Հայերեն   English   Русский  

«Ավրորա» նախաձեռնությունն ազդարարում է 30,000 ԱՄՆ դոլարի նոր գիտահետազոտական կրթաթոշակների հայտերի ընդունման փուլի մեկնարկը


  
դիտումներ: 1358

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ազդարարում է նոր գիտահետազոտական կրթաթոշակների հայտերի ընդունման փուլի մեկնարկը։

Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն (գիտահետազոտական դրամաշնորհներ) օժանդակելու է սկսնակ գիտնականներին և հետազոտողներին՝ հատկապես պատմության և հասարակագիտության ոլորտի, որոնք փորձում են հետազոտել Հայաստանի XX դարի պատմության չուսումնասիրված դրվագները։ Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:

Հնգամյա կրթաթոշակային նախագծի առաջին փուլում հատուկ ուշադրության են արժանանալու 35 տարին չբոլորած հայաստանաբնակ հայագետ գիտնականներն և հետազոտողները։ Երկրորդ և երրորդ փուլերում այն ընդլայնվելու է՝ ընդգրկելով գիտնական-հետազոտողների ամբողջ հայկական սփյուռքից և դրանից դուրս։ Տարեկան տրամադրվելու է երկու կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը 30,000 ԱՄՆ դոլար։

«Համալսարաններն ու գիտնականները կարևոր դեր ունեն ողջ մարդկությանն առնչվող հարցադրումների ձևակերպման և դրանց պատասխանների որոնման գործում։ Վարդան Գրեգորյանի կրթաթոշակն աջակցում է պրպտող և հետազոտող մտքին, որի մարմնավորումն ինքը Վարդան Գրեգորյանն է։ Հպարտ ենք, որ այս կրթաթոշակը կընդլայնի Հայաստանի վերաբերյալ գիտելիքի ծավալը՝ արժևորելով ներդրումները հայագիտության մեջ»,– ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և հավելել. «Այս հայտարարությունը մենք անում ենք այսօր՝ Սուրբ Թարգմանչաց տոնին, հիմնարար և միջմշակութային փոխանակման միևնույն ոգով, որով V դարի մեր Թարգմանիչներն իրենց ներդրումն ունեցան հայկական քաղաքակրթական միջավայրում։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը պատվում է նրան և այս ավանդույթը»։

Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի և միջազգային գիտական կենտրոնների միջև կապերը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և հայագիտության ոլորտի մասնագետների աջակցությամբ՝ Scholae Mundi կրթական հարթակը որոշիչ դեր կունենա նախագծի իրականացման գործում։

Այս նախագիծն ստեղծվել է հայագիտության ոլորտի մասնագետների խորհրդատվությամբ՝ խթանելու գիտահետազոտական գործունեությունը Հայաստանում և հայկական թեմատիկայի ուսումնասիրությունը միջազգային ասպարեզում։ Ի թիվս այլոց, նախաձեռնության կողմից հարցի քննարկմանը մասնակցել են փորձագետներ՝ Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս և գիտաշխատող Հրաչ Չիլինգիրյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը և Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը։

Յուրաքանչյուր հայտ քննվելու է հինգ հոգուց բաղկացած միջազգային Ընտրող խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկված են հետևյալ ականավոր գիտնականները.

Ռոնալդ Գ. Սյունի, Վիլյամ Սյուելի անվան պատմության և քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր (Միչիգանի համալսարան), քաղաքագիտության և պատմության պատվավոր պրոֆեսոր (Չիկագոյի համալսարան),

Ջորջ Բուռնության, պատմագիտության ավագ պրոֆեսոր, Այոնա քոլեջ,

Հրաչ Չիլինգիրյան, Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս և գիտաշխատող,

Լևոն Չուգասզյան, Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ,

Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն։

Ողջունելով հայտերի ընդունման փուլի մեկնարկը՝ Ռոնալդ Սյունին շեշտել է. «Կարիերայի մեկնակետում գտնվող խոստումնալից գիտնականին աջակցող փոքրիկ ներդրումը վերադառնում է բազմապատկված, քանի որ այդ հետազոտողը ժամանակի ընթացքում շարունակում է իր ներդրումը բերել աշխարհի վերաբերյալ ընդհանուր գիտելիքի գանձարանին։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն առատ պտուղ կտա առաջին սերմերը տնկելուց տասնամյակներ անց»։

Հայտերի ընդունման գործընթացը տեղի կունենա առցանց և կտևի մինչև 2018թ. դեկտեմբերի 1-ը։ Բոլոր դիմորդներից պահանջվում են հետևյալ փաստաթղթերը՝

Հետազոտական հայտ/առաջարկ՝ անգլերենով (առավելագույնը 2,000 բառ, կրկնակի տողարանքով, 12pt տառաչափով)

Ինքնակենսագրություն (CV)՝ հրատարակությունների ցանկով հանդերձ

Ուղեկցող նամակ

Նվազագույնը մեկ երաշխավորագիր՝ տրված գիտնականի կողմից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: