Հայերեն   English   Русский  

Ի՞նչ խորհուրդ է տալիս քաղաքագետը հայաստանյան իշխանություններին Թրամփի 2 ազդեցիկ խորհրդականների այցին ընդառաջ


  
դիտումներ: 3821

Միջազգայնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստան կժամանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին:

«Ջիուլիանին Թրամփի աջակիցն, ընկերն ու խորհրդականն է: Նաև Թրամփի անձնական իրավաբանը,-գրել է Սարգսյանը,-2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետ: Ի դեպ, վերջերս Սորոսին անվանել էր «անտիխրիստ»: Դրա համար նորից ասեմ, Սորոսն ու ԱՄՆ-ն իրար հետ կապ չունեն»:

Անկախ-ը Սուրեն Սարգսյանի հետ զրուցել է ոչ միայն Ռուդի Ջիուլիանիի այցի, այլ նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարելիք այցի, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր օրակարգի անհրաժեշտության, ինչպես նաև Ռիչարդ Միլսի վերջին հայտարարության մասին:

-Պարոն Սարգսյան, փաստորեն առաջիկայում սպասվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկու ազդեցիկ խորհրդականների այցերը Հայաստան: Ովքե՞ր են նրանք և ի՞նչ ազդեցություն ունեն Թրամփի վարչակարգի վրա:

-Ջոն Բոլթոնը Վաշինգտոնի ամենաազդեցիկ գործիչներից մեկն է: Ի դեպ, նա միշտ աչքի է ընկել իր հակառուսական և հակաիրանական տրամադրությամբ և բավական կոշտ դիրքորոշում է ունեցել նաևԿորեայի, Կուբայի և Վենեսուելլայի նկատմամբ: Առհասարակ, Բոլթոնը կոշտ դիրքորոշումների և գործողությունների կողմնակից է: Նա Թրամփի հետ բավական մտերիմ հարաբերություններ ունի, նրա խոսքն անցնում է Թրամփի մոտ, և այս մարդու հետ ուղիղ կապ հաստատելով՝ պետք է շատ ակտիվ աշխատել Վաշինգտոնի հետ: Բոլթոնը հրաշալի կոնտակտ-պերսոն կարող է լինել Վաշինգտոնի ու Երևանի միջև, և այդ կապը անձամբ վարչապետը պետք է պահի, ոչ թե տա այլ կառույցների, որովհետև Բոլթոնը չափազանց կարևոր մարդ է և չափազանց կարևոր գործիչ:

Ինչ վերաբերում է Ջիուլիանիի այցին, ապա ինչպես գրել եմ, նա Հայաստան է գալիս անձնական այցով, ես այս տեղեկությանը տիրապետում եմ իմ վաշինգտոնյան աղբյուրների միջոցով և նույնիսկ չգիտեմ՝ Հայաստանի պետական պաշտոնյաների հետ հանդիպումներ լինելո՞ւ են, թե ոչ: Բայց նա նույնպես շատ կարևոր ու ազդեցիկ գործիչ է, Թրամփի հետ շատ մտերիմ հարաբերություններ ունեցող մարդ: Նա նաև Թրամփի իրավաբանների խմբի ղեկավարն է, Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ աջակցել է, նույնիսկ տեղեկություն կար, որ Թրամփը նրան առաջարկել է պետքարտուղարի պաշտոնը, բայց նա հրաժարվել է որևէ պետական պաշտոնից: Մի խոսքով, շատ լուրջ գործիչ է և նրա հետ նույնպես պետք է ուղիղ կապով աշխատել, վարչապետի մակարդակով:

-Բոլթոնի այցը ի՞նչ նշանակոթյուն կարող է ունենալ տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում: Ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել:

-Բոլթոնի այցը չափազանց հետաքրքիր է, այն առաջին տարածաշրջանային այցն է և ընդհանրապես անվտանգության հարցերով խորհրդականի նման բարձր մակարդակի առաջին այցն է: Նաև նշեմ, որ անվտանգության հարցերով խորհրդականը համակարգում է ԱՄՆ Անվտանգության խորհրդի աշխատանքները: Կարծում եմ՝ մեր իշխանությունների հետ Բոլթոնը կխոսի Սիրիայի մասին, Ռուսաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունների մասին, որոնք Սպիտակ տունը դիտարկում է որպես խնդիր, իսկ Վրաստանի ու Ադրբեջանի հետ օրակարգն ավելի լայն է: Վրաստանը ԱՄՆ կարևորագույն դաշնակիցն է տարածաշրջանում թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական տեսանկյունից, իսկ Թուրքիայի հետ ԱՄՆ լարված հարաբերությունների ֆոնի վրա Վրաստանը դարձել է ավելի կարևոր գործոն և ավելի վստահելի ու ստաբիլ գործընկեր: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրանց հետ մեկ այլ օրակարգ կա, դա Աղֆանստանի ռազմավարության իմպլեմենտացիան է, որը Միացյալ Նահանգների համար սկզբունքային նշանակություն ունեցող ռազմավարական փաստաթուղթ է, և Ադրբեջանն այստեղ լուրջ օժանդակություն է ցուցաբերում Միացյալ նահանգներին:

-ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացման շուրջ այսօր լուրջ օրակարգ կա՞ և եթե այո, ապա ի՞նչ ուղղությամբ է այն զարգանում:

-Տնտեսական և քաղաքական խորը օրակարգ չկա: ԱՄՆ նախագահը, որ արդեն 2 տարի է նախագահում է, և չեմ բացառում, որ վերընտրվելու է, ունի իր օրակարգը, որը իր երկրում տնտեսության զարգացումն ու անվտանգության ապահովումն է: Եթե մենք ուզում ենք խորացնել Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները, պետք է իրենց առաջնահերթություններին համապատասխան քայլեր անենք, այսինքն, տնտեսական կապեր զարգացնենք, բիզնես կապեր զարգացնենք և որ ամենակարևորն է՝ անվտանգության ոլորտում ինչ որ հարցերով փորձենք աջակցել: Իմ խորհուրդն է մեր իշխանություններին՝ առաջարկել Բոլթոնին, որպեսզի մենք օժանդակենք նրանց Աղֆանստանում: Սա չափազանց կարևոր քայլ կլինի: Բացի այդ, Միացյալ Նահանգները մեզ միշտ շնորհակալություն է հայտնում, որ մենք ընդունել ենք Սիրիայի փախստականներին, սա նույնպես կարևոր գործոն է:

-Այո, բայց շնորհակալությունից բացի որևէ ֆինանսական աջակցություն հայկական կողմին այդ առումով չի եղել: Կարո՞ղ է դա դառնալ օրակարգային հարց:

-Իհարկե կարող է: Հայաստանին այս առումով որևէ ֆինանսական աջակցություն չի եղել ո՛չ Միացյալ Նահանգներից, ո՛չ Եվրոպական միությունից և որևէ այլ կառույցից, և հայկական կողմը կարող է այդ հարցը առաջ քաշել, նամանավանդ, որ Թուրքիայում նույնպես Սիրիայից կան փախստականներ, հիմնականում էթնիկ թուրքեր, և նրանք նույնիսկ կանխիկ գումար են ստանում ՄԱԿ-ից, Եվրոպական Միությունից կամ ԱՄՆ-ից: Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, իսկ Հայաստանը որևէ կառույցից որևէ օգնություն չի ստացել Սիրիայից Հայաստան տեղափոխված փախստականների կյանքը բարելավելու նպատակով: Այնպես որ, կարծում եմ այս ուղղությամբ հնարավորություն կա բանակցելու: Երկկողմ հարաբերությունների մի շարք այլ օրակարգեր կան, որ ԱՄՆ-ում հայ համայնքին է վերաբերում՝ կրկնակի հարկումից խուսափող համաձայնագիր, Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթ և այլն, որոնք իհարկե ածանցյալ հարցեր են, բայց նույնպես կարևոր են:

-Արևմուտքի հետ հարաբերություններում հայկական կողմը կարծես թե ձևավորել է սպասողական դիրքորոշում, մենք սպասում ենք, որ Արևմուտքը Հայաստանի հանդեպ վերաբերմունքը պետք է փոխի, քանի որ Հայաստանն այլևս գտնվում է քաղաքական նոր իրողությունների պայմանններում: Սա ճի՞շտ մոտեցում է:

-Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն իհարկե միջազգային հարաբերություններում դրական ազդեցություն ունենալու են իմիջի առումով: Երբ իմիջդ դրական է, շատ հարցեր նաև դրական լուծում են ստանում: Եթե դու նույն արժեքների կրողն ես, ապա քեզ հետ այլ ձևով են հաշվի նստում: Այդ առումով ես հասկանում եմ մեր կողմի տրամաբանությունը և կարծում եմ, որ դա ճիշտ տրամաբանություն է: Իմիջի առումով, ձևի առումով մենք այլ պետություն ենք, և ես կարծում եմ, որ Հայաստանը ակտիվ պետք է աշխատի Միացյալ նահանգների հետ ոչ միայն նույն գաղափարախոսության պլատֆորմի վրա, այլ նաև մնացած բոլոր ուղղություններով:

-Ռիչարդ Միլսի հայտնի հայտարարությունը համարենք «հեռացող դեսպանի հեռացող մեսի՞ջ», ինչպես որակեց ՀՀ վարչապետը, թե՞ ավելի խորքային խնդիր, որին, ինչպես նշեց Շարմազանովը, մատների արանքով նայեց վարչապետը:

-Նման հայտարարություններ պարբերաբար արվել են Մինսկի խմբի համանախագահ բոլոր պետությունների տարբեր պաշտոնյաների կողմից: Չմոռանանք, որ ի վերջո բանակցային սեղանին դրված փաստաթղթերը արտացոլում են նաև այդ ձևակերպումը: Բայց եթե նման ձևակերպում տալիս է Հայաստանում ԱՄՆ հեռացող դեսպանը, ես շատ կուզենայի, որ Ադրբեջանում էլ Միացյալ Նահանգների հեռացող դեսպանը օգտագործեր «ինքնորոշման իրավունք» ձևակերպումը: Դա շատ ավելի տրամաբանական ու ադեկվատ կլիներ: Միլսը համարում է, որ այն, ինչ որ ասել է, ճիշտ է ասել, և ես կարծում եմ, որ սա նաև ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն է: Բայց այդ դիրքորոշումը նույնն է, ինչ վերջին 25-30 տարիներին, նոր բան պետք չէ փնտրել:


Զրուցեց՝ Անի Գասպարյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: