Հայերեն   English   Русский  

​Հեղափոխության հետցնցումները՝ մինի հեղափոխություններ


  
դիտումներ: 2710

Պարզվում է՝ հեղափոխություններն էլ հետցնցումներ ունեն, ինչպես երկրաշարժերը, սակայն վերջիններիս դեպքում դրանք աստիճանաբար մարում են, իսկ հեղափոխությունների դեպքում՝ կամաց-կամաց տարածվում ու կենսակերպ դառնում: Դրա ապացույցը հենց այն է, ինչ տեղի է ունենում այսօր երկրի համայնքներում:

Մարդիկ բավական չեն համարում երկրի կենտրոնական իշխանության փոփոխությունը, իրենք էլ իրենց տեղական իշխանությունն ունեն, և քանի դեռ այդ իշխանությունը չի փոխվել, հեղափոխությունն իրենց համար դեռ չի կայացել: Ուստի կազմակերպում են տեղական՝ մինի հեղափոխություններ: Ընդ որում՝ հար և նման թավշա հեղափոխությանը. նույն պահանջով, նույն քայլերով, նույն մեթոդներով: Համայնքի ղեկավարի հրաժարականի կոչերով ցույցեր են անում՝ ներքաշելով անգամ դպրոցական երեխաներին, պաստառներ ճոճում, ճանապարհներ փակում…

Երկրի առնվազն չորս համայնքներում (Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գեղարքունիքի մարզի Ակունք, Արարատի մարզի Արևաբույր և Վայոց ձորի մարզի Մալիշկա) այդ հեղափոխությունները «հարթ» են անցել, բավական են եղել մի քանի հոգու բանավոր հաղորդումները իրավապահ մարմիններին, որպեսզի համայնքապետներն անշշուկ, ոտքերի ծայրերի վրա, կամացուկ իրենց հետևից փակեին համայնքապետարանի դուռը, և շուտով՝ առաջիկա փետրվարին, արդեն արտահերթ ընտրություններ կլինեն:

Բայց արի ու տես, որ հեղափոխության խոփը դեմ էր առել Արարատի մարզի Ուրցաձորի խոշորացված համայնքի քարին: Արդեն մի ամսից ավելի էր, ինչ այստեղ բուռն կրքեր էին բորբոքվում՝ պերմանենտ ցույցեր համայնքապետի հրաժարականի պահանջով, և այս բնակավայրի անունը Շիրակի մարզի Մարալիկի հետ, գրեթե խորհրդարանական իրադարձություններին հավասար, լրահոսների առաջին տողերից չէր իջնում: Մարզպետ, փոխմարզպետ ու փոխնախարար էին գալիս-գնում, փորձում էին հեղափոխականներին ու համայնքապետի կողմնակիցներին բանակցությունների սեղանին նստեցնել: Ոչինչ չէր ստացվում: Ու մինչ հեղափոխականները վազում էին մարզկենտրոնի ու կառավարության դուռը, համայնքապետն էլ մամուլի ասուլիս էր տալիս, հայտարարություններ անում, կոչ անում սպասել քննչական մարմինների ստուգումներին և նոր միայն եզրակացություններ անել:

«Ես հրաժարական տվողի դեմք ու դիրք ունե՞մ… Ո՛չ կուսակցական եմ, ո՛չ փողով եմ ընտրվել… Տեսնում եք՝ պատերն էլ են խոսում իմ կատարած աշխատանքի մասին, ես ինչո՞ւ պիտի հրաժարական տամ… Եթե 3000 հոգուց ընդամենը 30 հոգի է դժգոհում, ուրեմն ես գերազանցիկ եմ…»,- լրագրողների հետ տարբեր զրույցների ժամանակ ասում էր Ուրցաձորի համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը: Իր հետ մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ էլ ասաց՝ թող դատարանն իրեն մեղադրի կամ արդարացնի, եթե մեղավոր է, պատրաստ է նույնիսկ բանտ նստել, բայց հրաժարական չի տա: Մի օր հետո Անդրեասյանը հրաժարական տվեց: Թե ինչպես է կոտրվել մի օրում, կարելի է միայն ենթադրություններ անել…

Բայց սեպտեմբերի վերջերից ի վեր, երբ համայնքապետների հետ խորհրդակցության ժամանակ մարզպետը բոլորին «թախանձագին» խորհուրդ էր տվել հրաժարական տալ, իսկ լրագրողների հետ զրույցում վարչապետը հայտարարել էր, թե «այն համայնքի ղեկավարները, որոնց դեմ բողոքի գործողություններ են կատարվում, և որոնք կարծում են, թե իրենք համայնքի ղեկավար լինելու լեգիտիմ իրավունք ունեն, կարող են հենց իրենք հրաժարական տալ, մասնակցել արտահերթ ընտրություններին և հաղթել», գոնե մեզ համար կասկած չկար, որ արդպես էլ լինելու է, հրաժարականն անխուսափելի էր:

Հուսանք, որ արշալույսներն այսուհետ Ուրցաձորում խաղաղ կլինեն, վերջապես հեղափոխական ալիքը ջնջեց մարդու 19 տարվա վաստակը:

Հավելենք միայն, որ մենք Ուրցաձորի դեպքերին աչալուրջ հետևում էինք նախևառաջ հետևյալ պատճառով: Ճիշտ մի տարի առաջ, երբ հեղափոխության հեռավոր իսկ սպասումներ չկային, համայնքների հզորացման մի ծրագրի առիթով եղել էինք այդ համայնքում և անկեղծ, ոչ պաշտոնական զրույց ունեցել Ուրցաձոր և Շաղափ գյուղերի մի խումբ կանանց հետ: Քննարկում էինք առկա խնդիրները և դրանք լուծելու ուղիները իրենց իսկ՝ համայնքի անդամների նախաձեռնությամբ: Համայնքի ղեկավարի հասցեին դժգոհության որևէ ակնարկ չհնչեց այդ, կրկնում եմ, ոչ պաշտոնական, մտերիմ զրույցի ժամանակ: Ընդհակառակը: Երբ գյուղում ու համայնքապետարանում շրջելուց հետո զարմանք ու հիացմունք հայտնեցինք, որ այսպիսի բարեկեցիկ համայնք չէինք սպասում տեսնել Հայաստանում, չափից ավելի մեծ էր կոնտրաստը մեր տեսած շատ ու շատ համայնքների հետ, հպարտությամբ հայտնեցին, որ իրենց համայնքի ղեկավարը, բացի պետության հատկացումներից ու սուբսիդիաներից, կարողանում է տարբեր միջազգային կառույցներից, տարբեր հաստատություններից դրամաշնորհներ ու ֆինանսական աջակցություն բերել և ծրագրեր իրականացնել: Նույնիսկ պատմեցին, որ մի ծրագրի ժամանակ, որն իրականացվում էր ՎիվաՍելի աջակցությամբ, խնայողություն են արել, և համայնքի ղեկավարը փորձել է այդ մնացած գումարը վերադարձնել: Նրան պատասխանել էին, որ դրա կարիքը չկա, եթե այդ գումարն օգտագործեն նման կարիքների համար:

Երբ իմացանք, որ մեր զրուցակից կանանցից մեկը, որ ի դեպ, ավագանու անդամ է, այսօր դարձել է հրաժարական պահանջող առաջամարտիկներից մեկը, զանգահարեցինք և հարցրինք, թե ինչու ցույցերի փոխարեն հարցն ավագանու նիստում չի բարձրացնում, չէ՞ որ դա է ամենակարճ ու օրինական ճանապարհը: Պատասխանեց, որ ավագանու մնացած բոլոր անդամները համայնքի ղեկավարի կողմնակիցներն են: Իսկ ինչո՞ւ փաստերի գրավոր շարադրմամբ չի դիմում կառավարություն կամ դատախազություն: Ասաց՝ փորձել են, բայց իրենց բանավոր պատասխանել են, որ ստուգումները երկար կտևեն, գործեր շատ կան, իսկ իրենք սպասելու ցանկություն ու համբերություն չունեն: «Լավ, չէ՞ որ ձեր համայնքապետն այնուամենայնիվ հաջողակ ղեկավար է, այդքան բան է արել համայնքի համար, ի՞նչ երաշխիք կա, որ ուրիշն ավելի լավը կլինի»: «Ով ուզում է լինի, նշանակություն չունի, միայն ոչ նա»,- եղավ պատասխանը:

Ահա և հեղափոխության սիրո ու հանդուրժողականության կարգախոսի ողջ փիլիսոփայությունը:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: