Հայերեն   English   Русский  

Գլխավոր դատախազը Փոստանջյանին հավաստիացրեց


  
դիտումներ: 875

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ Ազգային ժողովում Գյումրիի դեպքերի վերաբերյալ լսումների ժամանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հարց ուղղեց, թե ինչու մինչ այժմ գործ հարուցված չէ ՌԴ 102-րդ բազայի զինծառայող Պերմյակովի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասով:

«Ռուսական կողմը հայտարարեց, որ Պերմյակովին վերցրել են արգելանքի տակ և տեղափոխել ռուսական բազա, ինչն ապօրինություն է: բացի այդ, մեր ԱԱԾ-ն պետք է տեղյակ լիներ, որ պետական սահմանը փորձել են հատել, ԱԱԾ-ն էլ իր հերթին է անգործություն դրսևորել: Միգուցե Պերմյակովի հետ այլ մարդիկ էլ են եղել, ինչու է մեր Ազգային անվտանգությունն այս հարցում անգործություն դրսևորել: Բացի այդ, ռուս սահմանապահները ապօրինաբար են Պերմյակովին փոխանցել ռուսական բազա, նրանք դրա իրավունքը չունեին: Այս մասով էլ պետք է համապատասխան գործ հարուցվի, և մեղավորները համապատասխան պատիժ կրեն»:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ինքը հենց հիմա հաղորդում է տալիս այդ հանցագործությունների մասին և պահանջում, որ այդ մասերով էլ գործեր հարուցվեն:
Ըստ Փոստանջյանի, դրանք նաև հիմք կտան, որպեսզի գլխավոր դատախազը դիմի իր ռուս գործընկերոջը և պահանջի, որպեսզի Պերմյակովին փոխանցեն հայկական կողմին:
Գևորգ Կոստանյանը լիովին համաձայնեց Զարուհի Փոստանջյանի հետ և նշեց, որ այո, դրանք հիմք են քրեական գործեր հարուցելու և այդ հիմքերով էլ ՌԴ գլխավոր դատախազին դիմելու համար: Միաժամանակ նա հիշեցրեց, որ Փոստանջյանն իրավաբան է և լավ գիտե, որ այդ փաստերը պետք է ստուգվեն, ապա նոր քրեական գործ հարուցվի, որից հետո բոլոր գործողությունների իրավական գնահատականները կբերվեն մեկ ընդհանուր գործի մեջ:
«Այդ ամենը քրեական գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքներ են: Բնականաբար, համապատասխան պատասխանատվության հարց էլ կբարձրացվի: Հիմա այդ ամենի ստուգման փուլում ենք, որից հետո այդ ամենը կարվի»,-հավաստիացրեց գլխավոր դատախազը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: