Հայերեն   English   Русский  

Մարալիկում հարձակվել են «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակների վրա


  
դիտումներ: 211

Մարալիկում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մի խումբ քաղաքացիներ են հարձակվել «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա: Այս մասին հայտարարություն է տարածել հեղինակները:

«Այսօր Մարալիկում մի խումբ անձինք հարձակվեցին «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա՝ անվանելով նրանց հակահեղափոխականներ, խոչընդոտեցին նրանց եթերը, վնասեցին գույքը:

Մի խումբ անձանց այս գործողությունները վտանգում են ժողովրդավարության արժեքները, ոտնահարում ազատ խոսքի, ազատ տեղաշարժի և ազատ կարծիքի իրավունքը:

Թավշյա հեղափոխությունից հետո երկրում արձանագրվել է ոչ թավշյա իրադարձություն՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի` ձեռքերը վեր կոչերին, Մարալիկում ոմանք ձեռքերը ցած են իջեցրել ու` տուր թե կտաս ԱդեկվաԴ-ին։

Եթե նման դեպք արձանագրվեր թավշյա հեղափոխության պաշտպանների հետ, ապա Հայաաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին աջ ու ձախ բղավողները կշտապեին զեկույցներ կազմել, ասուլիսներ հրավիրել և բարձրագոչ արտահայտություներով դատափետել ու անարգանքի սյունին գամել հարձակվողներին՝ ապահովելով «գործի իմիտացիա՝ գրանտի դիմաց» հայտնի թեզը, բայց, քանի որ հարձակվել են թավշյա գաղափարները քննդատողների վրա, ապա դա կարելի է անտեսել:

Խոշոր հաշվով, կատարվածը ցույց է տալիս, որ սահմանափակվել է խոսքի ազատությունը, լրագրողական աշխատանքը և խախտվել սահմանադրական կարգը:
Տեղի ունեցած հարձակումն ու դրա նկատմամբ իշխանությանը սպասարող ԶԼՄ-ների անտարբերությունը փաստում է, որ երկիրը ևս մեկ քայլով գնում է դեպի բռնապետական դիկտատուրայի հաստատում՝ թավշյա կարգախոսի ներքո:

Մարալիկի՝ պատվերով հարձակումը վերահաստատում է վերջին շրջանում թևածող այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանի խոստումներից ոչ մեկն այդպես էլ իրականություն չի դառնում:

Լավ ներդրումներն ու տնտեսության զարգացումը կարող եք կապել արտաքին ու ներքին շատ գործոններով, իսկ ձեռք բերած ժողովրդավարության փշրանքները ցրիվ տա՞լն ինչով եք բացատրելու, ա՛յ նիկոլփաշինյանամոլներ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ասել են, որ անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։

«Միջադեպի բոլոր հանգամանքներն այս պահին գտնվում են ուսումնասիրության փուլում՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով»,-հավելել են Պաշտպանի գրասենյակից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: