Հայերեն   English   Русский  

​Շիրակի դատախազը գյուղապետերին հորդորում է ծանոթներ չուղարկել իր մոտ


  
դիտումներ: 307

Շիրակի մարզում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման աճ է գրանցվել, որն էլ մտահոգում է Շիրակի մարզի դատախազին:

Ասում է՝ լավ է, որ կարողացել են բացահայտման նման ցուցանիշ գրանցել, բայց վատ է, որ մարզում կոռուպցիոն հանցատեսակը համատարած բնույթ է կրում:

- Կոռուպցիա նշանակում է պետական իշխանության ծախվածություն: Կարող եմ որպես օրինակ փաստարկել սերմերի հետ կապված չարաշահումները. ուղիղ 19 քրեական գործ է հարուցվել, ուսումնասիրություն է կատարվել գրեթե 50-ից ավելի համայնքում ու պատկերը նույնն է եղել, - ասում է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Այդ քրեական գործերով ձերբակալվել են համայնքի ղեկավարներ, որոնք հետո պետությանը պատճառած վնասը վերականգնելով ազատ են արձակվել: Այստեղ էլ դատախազը համայնքների ղեկավարներին հիշեցնում է՝ մինչ այս պահը չի օգտագործել օրենքով իրեն տրված իրավասությունը, բայց հիմա առավել քան կտրուկ կլինի.

- Ուզում եմ բոլորդ հասկանաք, որ մենակ վնասը վերականգնելով քրեական պատասխանատվությունից ազատվել չի լինում: Մարդիկ չմտածեն, որ կատարել են հանցավոր արարք, եթե կբացահայտվի՝ վնասը վերականգնեն, կազատվեն քրեական պատասխանատվությունից: Վնասը վերականգնելու տարբեր մեխանիզմներ կան, օրենքը դա մեզ թույլ է տալիս: Կոնկրետ հանցագործություն կատարած անձի գույքի վրա կալանք դնենք և դա մենք կանենք շատ հետ ու շատ պարզ եղանակով: Ես նաև, որպես քրեական քաղաքականության ուղղությունը որոշող սուբյեկտ՝ տեղեկացնում եմ, ունեմ լիազորություն, որից դեռ չեմ օգտվել. համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնել:

Կարեն Գաբրիելյանը մարզի համայնքապետերին ասել է, թե իրեն հաճելի չէ որևէ գյուղապետի կալանավորելը, քանի որ բոլորին անձնապես ճանաչում է, բայց հանցավոր քաղաքականություն վարելու դեպքում ստիպված կլինի այդ քայլին դիմել: Նաև հորդորում է՝ ծանոթ-բարեկամներին չուղղորդել իր մոտ՝ բարեխոսելու:

- Ձեզ պարզապես խնդրում եմ, զերծ մնացեք հանցավոր քաղաքականություն որդեգրելուց, հետո դուք եք գալու ինձ խնդրելու, այդպիսի դեպքեր արդեն եղել են, 1-ին հարկից 2-րդ հարկ չեք բարձրանալու՝ իմ աշխատասենյակ: Եթե արդեն իսկ հարուցված քրեական գործեր կան՝ միջոցներ ձեռնարկեք անմիջապես պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:

Կարեն Գաբրիելյանը նաև անդրադարձել է Շիրակի մարզում սոցիալական ոլորտում կատարված չարաշահումների մասին բացահայտումներին: Այս ոլորտում նաև շատ պաշտոնյաներ կալանավորվել են ու զրկվել աշխատանքից, բայց դատախազը զարմանք է արտահայտել, թե նույն մարդիկ այսօր ձգտում են վերադառնալ նույն պաշտոնին:

- Ինձ համար անհասկանալի է նման վարքագիծ դրսևորած այն անձանց դիրքորոշումը, ովքեր նորից ուզում են վերականգնել աշխատանքը: Ես դադարեցրել եմ նրանց լիազորությունները, պաշտոնավարումը: Տարբեր անձանց միջոցով փորձում են դարձյալ վերականգնվել իրենց աշխատանքին, որպեսզի նորից հնարավորություն ունենան դրսևորել նույն հանցավոր վարքագիծը: Չի լինի նման բան, - հայտարարել է մարզի դատախազը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: