Հայերեն   English   Русский  

Դատարանը մերժել է Սամվել Մայրապետյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջարկը


  
դիտումներ: 1781

Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը Անկախ-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց կողմից առաջարկ է եղել գրավի դիմաց պաշտպանյալին ազատել,

սակայն դատարանը մերժել է։ Բատիկյանը չցանկացավ անդրադառնալ մերժման հիմնավորումներին և առհասարակ հրաժարվեց գործի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել՝ նշելով, որ դա նախաքննության գաղտնիք է, և որ տեղեկություն տրամադրելու արգելքը դրել է նախաքննական մարմինը։

Փաստաբանը ևս մեկ անգամ հերքեց լուրերը, թե Մայրապետյանի կալանավորումը կապված է Մարտի 1-ի գործի հետ․ «Կարող եմ հաստատ ասել, որ գործը Մարտի 1-ի հետ ընդհանրապես կապ չունի»։

Կարեն Բատիկյանը չցանկացավ որևէ գնահատական հնչեցնել գործի վերաբերյալ։

Հարցին, թե արդյո՞ք գործը կապ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ մամուլի տեղեկություններով՝ Մայրապետյանն ու Քոչարյանը մտերիմ հարաբերություններ ունեն, փաստաբանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։

Բատիկյանը հայտնեց, որ Մայրապետյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանական խումբը, որի մեջ իրենից բացի ներառված է ևս 2 փաստաբան, պատրաստվում է դատարանի որոշումը բողոքարկել և տասնօրյա ժամկետում դիմել Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 7-ին։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38–311–րդ հոդվածի հատկանիշներով (կաշառքի օժանդակություն)։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մայրապետյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Սամվել Մայրապետյանը գտնվում է քննչական մեկուսարանում։ Նա չի ընդունում մեղքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: