Հայերեն   English   Русский  

Թուրք-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն լարված մնալ․ թուրքագետ


  
դիտումներ: 1683

Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը կպահպանվի՞, թե՞ ամերիկացի հոգևորականի ազատ արձակումը կարող է երկու երկրների հարաբերություններում դրական տեղաշարժի ազդակ լինել։ Հարցերի պատասխանը ստանալու համար «Անկախը» զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։

Թուրքագետը նշում է, որ ամերիկացի հոգևորական Բրանսոնի ազատազրկումը Թուրքիայում երկու երկրների հարաբերություններում լարվածության հիմնական պատճառը չէր։ «Այն ընդամենը այսբերգի երևացող գագաթն է, ավելի լուրջ և խորքային հակասություններ կան երկու երկրների միջև՝ պայմանավորված Սիրիայում երկու երկրների վարած քաղաքականությամբ, Թուրքիայի տարածաշրջանային դերակատարմամբ և ԱՄՆ-ի հետ այդ դերակատարումը համաձայնեցնելու հետ»,- ասում է Գեղամյանը՝ շեշտելով, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում կան «մի փունջ խնդիրներ, որոնց լուծումը ավելի շատ ջանքեր է պահանջում, քան հոգևորականի ազատ արձակումն է»։

Գեղամյանը համոզված է՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական զարգացումներ դեռևս չեն սպասվում․ «Կարող եմ վստահաբար ասել, որ հարաբերությունները կշարունակեն լարված մնալ մինչև այն պահը, երբ երկու երկրները ձեռք կբերեն առանցքային համաձայնություն հատկապես սիրիական քաղաքականության առումով»։

Անդրադառնալով հարցին, թե այդ պարագայում ինչ իմաստ ուներ ուռճացնել Բրանսոնի ազատ արձակման թեման և հիմա միայն նրան ազատ արձակել, Գեղամյանը նշում է․ «Ինձ թվում է՝ երբ գործը հասավ նրան, որ հոգևորականի հարցը դարձավ միջպետական խնդիր, արդեն այն ժամանակ ակնհայտ էր, որ վաղ թե ուշ բաց են թողնելու։ Թուրքական կողմի համար խնդիրը հետևյալն էր՝ այնպես անել, որ այդ քայլն ընկալվի ոչ թե որպես ուժեղի դիմաց թույլի զիջում, այլ դիտվի որպես ժեստ ԱՄՆ-ի հանդեպ, որպես մեծահոգության դրսևորում»։

Թուրքագետն ասում է, որ այդ մտայնությամբ էր պայմանավորված նաև Էրդողանի հռետորաբանությունը առ այն, որ պետական միջամտություն չի եղել, թուրքական արդարադատությունն անկախ է և ինքն է որոշում՝ ով է մեղավոր և ով ոչ։ «Դրա համար այդքան ձգձգվեց հոգևորականի ազատ արձակումը։ Թուրքական կողմն ուզում էր իրավիճակից դուրս գալ ոչ թե որպես զիջող, այլ որպես հավասարը հավասարին մակարդակում հանդես եկող պետություն»,- ասում է նա։

Խոսելով թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության հիմնական գործոնների մասին՝ Գեղամյանն ասում է, որ առկա լարվածության հիմնական պատճառները կապված են տարածաշրջանային շահերի հետ․ «Երկու երկրներն ունեն տարբեր պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի Մերձավոր Արևելքը, հատկապես հետպատերազմական Սիրիան ինչ սահմաններ պետք է ունենա, ովքեր և որտեղ պետք է լինեն, ով ում ազդեցության տակ պետք է գտնվի։ Այս հարցերում համաձայնություն չկա, ինչն էլ ազդում է հարաբերությունների մնացած ոլորտների վրա։ Քանի դեռ չկա համաձայնություն առանցքային խնդիրների շուրջ, լարվածություն կնկատվի գրեթե բոլոր ոլորտներում»։

ԱՄՆ-ի և Թուրքիայի տարաձայնությունների պատճառներից են նաև ամերիկյան կողմի աջակցությունը քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությանն ու դրա զինված թևին՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին։

Անհաշտության մեկ այլ պատճառ է Ֆեթուլահ Գյուլենը, որին թուրքական կողմը մեղադրում է 2016-ի զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու համար։ Պաշտոնական Անկարան պահանջում է ԱՄՆ-ում ապաստանած Գյուլենին արտահանձնել թուրքական արդարադատությանը։ Ամերիկյան կողմը հրաժարվում է։ Ավելին, ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ամերիկյան կառավարությունը Գյուլենի դպրոցներին տարեկան 800 մլն դոլար է հատկացնում՝ «Թուրքիայում գաղտնի գործողություններ իրականացնելու համար»։

Առկա խնդիրներին գումարվել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման և ռազմական համագործակցության փորձը։

Հարցին, թե ինչպե՞ս է Թուրքիան համատեղելու Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը և ՆԱՏՕ-ի անդամակցությունը,Գեղամյանը պատասխանում է․ «Չգիտենք, թե Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները որքան կխորանան։ Բայց Թուրքիան պատրաստ չէ և ոչ էլ ցանկություն ունի հրաժարվելու ՆԱՏՕ-ի անդամակցությունից, ՆԱՏՕ-ն էլ շահագրգռված չէ հրաժարվել Թուրքիայի նման անդամ ունենալուց։ Կարծում եմ, որ ի դեմս Թուրքիայի ներկայիս արտաքին քաղաքականության, տեսնում ենք մանևրելու փորձ խոշոր դերակատարների միջև, և այդ փորձը դեռևս հաջող է ընթանում՝ առանց մեծ կորուստների թուրքական կողմի համար»։

Հիշեցնենք, որ հոգևորական Էնդրյու Բրանսոնը, որի կալանավորումը երկու երկրների միջև դիվանագիտական ու տնտեսական հակամարտության առիթ էր դարձել, մեղադրվում էր Ֆեթուլահ Գյուլենի հետ համագործակցության մեջ։ Թուրքական դատարանը Բրանսոնին մեղավոր է ճանաչել, դատապարտել երեք տարվա ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրա արդեն երկու տարի ազատազրկված լինելու հանգամանքը և ցուցաբերած լավ վարքը, ազատ է արձակել։

Նախկինում պաշտոնական Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ պահանջել էր ազատ արձակել հոգևորականին, իսկ պաշտոնական Անկարան՝ մերժել։ Հոգևորականի կալանավորման պատճառով անգամ պատժամիջոցներ են կիրառվել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի և ՆԳ նախարար Սուլեյման Սոյլույի նկատմամբ․ ամերիկյան կողմի կարծիքով՝ նրանք մեծ դեր են ունեցել հոգևորականի ձերբակալման հարցում։

Երկու երկրները նաև միմյանց հանդեպ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել՝ որպես պատճառ վկայակոչելով Բրանսոնի ազատազրկման շուրջ տարաձայնությունը։ ԱՄՆ-ն Թուրքիայից ներկրվող ալյումինի և երկաթի մաքսատուրքը բարձրացրել է 20 տոկոսով, իսկ Թուրքիան իր հերթիննմանատիպ պատժամիջոց է կիրառել ամերկյան մի շարք ապրանքների համար։ Օրինակ՝ ԱՄՆ-ից ներկրվող թեթև մարդատար ավտոմեքենաների համար մաքսատուրը բարձրացվել է 120 տոկոսով, ակլոհոլինը՝ 140, ծխախոտինը՝ 60 տոկոսով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: