Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգվեց


  
դիտումներ: 459

Ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգվել է։

Այսօր՝ հոկտեմբերի 15–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։

Բացի այդ դատարանը մերժել է Գրիգորյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։

NEWS.am–ի հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելով ոչ միայն նրա նկատմամբ խոշտանգում է իրականացվում, այլեւ նրան պահում են պատանդի կարգավիճակով։

Փաստաբանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին հանդես կգան մամուլի ասուլիսով եւ կանդրադառնան Գրիգորյանի անազատության մեջ պահելու դատարանի որոշմանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ նա տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում ծանր աստիճանի շաքարային դիաբետով եւ կյանքին վտանգ սպառնացող մեկ այլ՝ լուրջ հիվանդությամբ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20–ին դատաբժշկական փորձաքննության փորձաքննության ենթարկելու նպատակով Գրիգորյանին տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Խոսքը վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: