Հայերեն   English   Русский  

​Նազարբաևը աշխարհի ներկայիս իրավիճակը համեմատել է Կարիբյան ճգնաժամի հետ


  
դիտումներ: 326

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես տեղեկացնում է նրա մամլո ծառայությունը, ելույթ ունենալով АСЕМ (Ասիա-Եվրոպա համաժողով) գագաթնաժողովի լիագումար նիստում, հայտարարել է, որ կոնֆլիկտայնության բարձր լարվածության, պատժամիջոցների և առևտրային պատերազմների աճի պայմաններում միջազգային քաղաքականությունը հասել է լարվածության գագաթնակետին, այն կարելի է համեմատել Կարիբյան ճգնաժամի հետ:

«Մենք պետք է օգտագործենք այս «Ասիա-Եվրոպա» ֆորումի գագաթնաժողովն այդ խնդիրների լուծման համար: Ցավոք, արդի փուլում աշխարհում արդյունավետ երկխոսության և փոխըմբռնման անբավարարություն է նկատվում: Բոլորս էլ ականատես ենք ընթացիկ տնտեսական և քաղաքական հակամարտությանը, որը կարելի է համեմատել անցած հարյուրամյակի 60-ական թվականների Կարիբյան ճգնաժամի հետ»,- ասել է Նազարբաևը:

Նա նշել է, որ գագաթնաժողովը պետք է կոչ անի ԱՄՆ-ին, Չինաստանին, ինչպես նաև Եվրամիությանն ու մյուս պետություններին աշխարհում գոյություն ունեցող տարաձայնությունների լուծումները որոնել:

«Իրավիճակն էլ ավելի կվատանա, եթե չզբաղվենք Սիրայում, Ուկրաինայում և այլ երկրներում ստեղծված խնդիրներով: Միջազգային ահաբեկչությունը մնում է գլխավոր խնդիրը, դեռևս գոյություն ունի բալլիստիկ հրթիռների տարածման վտանգը»,- հայտարարել է Ղազախստանի ղեկավարը:

Համաշխարհային տնտեսության վատթարացման համատեքստում Նազարբաևը նշել է, որ որոշ աղքատ երկրներում վիճակն ավելի է խորանում, և դա լուրջ մարտահրավեր է ողջ մարդկության համար:

«Երկրորդ համաշխարհային պատերազմից և ուրիշ կոնֆլիկտներից հետո երկրների առաջնորդները սերտորեն համագործակցում էին և ահաբեկչության դեմ պայքարում ընդհանուր ուղիներ էին գտնում: Ուստի ես երկխոսության կոչ եմ անում բոլոր երկրներին և առաջարկում եմ օգտագործել Աստանայի հարթակը բանակցությունների համար»,- ընդգծել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: