Հայերեն   English   Русский  

Գնում ենք ընտրելու՞, թե՞ պարզապես քվեարկելու․ Անահիտ Աղոյան


  
դիտումներ: 1695

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, որը հանրության դատին է ներկայացրել Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգն, ապա նախագիծը, ս․թ․ հոկտեմբերի 9-ին կազմակերպել էր քննարկում կուսակցությունների, դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։

Քննարկմանը մասնակցել է նաև ԱԺՄ կուսակցության անդամ Անահիտ Աղոյանը, որը Անկախ-ի հետ զրույցում ներկայացրեց իր տպավորությունները և քննարկման ընթացքում իր բարձրացրած հարցերը։

Անահիտ Աղոյանը կարծում է, որ պետք է նախևառաջ վերլուծել ընտրություններ անցկացնելու խորքային հիմնախնդիրները և հասկանալ՝ առաջիկա արտահերթ ընտրություններին գնում ենք ընտրելու՞, թե՞ պարզապես քվեարկելու։ «Եթե անգամ այդ քվեարկությունը լինելու է արդար, ազատ ու թափանցիկ, արդյո՞ք դա ինքնանպատակ է։ Ինձ համար կարևորն այն է, որ գաղափարների պայքար լինի։ Այս ընտրություններին գաղափարների պայքար չի լինելու, ինչը շատ վտանգավոր է։ Այսօր մարդիկ հավատում են այս իշխանությանը, բայց ի՞նչ գաղափար է առաջ քաշում իշխանությունը»։

Աղոյանը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սկզբում հայտարարում էին, որ իրականացնելու են սահմանադրական փոփոխություններ, ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որից հետո նոր՝ խորհրդարանական ընտրություններ։ «Բայց մենք հիմա տեսնում ենք, որ մակերեսային փոփոխություններ են տեղի ունենում, և այս ընտրություններն, ըստ էության լինելու են ընդամենը քվեարկություն, ոչ թե ընտրություն»։

Քննարկման ժամանակ Անահիտ Աղոյանը տեսակետ է հայտնել, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն և ժամանակավոր խորհրդարան, ապա 1-2 տարի անց պետք է իրականացնել նորմալ, մրցակցային ընտրություններ։ «Դեկտեմբերին ընտրությունների անցկացումը պետք է ունենա նպատակ։ Ո՞րն է այդ նպատակը, նախ պետք է դա հասկանալ, հետո ժամկետ սահմանել, ոչ թե ժամկետից գնալ դեպի նպատակ»,-ասում է նա։

Անահիտ Աղոյանի խոսքով՝ ամբողջ իշխանությունը կենտրոնացվելու է վարչապետի ձեռքում, ինչի մասին նույնպես քննարկման ընթացքում բարձրաձայնել է․ «Ընդ որում, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը նույնպես ասում էր, որ դա սխալ է, սուպերվարչապետությունը պետք է փոխվի և այլն։ Բայց հիմա որևէ մեխանիզմ այդ առումով չկա, կարծես թե վարչապետն այդ հարցը մոռացել է։ Եթե օրենսդրության մեջ այդ մեխանիզմները չկան, մենք ինչի՞ վրա ենք հույսներս դնում, ազնիվ խոսքի՞»։

Անահիտ Աղոյանը կարևորել է նաև նախկին ընտրությունների ժամանակ կիրառվող ստորագրահավաքի սխեման, որը հնարավորություն էր տալիս քաղաքական ուժերին և թեկնածուներին հանդիպել ընտրողների հետ, ներկայացնել իրենց գաղափարները, ծրագրերը, կազմակերպել քննարկումներ, լսել հանրության տեսակետը։ «Հիմա նույնպես հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպումներ են լինում, բայց դա այն չէ, ինչ առաջ, քանի որ նախկինում ստորագրահավաքն արժեք ուներ, դու ուժերդ լարում էիր, կենտրոնանում էիր հանրության հետ հանդիումների վրա, իսկ հիմա դու պարզապես մակերեսային հանդիպումներ ես ունենում»։

ԱԺՄ կուսակցության անդամի կարծիքով՝ նախորդ 3 նախագահներին և նրանց իշխանություններին շատ հարցերում կարելի է մեղադրել, բայց ամենամեծ մեղքն այն է, որ նրանք մերկացրել են քաղաքական դաշտը․ «Հիմա ժամանակ է պետք, որ այդ դաշտը վերականգնվի»,-կարծում է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: