Հայերեն   English   Русский  

​«Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր». ցուցահանդես, որն անպայման արժե դիտել


  
դիտումներ: 4058

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում 2018 թ. հոկտեմբերի 11-ին Մատենադարանում բացվեց «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսը, որի համադրողն է ֆրանսահայ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը:

Գիտնականը Անկախ-ի հետ զրույցում ներկայացրեց ցուցահանդեսի նպատակը, ներկայացված ձեռագրերը, հնատիպ գրքերը Մատենադարանի ֆոնդերից, ինչպես նաև իր անհատական հավաքածուից բերված արխիվային փաստաթղթերը, քարտեզներն ու լուսանկարները, որոնք արտացոլում են դարերի ընթացքում ձևավորված հայ-ֆրանսիական պատմամշակութային հարաբերությունները:

Կլոդ Մութաֆյան

«Հայ-ֆրանսիական առաջին կարևոր շփումները խաչակիրների ժամանակ են եղել, 11-րդ դարում,-ասում է գիտնականը,-իհարկե, դրանից առաջ նույնպես որոշ շփումներ եղել են, բայց քանի որ խաչակիրների ժամանակ հայերը Կիլիկիայում էին, իսկ Կիլիկիան խաչակրության ճանապարհի վրա էր, այդ հարաբերությունները շատ սերտ են եղել»:

Բարդ, հակասական, երբեմն մրցակցային, երբեմն խիստ բարեկամական. այդուհանդերձ հայ-ֆրանսիական հարաբերությունները 11-րդ դարում նշանակալի զարգացում են ստացել, ինչի վկայությունն են նաև բազմաթիվ խառնամուսնությունները: Այդ ամուսնությունները յուրօրինակ կամուրջ էին Մերձավոր Արևելքի պետությունների կառավարող դասերի միջև: Երուսաղեմի առաջին երկու թագուհիները հայ իշխանուհիներ էին: ֆրանկյան պատմագրության մեջ ամենափայլուն միապետներից մեկը համարվող Մելիսենդե թագուհու մայրը նույնպես հայուհի էր:

Հայ-Ֆրանսիական հարաբերությունների փայլուն դրվագ է 1198 թվականին Կիլիկիայի հայոց թագավորության և գրեթե նույն ժամանակահատվածում ստեղծված Կիպրոսի թագավորության միջև սերտ կապը: Կիպրոսը Լուսինյան ֆրանսիական տոհմի թագավորությունն էր: Պատահական չէ, որ Կիլիկյան Հայաստանի վերջին երկու թագավորները Լուսինյան էին՝ Գին և նրա եղբորորդի Լևոն 5-րդը, որի դամբարանը գտնվում է Սեն-Դընի բազիլիկայում, Ֆրանսիայի թագավորների շիրիմների կողքին:

Լևոն 5-րդ

Մութաֆյանը ներկայացնում է ցուցահանդեսի մյուս հետաքրքրաշարժ նմուշները. ահա մի լուսանկար, որտեղ Գրիգոր հայաստանցին քարոզում է Տալարի բնակիչներին: Նրա անունով Տալարում կառուցվել է Սուրբ Գրիգոր եկեղեցին: Եվս երկու հայ քարոզիչների անուններով եկեղեցի է գործում Ֆրանսիայի մեկ այլ շրջանում՝ Պիտիվիեում:

Ուշագրավ է նաև այն, որ 1300-ականներին մի հայ իշխան՝ Հեթում պատմիչը, որը Հեթում թագավորի զարմիկն էր, գիրք է գրել Արևելքի պատմության մասին և այդ գիրքը գրել է ֆրանսերեն: «Նա առաջին հայն է, որ օտար լեզվով գիրք է գրել»,-նշում է գիտնականը:

12-14-րդ դարերում ծնունդ առած սերտ կապերը հետագայում հիմք են հանդիսանում Ֆրանսիայում հայ մշակույթի և պատմության նկատմամբ հետաքրքրության համար: Մոդայիկ են դառնում հայկական տարազը, հայկական պատմական նյութերը վեպերում, թատրոնն ու նկարչությունը:

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ1672 թվականին Պասկալ անունով մի հայ առաջին սրճարանն է բացել Փարիզում, իսկ նրա ծառայողներից մեկը՝ Պրոկոպիոսը, հիմնադրել է հռչակավոր Պրոկորիոս սրճարանը, որը մինչ օրս գոյություն ունի: Ընդհանուր առմամբ, 17-րդ դարում միայն Մարսելում գործում էին 400 հայ վաճառականներ:

1538 թ. Փարիզում տպագրվել է մի գիրք, որտեղ կա հայոց այբուբենը: 17-րդ դարում Անտուան Վիտրեն՝ թագավորի և կղերականության տպագրիչը, Փարիզը դարձնում է հայկական տպագրության 6-րդ վայրն աշխարհում: Այդ գործը շարունակում է Օսկան Երևանցին Մարսելում: Ֆրանսիայում տպագրված առաջին հայերեն գիրքը Հայ-լատիներեն բառարանն է, որը տպագրվել է 1633 թ. Փարիզում:

Ռուստամ Ռազա

Իսկ Նապոլեոնի ժամանակաշրջանում Կայսերական պահակազորում կային մոտ 20 հայազգի մամլուքներ: Ամենահայտնին Ռուտամ Ռազան է, որը ծնվել է Թիֆլիսում: Բազմաթիվ անգամներ վաճառվելով որպես ստրուկ՝ 1789 թ. նա ծառայության է անցել Բոնապարտի մոտ և ծառայել կայսերը մինչև 1814 թ.:

Ուշագրավ են Ֆրանսիայում Հայաստանի քարտեզագրությունը վկայող նմուշները: Կլոդ Մութաֆյանի խոսքով՝ միջնադարից սկսած ֆրանսիացի քարտեզագիրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի և դրա պատմության հանդեպ: Եվ ահա տեսնում ենք 1637 թ. թագավորական քարտեզագիր Նիկոլա Սանսոն դը Աբեվլի կազմած Արևելյան հռոմեական կայսրության քարտեզը, որտեղ առկա է Մեծ Հայքը և բյուզանդական երկու գավառներ՝ Առաջին և Երկրորդ Հայքերը:

Ցուցահանդեսին բավական մեծ նյութ է ներկայացված միջնադարում ֆրանսիացի ճանապարհորդների և արվեստագետների՝ Հայաստան ու Կիլիկիա կատարած ճամփորդություններից: Կան բազմաթիվ արժեքավոր պատմություններ, որոնք հաճախ զարդարված են փորագրանկարներով ու այլ պատկերներով: Պահպանվել են, օրինակ, Պյեռ Տրեմոյի Կիլիկիայի առաջին լուսանկարները: Ցուցահանդեսին ներկայացված են Ախթամարի վանքը, որը պատկերել է Թեոփիլ Դեյռոլը 1869 թ. կամ 17-րդ դարի հին Երևանը և էջմիածինը՝ ճանապարհորդ Ժան Շարդենի աչքերով:

Երևան-Շարդեն

Հայկական մամուլի սկզբնավորումը Ֆրանսիայում տեղի է ունեցել 1855 թ.՝ Փարիզում: Առաջին երկլեզվյա ամսագիրը կոչվում էր «Մասյաց աղավնի»: Այն ղեկավարում էր հայտնի ծովանկարիչ Այվազովսկու եղբայրը՝ Գաբրիել Այվազովսկին: 30 տարի անց հայկական մամուլը հիմնադրվում է նաև Մարսելում՝ Մկրտիչ Փորթուգալյանի կողմից: Այն շաբաթաթերթ էր և կոչվում էր «Արմենիա»:

20-րդ դարասկզբին Փարիզում կառուցվում է առաջին հայկական եկեղեցին: 1920-30-ական թվականներին Փարիզում ստեղծվում են բազմաթիվ մշակութային հաստատություններ, գրադարաններ: Ֆրանսիայում ակտիվորեն զարգանում էին հայագիտությունը, արվեստն ու մշակույթը:

Ցուցահանդեսն ամփոփվում է Շառլ Ազնավուրի լուսանկարով՝ իբրև հայ-ֆրանսիական հարաբերությունների ամենաթարմ ու զգայուն խորհրդանիշ:

Ցուցահանդեսը Մատենադարանում կմնա մեկ տարի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: