Հայերեն   English   Русский  

Պետք է այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում վարչապետի թեկնածու առաջադրվեմ. Փաշինյանը՝ «Ելք»-ին


  
դիտումներ: 314

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, պատգամավորներ Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին եւ Հայկ Կոնջորյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս կարեւոր շրջափուլում ձեզ տեսնելու համար, որպեսզի քննարկենք այն իրավիճակը, որն այսօր ունենք եւ այն նոր փուլը, որը թեւակոխում ենք: Մինչ այդ ուզում եմ ասել, որ շատ բարձր եմ գնահատում այն ճանապարհը, որը միասին անցել ենք: Իհարկե, նաեւ այս անցումային շրջանում մենք պետք է որոշակի համաձայնություններ արձանագրենք, որպեսզի արդյունավետ քայլերով գնանք առաջ եւ հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս ընթացքում նաեւ որոշակի իրավական գործընթացներ ապահովելու համար անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում: Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաեւ այդպիսին, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին եւ ոգուն, իհարկե չընտրվելու կանխավարկածով: Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, եւ իհարկե ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք: Չնայած այս ընթացքում անընդհատ շփման մեջ ենք եղել, նաեւ ճգնաժամի պահին, բայց եւս մեկ անգամ հանդիպել, քննարկելու առիթը շատ հաճելի է, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք հրավերին»:

Իր հերթին, Արամ Սարգսյանն ասել է. «Մենք նույնպես շնորհակալ ենք համատեղ աշխատանքի համար: Ջանասիրությամբ ու գործին նվիրվածությամբ, եռանդով ինչպես աշխատել ենք «Ելք» դաշինքում միասին՝ որպես խմբակցության ղեկավար եւ որպես խմբակցության անդամներ, այնպես էլ շարունակելու ենք աշխատել անկախ նրանից, թե որ քաղաքական թեւը կամ ինչ մոտեցում կներկայացնենք: Այս խնդրում միանշանակ կողմնակից ենք իրավական ճիշտ լուծումների: Իրավաբանների առաջարկած ցանկացած մոտեցում, ինչը ձեռնտու է վարչապետին, մեզ միանշանակ ձեռնտու է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: