Հայերեն   English   Русский  

​«Արժանապատիվ Ապագա»-ն «Արժանապատիվ Հայաստան», «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների անվանումները հակաօրինական է համարում


  
դիտումներ: 414

«Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր քաղաքական գծին, սկզբունքներին, երկրի ապագայի նկատմամբ իր պատկերացումներին և պատասխանատվությանը, հայտարարում է հետևյալը.

«Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը և դրանով պայմանավորված հնարավորություններն անհրաժեշտ է օգտագործել ազգային և քաղաքական միասնության օգտին, քանի որ այս պահին դրա համար առկա է գլխավոր գործոնը՝ ժողովրդի գերակշիռ մեծամասնության աջակցությունը:

Ինչպես և նախկինում, շարունակում ենք պնդել, որ երկրի կառավարման կարևորագույն օղակները պետք է ղեկավարվեն արհեստավարժ մասնագետների կողմից: Քաղաքական լոյալությունն կամ կառավարող կուսակցական ուժին պատկանելությունը բավարար փաստարկներ չեն պետական պաշտոն զբաղեցնելու համար. որոշիչը պետք է լինի արհեստավարժության գործոնը:

«Արժանապատիվ Ապագա» կուսակցությունն իր գոյության ավելի քան 20 տարիների ընթացքում մասնակցել է 1999 և 2003թթ․ խորհրդարանական ընտրություններին և փաստելով դրանց արդյունքների անարժանահավատությունը, իշխանությունների կողմից քաղաքական համակարգի՝ դեպի ամայացում տանող գործողությունները՝ հետագայում հրաժարվել է քաղաքական գործընթացներում ակտիվ մասնակցությունից։

Ս․թ․ սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների՝ հիմնականում անթերի անցկացումը քաղաքական ուժերի համար դրական ազդակ էին՝ երկրի կառավարումը ստանձնած քաղաքական թիմի կամքի և ունակությունների առումով: Հանրությունը գրեթե առաջին անգամ մեր նորագույն պատմության մեջ ականատեսը եղավ արդար ընտրությունները փաստող գլխավոր ապացույցի՝ երբ պարտվողը ընդունում է քվեարկության արձանագրված արդյունքները, շնորհավորում և հաջողություն է մաղթում հաղթողին:

Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ վերջին ամիսներին ՀՀ քաղաքացիների կողմից նկատվում են նոր կուսակցություններ հիմնադրելու բազմաթիվ նախաձեռնություններ, ինչն, անշուշտ, ողջունելի է և անհրաժեշտ՝ երկրում քաղաքական նոր համայնապատկեր ձևավորելու իմաստով:

Այդ դրական միտումն արձանագրելուց զատ՝ օրերս Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքից (azdarar.am) տեղեկացել ենք, որ հոկտեմբերի 20-ին Երևանում և նոյեմբերի 1-ին Գյումրիում տեղի են ունենալու համապատասխանաբար «Արժանապատիվ Հայաստան» և «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների հիմնադիր ժողովները։

Ակնհայտ է, որ վերոնշյալ կուսակցությունների անվանումները հակասում են «Կուսակցությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն կուսակցության անվանումը կամ հապավումը չպետք է ՆՈւՅՆԱԿԱՆ կամ ՇՓՈԹԵԼՈՒ ԱՍՏԻՃԱՆ ՆՄԱՆ ԼԻՆԻ գրանցված կուսակցությունների անվանումներին:

Ելնելով օրենսդրության վերոնշյալ դրույթներից՝ առաջարկում ենք ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին մերժել վերը նշված կուսակցությունների՝ այդ անվանումներով գրանցումը, և առաջարկել համապատասխան նախաձեռնող խմբերին ներկայացնել անվանումների նոր տարբերակներ: Հակառակ պարագայում` «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը ստիպված կլինի պաշտպանել իր իրավունքները դատական ատյաններում՝ կասեցնելով վերոհիշյալ կուսակցությունների գործունեությունը նախընտրական շրջանում։

Ազատություն, Սեր, Արժանապատվություն, Բարեկեցություն, Ստեղծարար կյանք և Երջանկություն բոլորին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: