Մարդկանց գարեջո՛ւրը չի կործանում
Գիտնականները բացահայտել են գարեջրի օգտակար հատկությունները
Խոսքը քսանտոգումոլ քիմիական միացության և իզո-ալֆա դառը թթուների մասին է, որոնք առկա են գայլուկի մեջ:
Փորձագետների խումբը՝ պրոֆեսոր Կլաուս Հելլերբրանդի ղեկավարությամբ, պարզել է, որ քսանտոգումոլն ունակ է կանխելու լյարդի ճարպակալումը, որ տեղի է ունենում ավելորդ քաշի և ոչ ճիշտ սնվելու հետևանքով, ինչպես նաև կարող է խոչընդոտել այդ օրգանի վրա հյուսվածքների սպիների առաջացումը: Բացի այդ, ինչպես պարզել են գիտնականները, այդ նյութը կարող է ոչնչացնել քաղցկեղային բջիջները և դիմադրել մարդու քաշի ավելացմանը:
Ինչ վերաբերում է իզո-ալֆա դառը թթուներին, ապա դրանք էլ, որոնոք պարունակում է գարեջուրը, կարող են դիմադրել լյարդի ախտահարմանը, դրանք նաև դրական են ազդում գլյուկոզայի փոխանակության և ճարպերի մետաբոլիզմի վրա:
Թե ինչ չափով այդ նյութերը կարող են օգտագործվել ճարպակալման, դիաբետի և քաղցկեղի դեմ պայքարում, ցույց կտան հետագա հետազոտությունները:
Սակայն գիտնականները եզրակացրել են, որ մարդու առողջության վրա դրական ազդեցություն կարող է թողնել միայն ոչ ալկոհոլային գարեջուրը, ինչպես նաև ուրիշ մթերքներ, որոնք գայլուկ են պարունակում:
Քսանտոգումոլն այն բուսական պոլիֆենոլներին՝ հոտավետ միացություններին է պատկանում, որոնք ապահովում են բույսի գույնն ու համը: Այդ նյութը միայն գայլուկն է պարունակում և պատասխանատու է պտուղների դեղին գույնի համար:
Գայլուկի մյուս բաղադրիչը դառը թթուներն են, որոնք գարեջրին նրա յուրահատուկ համն են տալիս: Դրանց բաղադրամասն են ալֆա թթուները, որոնք վերածվում են իզո-ալֆա թթուների գարեջրի խմորման ժամանակ:
Ավելի վաղ իտալացի գիտանականներն էլ եզրակացրել էին, որ օրական մեկ պինտա (մոտ կես լիտր) գարեջուրը հակաօքսիդանտներ, ֆոսֆոր, յոդ, մագնիում և կալիում պարունակելու շնորհիվ բարենպաստ է ազդում սրտի աշխատանքի վրա: