Հայերեն   English   Русский  

Զգոնության հրավեր Մելգոնյան կրթական հաստատության հարցով. Գ. զրույց


  
դիտումներ: 4640

Մեր սույն զրույցով նոր սերնդի և հայրենի պետության ուշադրությանն ենք հանձնում ՀԲԸՄ Մելգոնյան կրթական հաստատության (այսուհետև՝ ՄԿՀ) շրջանավարտներից առավել աչքառու դեմքերից ոմանց ակնառու դերը ընդհանրապես հայ կրթության ասպարեզում։

ՄԿՀ-ի հիմնադիր բարերար եղբայրների հոգիները շուրջ 60 տարի խայտացին ի տես այն հայակերտիչ դերին, որ ՄԿՀ-ը ունեցավ սփյուռքի թե հայրենիքի մեջ։ Սփյուռքի տարածքում ՄԿՀ-ը արժանի տեղ ունի այնպիսի վարժարանների և ուսումնական կենտրոնների կողքին, ինչպիսիք են Մխիթարյան վարժարանները (Վենետիկ, Վիեննա), Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանքը (Լիբանան), Երուսաղեմի Ժառանգավորաց ճեմարանը, Համազգային Ճեմարանը (Բեյրութ), Քարեն Եփփեն (Հալեպ), Հյուսիսյան հայագիտական կենտրոնը (Բեյրութ), Հայկազյան քոլեջը ապա համալսարանը (Բեյրութ), Կենտրոնական վարժարանը (Պոլիս), Էսսայյան վարժարանը (Պոլիս) և այլ հաստատություններ։

Ամփոփ կեպով անդրադառնամ ՄԿՀ-ի շրջանավարտ մի շարք երախտավորների, որոնց ջանքերի և նվիրվածության շնորհիվ սփյուռքն օժտվեց կարող մանկավարժներով։

Սկսեմ իմ կրթության ու դաստիարակության վրա դրական դեր ունեցած ուսուցիչներից՝ նախակրթարանից մինչև Երևանի պետական համալսարան։ Պրն. Կարապետ Կյուրեղյան(անգլերեն և դաստիարակ), Պողոս Մատուռյան (հայերեն և դաստիարակ), Համբարձում Գումրույան (հայերեն), Զարեհ Մելքոնյան (հայերեն), Վարուժան Պետիկյան (տոմարակալություն, մեքենագրություն և դաստիարակ), Հրաչ Մանուկյան (մարմնամարզանք), Նիկողայոս Թահմիզյան (Երևան, հայ հոգևոր երաժշտության պատմություն)։ Վստահեցնում եմ՝ իմ կրթության ու դաստիարակության մեջ շատ թերիներ կլինեին առանց վերոհիշյալ երախտավոր մելգոնյանցիների։

Պրն. Երվանդ Ակիշյան (շրջ. 1947-1948.- ՄԿՀ-ը ավարտելուց հետո պաշտոնավարել է հաստատությունում, ապա 1956-1969 թթ. ստանձնել Հալեպի Գալուստ Կյուլպենկյան-Լազար Նաճարյան վարժարանի տնօրինությունը։ Բեյրութ փոխադրվելուց հետո ՀԲԸՄ Երվանդ Տեմիրճյան վարժարանի տնօրեն է նշանակվել։ ԱՄՆ հաստատվելուց հետո շարունակել է իր մանկավարժական գործունեությունը։ ՀԲԸՄ-ի Կալիֆոռնիայի Մանուկյան-Տեմիրճյան վարժարանի հիմնադիրներից է, Թեքեյան մշակութային միության Արշակ Տիգրանյան և ՀԲԸՄ-ի Մանուկյան-Տեմիրճյան վարժարանների կրթական հանձնախմբի անդամ է։ Պաշտոնավարում է Կալիֆոռնիայի Նորթրիջի համալսարանում որպես ուսանողական խորհրդական (CSUN)։

Պրն. Զարեհ Մելքոնյան (շրջ. 1945-1946)- Նախ հայոց լեզվի, գրականության և գրական գիտելիքների ուսուցիչ ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան և Դարուհի Հակոբյան վարժարաններում (Բեյրութ), ապա վերջինիս տնօրեն։ Մեր վարժարանում գրական-քննադատության և համաշարհային գրականության մասին մեր գիտելիքների համար հատկապես պարտական ենք քերականագետ և ինքնատիպ բանաստեղծ Զարեհ Մելքոնյանին։ Նա 1960-ականների վերջին հրավիրվեց Դիթրոյթ ՀԲԸՄ-ի նախագահ Ալեք Մանուկյանի կողմից որպես Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի գործադիր-տնօրեն. դասավանդել է Միչիգանի (Տիրպորն) համալսարանում։

Պրոֆ. Հերմինե Մահսերեճյան- (հաճախել է 1949-1952), անվարձահատույց դասավանդել է հայոց լեզու Կալիֆոռնիայի Նորթրիջի համալսարանում (CSUN)։ Հետագայում նրա ջանքերի շնորհիվ հայերենը դարձավ օտար լեզուների և գրականության բաժնի ճյուղերից մեկը (այստեղ տողերիս հեղինակը նույնպես որոշ ժամանակ դասավանդեց հայոց լեզու և գրականություն)։ Լոս Անջելեսի Ararat Charter School-ի հիմնադիրներից մեկն է և 10 տարի ի վեր շարունակում է օգտակար լինել որպես հոգաբարձության փոխատենապետուհի, դարձյալ անվարձահատույց։

Վարդան Թաշճյան - (շրջ. 1957-1958) Նախ ուսուցիչ Նոր բարձրագույն վարժարանում (Բեյրութ), ապա Պաաքլինում (Լեռն. Լիբանան), վերադարձ որպես ուսուցիչ ՄԿՀ և «Նարեկ» ազգ. վարժարանների երկարամյա սիրված տնօրեն, Կիպրոս (1957-2001)։ Վարդան Թաշճյանի տնօրինության օրոք Կիպրոսի միակ հայկական նախակրթարանը (Նիկոսիա, Լառնակա և Լիմասոլ քաղաքներ) անձանագրեց բազում հաջողություններ՝ հայ աշակերտներին պատրաստելով երկրորդական վարժարանների համար՝ ՄԿՀ, American Academi, English School։ Իր պաշտոնակիցների հետ սերտ համագործակցությամբ կարողացավ աշակերտության սրտի ու հոգու մեջ դրոշմել հայկական ոգի և գիտակցություն։ Վարդան Թաշճյանը նաև հայտնի գեղանկարիչ է՝ գնահատված ոչ միայն Կիպրոսում, այլև նրա սահմաններից դուրս։

Հարություն (Արտո) Այվազյան.- (շրջ. 1966-1967) Բեյրութի Ամերիկյան Համալսարանից (AUB) վկայվելուց հետո վերադարձավ իր ծննդավայրը՝ Կիպրոս, ուր մինչև 1990 թ. պաշտոնավարեց ՄԿՀ-ում որպես ուսուցիչ, հերթապահ և գլխավոր հերթապահ, ՄԿՀ տեսուչ, ապա նշանակվեց Կիպրոսի Նարեկ ազգ. վարժարանների տնօրեն։

Վարդգես Գուրույան.- 1965-ի շրջանավարտ, ուսուցիչ ՀԲԸՄ Հովակիմյան Մանուկյան վարժարանում, Քուվեյթի ազգ. վարժարանում, ՄԿՀ ուսուցիչ, դաստիարակ և հերթապահ, Հոլիվուդի Թեքեյան մշակութային միության Արշակ Տիգրանյան վարժարանի երկարամյա տնօրեն (1981-2012)։ Իր շրջանում վարժարանը սկսեց 44 աշակերտով և հասավ 356 աշակերտի։ Վարժարանի շրջանավարտները հաճախեցին ԱՄՆ-ի ամենից վարկավորված համալսարանները և հասան մեծ հաջողությունների։

Վարդգես Նալբանդյան (շրջ. 1966-1967) - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն (համալսարան) ավարտելուց հետո նա վերադարձավ Եթովպիա, ուր իր ճարտարագետի մասնագիտության հետ նվիրվեց հայ գաղութին։ Ավելի քան 40 տարի Վ. Նալբանդյանն իր քույրերի և կնոջ հետ ծառայեց ու շարունակում է ծառայել հայ դպրոցին, եկեղեցուն, ակումբին և փոքրաթիվ հայ համայնքի բոլոր կարիքներին։

Գևորգ Մարաշլյան - (շրջ. 1969-1970) Բուենոս Այրեսի ՀԲԸՄ Մարի Մանուկյան վարժարանի տնօրեն։ Իր օրոք վարժարանի շրջանավարտ դասարանի աշակերտները սովորություն ստեղծեցին ավարտական շրջապտույտ-ուխտագնացություն կազմակերպել դեպի հայրենիք։ Թեքեյան մշակութային միության ղեկավարության պատասխանատու անդամ։

Հայկ Սարգիսյան (շրջ. 1974-1975)- Փարիզի Դպրոցասեր հայկական վարժարանի տնօրեն 2003-ից մինչև այսօր (մասնագիտությամբ երաժիշտ-խմբավար Երևանի Կոմիտասի անվան երաժշտանոցից)։ Իր խնամքին են հանձնված 3 տարեկանից մինչև 14-15 տարեկան հայորդիներ։ Այժմ Դպրոցասեր է հաճախում 260 աշակերտ։

Արմեն Յուրնեշլյան (շրջ. 1985-1986)- Բացառիկ ուսանող, որի մեջ հավասարապես մրցում էին առաջադեմ ուսանողը, ասմունքողը, դերասանը և պրպրտողը։ Երևանի պետհամալսարանի բանասիրության բաժինն ավարտելուց հետո վերադառնում է ծննդավայր՝ Բեյրութ և 1992-ից մինչև 1996 թ. ստանձնում Վահան Թեքեյան վարժարանի տնօրինությունը։ 2015-ից սկսած՝ վարում է ուսուցչական և փոխտնօրեն պաշտոն Բեյրութի Հայ Ավետարանական վարժարանում, ապա 2017-ին նշանակվում է տնօրեն։ Այցելուի կարգավիճակով դասավանդում է Բեյրութի Հայկազյան համալսարանում, իսկ 2001-ից Հայկազյան համալսարանի «Հայագիտական հանդեսի» խմբագրական կազմի անդամ է։

***

Երրորդ զրույցով մենք աշխատեցինք ցույց տալ մեզ հայտնի մի շարք հայկական վարժարանների մելգոնյանցի տնօրենների։ Առանձին ուսումնասիրության և պրպտուքի կարոտ է այս շարքը, որովհետև բազմաթիվ շրջանավարտներ լուսո այս տաճարից անցնող 40-50 տարիներին նվիրվեցին ուսուցչությանը, հայ մամուլին, ազգային-հասարակական միութիններում վարեցին ու շարունակում են վարել պատասխանատու պաշտոններ։ Կարելի է, ավելի հեռու գնալով, ներկայացնել մելգոնյանցի գրողներ, մանկավարժներ, նվիրված ազգայիններ ու դիվանագիտական բնագավառում ծառայած ու ծառայող շրջանավարտներ։ Թող ներվի մեզ բավականանալ մի քանի անունների թվարկումով՝ խոստանալով շարունակել մեր պրպտումները և հրատարակության հանձնել դրանք առաջիկա ամիսներին։

Թորոս Թորանյան (ազգային-հասարակական գործիչ, գրող, լրագրող, հրատարակիչ)

Ստեփան Օգնայյան (հայկ. դպրոցների և Լիբանանի բանակի մարզիչ)

Գևորգ Գազանջյան (ուսուցիչ, դպրոցի տեսուչ, բանաստեղծ)

Սեսիլ (Սիմոնյան) Քէշիշյան (ազգային-հասարակական գործիչ, արենուշապետ)

Անջէլ Ջաբրայյան-Միսիսյան (մանկավարժ, ուսուցիչ)

Նուբար Ակիշյան (գրող)

Նազարեթ Չափատարյան (բանաստեղծ, ուսուցիչ)

Հայկ Նագգաշյան (գրող, ազգային-հասարակական գործիչ)

Շաքե Հոռոմյան (երկարամյա ուսուցիչ)

Նուբար Հակոբյան (ազգային-հասարակական գործիչ, գործարար, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա)

Մարի Սոմաքյան (երկարամյա ուսուցչուհի)

Հերմինե Քէշիշյան (երկարամյա ուսուցիչ և հերթապահ, ՄԿՀ)

Հայրապետ Թորոսյան (երաժշտություն, խմբավար, երկարամյա ուսուցիչ)

Մանվել Քեոսեյան (գրականագետ, քննադատ, ուսուցիչ)

Մարի Փափազյան (երկարամյա ուսուցչուհի ՄԿՀ-ում)

Ազնիվ Փափազյան (երկարամյա ուսուցչուհի ՄԿՀ-ում)

Հակոբ Պոտրումյան (հրապարակագիր, ուսուցիչ)

Հովհաննես (Ջոն) Կեվհերյան (գեղանակարիչ)

Մայք Նահապետ (հրատարակիչ, Armenian International Magazine-ի հիմնադիր)

Ռաֆֆի Ցնծալյան (հրատարակիչ)

Միհրան Էսեկյուլյան (երաժիշտ, երգահան, դասախօս)

Ալբերտ Թյությունջյան (երկարամյա հերթապահ-դաստիարակ, ՄԿՀ)

Ռաֆֆի Պետիկյան (ազգային-հասարակական գործիչ, Գերմանիա)

Հերմինե Սայյան (Հրանդ Դինք հիմնարկի պատասխանատու աշխատակցուհի

Սարգիս Տեմիրճյան (երաժիշտ)

Ահարոն Շըխըրտըմյան (խմբագիր, գրող, հրապարակագիր, ազգ.-հասարակական գործիչ)

Պայծառ (Արապյան) Գալայճյան (խմբագիր, ուսուցչուհի, հրապարակագիր)

Հակոբ Մամիկոնյան (խմբավար, երաժիշտ, Պոլիս)

Մասիս Տեր Բարթող (խմբագիր, հրապարակագիր)

Շիրազ Իսկենդերյան (ճարտարագետ, նվիրյալ կրթական մշակ, Ավստրալիա)

Հարութ Թորոսյան (բեմական արվեստ)

Արտո Արթինյան (գործարար, Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս, Թաիլանդ)

Ավետիս Տիպան (ուսուցիչ)

Մեր թվարկումները բնականաբար թերի են, բայց, ինչպես ասացինք վերը, խոստանում ենք առաջիկայում ամբողջացնել այս ցանկը՝ ամեն ջանք թափելով որ որևէ մեկը չմոռացվի։

Մեր զրուցաշարքի առաջին գլուխը կավարտենք հաջորդ՝ 4-րդ զրույցով, որում պիտի նկարագրենք երեք դրվագ, որոնք կարտացոլացնեն մելգոնյանցու ոգին իր դպրոցի, ազգի, հայրենիքի ու մարդկության հանդեպ։

Մինաս Գոճայան

Հ.Գ. Մեր խնդրանքն է, որ չվարանեք ձեր դիտողությունները, թելադրություններն ու հավելումները հղել մեզ՝ mkojayan@sbcglobal.net։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: