Հայերեն   English   Русский  

Պետք է համախմբվենք ոչ միայն ճառերի, այլև ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Ջասթին Տրյուդո


  
դիտումներ: 224

«Ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել այս հրաշալի երկրի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին, այս երկրին, որը ստանձնեց հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը»,- ՖՄԿ գագաթնաժողովում իր ելույթն այսպես սկսեց Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն։

Կանադայի վարչապետը խոսեց նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանն այն երկիրն է, որի ժառանգն ու ներկայացուցիչն էր այդ մեծ մարդը։

«Ես չեմ կարող չարտահայտել իմ խորը կարեկցանքը մեծ մարդուն՝ Շառլ Ազնավուրին, ում անչափ սիրում էի։ Բոլորս, ամբողջ ֆրանկոֆոն աշխարհը համախմբվեց և հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրին։ Նա մանրամասն տեսնում էր մեր լեզվի բոլոր նրբերանգները , մեր մշակույթների բոլոր նրբությունները։ Ես տեսնում եմ, որ նույն ոգին առկա է նաև այստեղ»,- նշեց Ջասթին Տրյուդոն։

Նա միաժամանակ ասաց՝ բնավ չի նշանակում, որ ֆրանկոֆոն երկրներն ամեն ինչի շուրջ համաձայն են, բայց միասին կարողացել են ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում են իրար հանդեպ հարգանքով, մի տիրույթ, որտեղ պետությունները կարող են զարգանալ, լսել իրար և այդ ամենը ֆրանսերենով։

«Ձեր երկիրն ունենա 90 մլն կամ 9 մլն բնակչություն, դուք լիիրավ անդամ եք մեր կազմակերպության»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ֆրանկոֆոն երկրները պետք է համախմբվեն ոչ միայն իրենց ճառերի շուրջ, այլ ապագայի շուրջ, որը ցանկանում են կառուցել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: