիստ, բայց բոլորդ գնացեք տներով, չխանգարեք, քեֆ եք անում, ինչ եք անում՝ ձեր տներում»,- հավաքվածների առջեւ իր խոսքում հայտարարեց Ուրցաձորի համայնքապետը։

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն էլ մինչ գյուղապետի հայտարարությունը հավաքվածներին ասաց, որ բոլոր խնդիրները լուծվում են, եթե կամք կա։ «Վախենալով չէ, բոլորս էլ այստեղ ոչ մի բանից չենք վախենում։ Հանդուրժողականությունը, սերը, հարգանքը էսօրվանից հետո ավելի մեծ պետք է լինի։ Նոր Հայաստանում մենք մի խնդիր ունենք՝ բռունցքվել ու խնդիրները լուծել։ Գյուղի մեջ մեր ու ձեր չպետք է լինի։ Ինչ եղել է՝ եկեք թողնենք անցյալում, համերաշխ գնանք։ Ամեն մեկս էլ մեկի մասին բան ասած կլինի։ Իմ մասին էլ են շատ բան ասում, բայց ես սիրում եմ բոլորին։ Մարդու ամենամեծ առաքելությունը սիրելու կարողությունն է։ Այս գյուղում պարտություն չի լինելու։ Իրար պարզ աչքով, պարզ երեսով նայենք, իմ խնդրանքը ձեզ՝ իրար նկատմամբ հանդուրժող լինենք»,- հայտարարեց Սանասարյանը, ապա Ուրցաձորի համայնքապետի քայլը որակեց ուժեղ մարդու քայլ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ տեւական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ էին իրականացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Ցուցարարները պնդում էին, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: