Հայերեն   English   Русский  

«Շատ կուզենայի մեկ այլ առիթով խոսել Սամվել Մայրապետյանի մասին». Անելկա Գրիգորյան


  
դիտումներ: 1704

Շատ կուզենայի մեկ այլ առիթով խոսել Սամվել Մայրապետյանի մասին:

Այսօրվա իրավիճակը մեզ պարտավորեցնում է լինել ավելի քան պատասխանատու ասված խոսքի մեջ, ուստի կփորձեմ առաջնորդվել ոչինչ չավելացնել ու ոչինչ չպակասեցնելու նշանաբանով, և փաստորեն վկայություն տալ մի մարդու մասին, որին ճանաչում եմ գրեթե 25 տարի՝ դեռևս Մշակույթի նախարարությունում աշխատելուս տարիներից ի վեր:

Նա Մարդ է՝ այդ բառի իսկական իմաստով: Շատ հազվադեպ է, երբ բարձր պաշտոնյա-բարձր մասնագետ-բարձր մարդ եռամիասնությունն այդչափ հավասարակշիռ ու ներդաշնակ լինեն միմյանց հետ, և այդ բաղադրիչների հաճախադեպ ու անխուսափելի կոնֆլիկտների մեջ անխախտելի մնա մարդը՝ իր ամեն ինչով: Սամվել Մայրապետյանը մարդկային այս դասին է պատկանում: Վկա՝ նրա ծանրակշիռ ձեռքբերումները գործարար աշխարհում և կառավարման ոլորտում: Ինքնագովազդի ռեալ և բացառիկ հնարավորությունների տեր այս մարդը երբեք ի ցույց չի դնում, չի շեփորահարում իր արածն ու անելիքը՝ պահպանելով իմաստուն ու լուռ մի պահվածք, որ կյանքի մասին իր ունեցած ընկալումից է գալիս: Բարեգործության մեջ լուռ է ու աննկատ, դիմացինին սատարելու, օգնելու հարցում՝ միշտ պատրաստակամ և անշահախնդիր՝ անկախ այն բանից, թե հասարակական սանդղակի մեջ ինչ տեղ է զբաղեցնում վերջինս: Սա կհաստատի իր հետ երբևէ առնչված յուրաքանչյուր ոք:

Կուզենայի մեկ դրվագ հիշեցնել միայն, որը կապված է Մշակույթի երբեմնի փոխնախարար, տաղանդավոր երաժիշտ-երգահան, լուսահոգի Ստեփան Լուսիկյանի հետ: Նա ծանր հիվանդությունից անժամանակ հեռացավ մեզանից, երբ այլևս փոխնախարար չէր: Սամվել Մայրապետյանը ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կազմակերպեց Ստեփան Լուսիկյանի ստեղծագործությունների շքեղ հանդիսությունը՝ ի հիշատակ իր վաղամեռիկ գործընկերոջ, իր ընկերոջ և հավատարիմ իր էությանը՝ հավաստեց ի լուր բոլորիս իր իսկ ապրելու և գործելու անխախտ նշանաբանը՝ Մարդ մնալու դժվարին պատասխանատվությունը:

Անելկա Գրիգորյան

Թատերարվեստի բնագավառի հանձնաժողովի նախագահ






Մեկնաբանություններ - 1

Սահակ     21.10.2018 Ուրեմն արդարացնենք մարդկանց տնեզրկումն ու փողոց նետվելը՝ հանուն մայրապետ-հայրապետների «գերակա» շահի? Ինչ կապ ունի այստեղ լուսահոգի Լուսիկյանը? Իսկ փողոց շպրտված հարյուրավոր ծերերին, կին ու երեխաներին ինչու չի հիշում տվյալ տիկինը: Կարծում եմ ծայր աստիճանի անհեթեթ պաշտպանություն է: Այդ մարդը ոչ թե «իսկական մարդ» է այլ շահից կուրացած մարդանման արարած, որն արժանի չէ ոչ մի կարեկցանքի:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: