Հայերեն   English   Русский  

​26 տարվա անորոշության ու անտարբերության ճամփաբաժանում


  
դիտումներ: 4169

Սեպտեբերի 4-ին լրացավ Էջմիածնի ՀՅԴ ջոկատի հիմնադիր-հրամանատար, հանրությանն առավել հայտնի գեներալ Հայկ (Հայրապետ) Աբրահամյանի մահվան մեկ տարին,

որը թեև պայքարի մեջ մտավ կապիտանի կոչումով, տարիներ անց աստիճանազրկվեց: Պատերազմից հետո ապրեց 25 տարի, բայց Աստված դա ապրել համարի։ Ո՞ր մեղքի համար, որտեղ էր թաքնված այդ ընտանիքին բաժին հասած անարդարության շան գլուխը: Ընտանիքի համար այդպես էլ առեղծված մնաց:

Ամեն ինչ սկսվեց 1992-ի հուլիսյան մի օր, երբ գիշերով վիրավոր Հայկին Արցախից տուն բերեցին ու գողեգող բակում թողեցին: Հետո շրջանառվեց Հադրութի Ցոր-Սարուշեն ուղղությունում մարտական երկու ընկերոջը կորցնելու հանգամանքը: Իհարկե ցավ կապրեր, բայց որ դրանից հոգեկան հիվանդ կդառնար, քիչ հավանական է, որքան էլ մարտական ընկերները պնդեն, թե անչափ ծանր տարավ նրանց կորուստը: Ցավոք, այդ տարիները լի էին նման փաստերով: Լենինավան-Կարմիրավանի մսաղացը ձեզ օրինակ, երբ մեկ օրում այդ ուղղությունում 71 զինվոր անհետ կորավ: Եթե հիշողությունս չի դավաճանում, որևէ հրամանատար հոգեկան հիվանդ չդարձավ: «Եթե Հայկը նրանց հետ լիներ,ապա Ցորում դիրք չէին բռնի, որովհետև այն երեք կողմից շրջապատված էր»,- հավատացնում է երեք պոստ պահող խմբապետ Սպարտակը: Իսկ առանց Հայկի իրենք Հադրութի հրամանատարությանը չէին կարող ընդդիմանալ: Մի տարի անց միայն գտան երկուսի խոշտանգված դիերը:

Ո՞վ էր 1960 թ.Դաշտային Ղարաբաղի Վարդաշեն քաղաքում ծնված Հայկը: Եվ ինչո՞ւ գերազանց առաջադիմությամբ միջնակարգն ավարտած պատանին նախընտրեց զինվորականի մասնագիտությունը և 1977-ին ընդունվեց Լվովի ռազմա-քաղաքական բարձրագույն ուսումնարանը: Գիտեր, որ զինվորականի մասնագիտությամբ տան տեր կդառնար ու կթեթևացներ իր խնամակալ հորեղբոր հոգսը: Այն ավարտեց 1981-ին և որպես գումարտակի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ ուղարկվեց Ուլան-Ուդե: Մեկնեց կնոջ` Վարդուհի Սարգսյանի հետ: Հետո Պրիմորսկ:

«Վարդաշենը հայաբնակ գեղեցիկ քաղաք էր` 30-35 հայկական գյուղերով, հարևան Շաքիին,Նուխիին Վրաստանի սահմանին, իսկ Կիրովաբադը հեռու էր 20-25 կմ»,- ասում է համերկրացի մարտական ընկեր Սուրեն Կարայանը:

Տարիներն անցան, Հայկի զինվորական փորձն ու հմտությունն էլ քառապատկվեց, իսկ երբ հայրենի Վարդաշենը հայաթափվեց, սկսված շարժումն էլ պատերազմահոտ դարձավ,1989-ին կամավոր հրաժարվեց ոչ միայն ծառայությունից, այլև տուն ունենալու մտքից ու արյան կանչով հայրենիք վերադարձավ: Սկզբում զենք-զինամթերք էր հայթայթում ռուսաստանյան քաղաքներից ու Շահումյան տեղափոխում` այդ գործում ընդգկելով նաև կնոջը, որը ՀՕՖ-անդամ էր, որպեսզի կասկածի տեղիք չտա: Շատ մտերմ էր Շահեն Մեղրյանի, հանգուցյալ Իգոր Մուրադյանի հետ, որը ժամանակին բուժման հարցում իրեն շատ է օգնել:

Մասնակցել է ինչպես ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը, այնպես էլ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, Հասանաբադի, Ումուդլուի մարտական գործողություններին, Շուշիի ազատագրմանը: Երկու խմբով ազատագրեցին ու պահեցին Մեծ Քիրսի դժվարին բարձունքը` փակելով թուրքի կրակակետ ԴՕՏ-ի երախը, որպեսզի Ֆիզուլիից օգնություն չհասնի: Ու չհասավ, բայց, ասես բախտորոշ եղավ, որովհետև շրջանառվեց նրան ԼՂ պաշտպանության նախարար նշանակելու հարցը: Բայց կարճ ժամանակ անց եղավ այն, որի դառը պտուղները նվիրյալ զինվորականը ճաշակեց 26 տարի:

Այստեղ տեղին է հիշել թիկունքում աշխատող Շուշան Շուշանյանի խոսքը. «1992 թ. հունիսի 14-ին 41 մարտիկի հավուր պատշաճի Արցախ ճանապարհեցինք, իսկ երկու օր անց երկրորդ ջոկատը տեղ հասավ: Հայկն առաջին խմբում էր» : Փաստորեն Հայկի աննահանջ լավատեսությունն ի վնաս իրեն աշխատեց, քանզի կարճ ժամանակ անց նրան արդեն տուն բերեցին... Ով բերեց, ինչու այս վիճակում, ըստ տիկնոջ, Հայկը ոչինչ չէր հիշում, որից էլ սկսվում է նրա տառապանքի ուղին սկզբում Ավանի, այնուհետև Նորքի հոգեբուժարանում:

Թալինի դաշնակցական ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը Հայկին պաշտպանության նախարար նշանակելու առաջարկը պայմանավորեց Հայկի ռազմարվեստի հմուտ գիտակ լինելով: «Ասում էր այն, ինչ պիտի կատարվեր: Ոչ միայն պրոֆեսիոնալ, քաջ մարդ էր, այլև նրա պահվածքն էր գեներալավայել»:

Սարգիսը Հայկի հետ ծանոթացել է 1990-ի աշնանը Շահումյանում: Երբ բանակատեղի կառուցելու խնդիր դրվեց, կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ Հայկի վրա դրվեցին: Խրամատներ էին փորում, բլինդաժներ պատրաստում: «Եղնիկները» Շահումյանի անկումից հետո պիտի ձևավորվեր: Հետո`1992-ին, Մարտակերտի Կիչան, Սրխավենդ Մանիքլու ուղղություններում: «Հայկը նաև Շուշվա գումարտակի ռազմական խորհրդատուն էր, իր խոսքն այնպես էր տեղ հասցնում, որ մեկ ուրիշը նույնը բղավելով կամ հրաման տալով ի կատար չէր ածի»: Նա էլ անտեղյակ էր Հայկին կապիտանի կոչումից զրկելուց, բայց ի տաբերություն մյուսների նա դա հնարավոր համարեց, որովհետև գիտեր, որ Վազգեն Սարգսյանի և Հայկի ջրերը մի առվով չէին գնում: Մի փոքր առաջ էլ գնաց. «Մանվելին գեներալի կոչում տվեցին, որպեսզի իրենց ասածներն աներ, իսկ Հայկին զրկեցին»:

Դժվար չէր կռահել, որ Սարգիսի ատամի տակ շատ ասելիք կա, ուղղակի չի ուզում անցած-գնացած պատմությունը շատ փորփրել, որ շատ կեղտ ջրի երես դուրս չբերի: Բայց կամաց-կամաց բորբոքվեց ու սիրտը մի լավ թեթևացրեց: Մարդիկ կռվեցին, զոհվեցին, իսկ արդյունքն անարդարությունը եղավ, որի կատարողները կա՛մ ազգային հերոսներ դարձան, կա՛մ գեներալներ: Մինչդեռ Հայկի նման մարդիկ ոչ միայն անտեսվեցին, վիրավորվեցին, այլև թիկունքից խփվեցին: Եթե ժամանակին մարդիկ հասկանային, թե ով էր Տեր-Պետրոսյանը, այսօր շատ հարցեր չէին առաջանա: Ասելիքն օրինակով է հաստատում. «1994 թ. գարնանը, երբ առաջ էինք գնում, թուրքերն ուղղակի փախչում էին: Արցախում էլ առաջ գնալու խնդիրն էր դրված, ավելի ճիշտ՝ նույն մտածողությունն էր` ամեն ինչ անել, որ Քուռը սահման մնա: Ու կմնար, եթե մենք վերահսկեինք, վնասազերծեինք կամուրջները: Քուռ տեխնիկա չէր մտնի, որովհետև այն վարար գետ էր: Ուստի մենք անարգել կվերցնեինք Նախիջևանը, եթե չլիներ Տեր-Պետրոսյանի չարաբաստիկ հրամանը»: Տղաներն արդեն Ժդանովում էին ու անարգել առաջանում էին, երբ հատուկենտ կրակոցների տակ նրանց հասավ նաև վերադարձի հրամանը: «Այլապես նպատակակետին կհասնեինք»,- ցավով նշում է Սարգիսը` հիշեցնելով, որ նման պահերին Տեր-Պետրոսյանը միշտ Ադրբեջանի կողմն էր կանգնում, որովհետև վախենում էր միջազգային կառույցների կարծիքներից: Բայց նույն կառույցները բերանները ջուր առան, երբ ստահակները հողին հավասարեցրին մեր խաչքարերը:

Եթե մարդն իր ազգը չսիրի, պատերազմի դաշտում երբեք քաջագործության չի գնա: Ուրեմն ի՞նչ կատարվեց մեզանում, երբ պատերազմում հաղթեցինք, իսկ Հայաստանն օր օրի դատարկվում, թալանվում էր, անարդարություն, մարդասպանություն էր կատարվում: Մի՞թե դրան էինք արժանի:

Մարտադաշտում Հայկին մտատանջող ցավը հիմա էլ 4 անգամ վիրավոր Սարգսին է պատել, որովհետև կարծում է, որ շատ բան չի փոխվել: «Երբ Հայկն ընկերների կողքին էր, նրանք իրենց անվախ ու ապահով էին զգում: Մարտական ընկերները նրա հետ մեռնելու կգնային, բայց ուրիշի հետ հարսանիք էլ չէին գնա, որովհետև գիտեին, որ իրենց ճիշտ ճանապարհ ցույց տվող կա, այլ ոչ հրամայող: Ոչնչից չվախեցող մարդ: Հայկն այդպիսին էր, իսկ նման մարդիկ միշտ շատ թշնամիներ են ունենում»,- ասում է նա ու մի տրամաբանական միտք հուշում:- Դավաճանը հայրենասերի թշնամին է, վախկոտը` քաջի, խարդախը`ազնիվի»:

Յուրաքանչյուր ազատամարտիկ`զոհված թե վիրավոր, իր օրն ունի: Օրն այդ վավերացվում է պաշտոնական տեղեկանքով: Սակայն որքան էլ տարօրինակ թվա, Հայկի վիրավորվելու ո՛չ օրը, ո՛չ էլ վայրն էր հայտնի:

Ավելին իմանալու համար հանդիպեցի էջմիածնի մարտական ընկերներին: Նրանք էլ հստակ մի բան չնշեցին: Փոխարենը բոլորը միաբերան առանձնացրին Հայկի պրոֆեսոնալիզմը, հայրենասիրությունը, կազմակերպչական ջիղը, մեծ մասշտաբի հարցեր լուծելու կարողությունն ու քչախոսությունը: «Ազատամարտ» թերթի թղթակից Մնացական Պետրոսյանն առավել կարևորեց Հայկի հեռատեսությունը: Նա մարդկանց ընտրելիս երկար էր ուսումնասիրում, ճիշտ բնութագրում իր բերած տղաներին, բայց երբ հավատում էր, նվիրում էր ամբողջությամբ: Անչափ զգույշ էր հատկապես զենք, զինամթերք բերողների նկատմամբ: «Նրա համար մանրուք չկար, ամեն ինչ պիտի ճշմարիտ լիներ»: Հիրավի հակիրճ, բայց լրագրողի դիպուկ ասված խոսք:

«Այնքան գործ արեց, որ խոսելը մոռացավ»,- մեջբերեց Այգեկի դպրոցի զինղեկ Սպարտակ Անդրեասյանը` այդպես էլ չմտաբերելով, թե դա ում միտքն էր, Ռուբեն Տեր-Մինասյանի՞, թե՞ Ռոստոմի: 1990-ի աշնանը Գյուլիստանում են նրանք ծանոթացել: Թեև ընտանիքապաշտ մարդ էր Հայկը, բայց նրա համար առաջնայինը Արցախն էր, որի համար ինչ պետք էր, անմիջապես գտնում էր, մինչդեռ ընտանիքը, ըստ Սպարտակի, իրենց ընտանիքներից ավելի վատ էր ապրում: «Անթերի զինվորականը ոչ միայն գերազանց տիրապետում էր բոլոր զինատեսակներին, այլև դրանց տեխնիկական բնութագրերին, սովետական մարտական տակտիկային, լավ քարտեզ կարդալ գիտեր»,- ասում է խմբապետ-զինղեկը, որ իր սաներին այսօր արդեն փոխանցում է հրամանատարից ստացած դասերը:

Մի բան էլ հիշեց: Երբ Գյուլիստանի կածաններից մեկով ջոկատը հերթական հանձնարարության էր գնում, Հայկը փայտը ջարդում, խաչի տեսքով գետնին է դնում: Չիմացողին գուցե պարապ վախտի խաղ թվար, բայց երբ գործն ավարտում է, նոր միայն ասում է. «Եթե վերադարձին այդ խաչերը քանդված լինեն, ուրեմն մեզ ծուղակ է սպասում»:

ՀՅԴ էջմիածնի կոմիտեում հավաքված Հայկի ընկերները շատ բան գիտեին նրա մարտական ուղուց, բայց որ նրան կապիտանի կոչումից զրկելու, ԼՂ պաշտպանության նախարար նշանակելու, վիրավորվել-չվիրավորվելու հանգամանքից անտեղյակ էին, անչափ տարօրինակ թվաց:

Հայկ-1

«Հայկը Էջմիածնի տանկային զորամասում առավոտյան տողանի ժամանակ, երբ բոլորը շարքում էին, հարցնում է՝ իսկ ո՞ւր է Սեյրան Սարոյանը, ինչո՞ւ շարքում չէ: Դա է նրան կոչումից զրկեու հիմնական պատճառը,- ասաց Դաշնակցության անդամ Կորյուն Սարգսյանն ու հավելեց:- Նրանք չէին սիրում օրենք, կարգ ու կանոն, իսկ Հայկն այդպիսին էր»:

Տարօրինակ է, որ այդ մասին զինգրքույկում որևէ գրառում չկա: Արմավիրի զինկոմի արխիվում էլ որևէ փաստ չգտնվեց, իսկ ահա ՀՀ ՊՆ Կենտրոնական արխիվի փաստերը խոսուն էին: Թիվ 1961 հրամանից հայտնի դարձավ, որ 1996 թ. մայիսի 20-ին 10 տարի զինված ուժերում աշխատած Հայկի կապիտանի կոչումը վերականգնվել է ու նա նշանակվել է N զորամասի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալ սպառազինության գծով: Սակայն այդ հրամանը կարճ` 11 ամսվա կյանք է ունեցել: Պաշտպանության նախարար, ՀՀ ՊՆ Կենտրոնական արխիվի պետի քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասակի խորհրդական Վազգեն Սարգսյանի`22.04.1997թ. թիվ 1029 հրամանի համաձայն՝ կրկին աստիճանազրկվել է` մնալով որպես լեյտենանտ: Այո, առանց պատճառի նրան զրկեցին կոչումից` չգիտակցելով, որ պահեստազորի կապիտանին կոչումից զրկելու իրավունք նախ չունեն, այդ կոչումն իրենք չէին տվել, որ զրկում էին: Այլ ենթադրությունները թողնեմ ընթերցողին:

Ձեռքիս տակ եղած բժշկական փաստաթղթերից դժվար չէ հասկանալ, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, կծիկն ավելի է խճճվում: Եթե ըստ մարտական ուղու՝ Հայկը վիրավորվել է 1992 թ. օգոստոսին Մարտակերտի շրջանի Սրխավենդի պաշտպանության ժամանակ, ստացել կոնտուզիա ու դարձել 2-րդ խմբի հաշմանդամ, ապա ըստ «Նորք» բ/կ-ի թիվ 190 հիվանդության պատմության՝ վիրավորվել է Շուշի-Լաչին ազատագրման մարտերում, գրադի պայթյունից 50 մետր նետվել է, ստացել գլխի հարված, հետագայում ականատես եղել ընկերների զոհվելուն, դարձել անտրամադիր, նրան հագնիստ չեն տվել իրեն թունավորելու մասին թափառող մտքերը:

Այնպես չէ, որ այդ ամենն արվել է թոշակավորվելու համար: Հաստատ ոչ, որովհետև ընտանիքն ավելի ուշ` 1998-ին է թոշակի անցնելու դիմում ներկայացրել`հավատացած լինելով, որ ի վերջո կբուժվի և զինուժ կվերադառնա:

«Նորք»-ում բուժվել է հետտրավմատիկ էնցիֆալոպաթիա, դեպրեսիվ պարանոիդ ախտորոշումով: Միշտ հսկողության տակ է եղել, կանոնավոր ստացել «Sol Moditen depo»1,0 մ/լ դեղահաբ: Ուզում ես հավատալ, որ բժիշկները դեպքերի, իրադարձությունների, ամիսների կտվածքով հավանաբար սխալվել են, բայց ինչպե՞ս հասկանալ, որ բացակայում է ամենակարևորը`վիրավորվելու մասին տեղեկանքը: Ինչպես հետագայում պարզվեց, տեղեկանք չկա, որովհետև, ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հարցերով զբաղվող պատասխանատու պրն Մխիթարյանի՝ Հայկը չի վիրավորվել և այդ մասին վկայող փաստաթուղթ իրենց արխիվում չկա: Ամեն ինչ ասես իր տեղն ընկավ: Բայց այդ դեպքում էլի մի բայց է մնում օդում կախված. ինչո՞ւ նման վախճան ունեցավ... Մի՞թե իրական էին Հայկին հետապնդող իրեն թունավորելու մասին մտքերը...

Սա, ինչպես ասում են, մեդալի մի կողմն է միայն, իսկ մյուս կողմում 8 տարի Բրյուսելում բուժվելու և կյանք վերադառնալու, օրերից մի օր արդարությունն արևերես հանելու սպասումն էր: Ընտանիքն ուրախ էր, որ հայրն աստիճանաբար ոտքի է կանգնում: Ու շուտով կպարզվեր, թե որտեղ է թաքնված շան գլուխը, եթե չարաբաստիկ ինֆարկտը իրադարձություններից առաջ չընկներ: Պատվախնդիր որդին մեծ դժվարությամբ հոր դին հայրենիք բերեց: Թաղվեց Զվարթնոցի պանթեոնում: Ով իմանա, թե հայոց բազմաչարչար այդ հողը որքան սուտ ու կեղծիք է պարտակել:

Ամիսներ առաջ, երբ վարչապետ Փաշինյանը Բրյուսել այցելեց, տիկին Վարդուհին նրան մի նամակ հանձնեց` խնդրելով գոնե վերականգնել ամուսնու կապիտանի կոչումը... Սակայն մինչ օրս պատասխան չկա:

Ամալի ԷԴՈՒՆՑ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: