Հայերեն   English   Русский  

​Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ կնքված պատմական պայմանագրի խզման մասին


  
դիտումներ: 361

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է դուրս գալ Միջին և փոքր հեռավորության հրթիռների վերացման մասին պայմանագրից:

Այդ մասին, ինչպես հաղորդում է CNN-ը, հայտարարել է լրագրողներին Նևադա նահանգ այցի ժամանակ: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պահպանել է պայմանագրի պայմանները, մինչդեռ Ռուսաստանը խախտել է այդ պայմանները:

«Ռուսաստանը խախտում է համաձայնությունը: Եվ խախտում է երկար տարիներ: Ես չգիտեմ, թե ինչու նախագահ Օբաման բանակցություններ չի վարել կամ չի խզել պայմանագիրը»,- ասել է Թրամփը:

Միաժամանակ նա Ռուսաստանի և Չինաստանի հետ այդ հարցում փոխզիջման գնալու պատրաստակամություն է հայտնել:

Սպիտակ տան զեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն կստեղծի միջին և փոքր հեռավորության հրթիռներ, եթե իհարկե Ռուսաստանը և Չինաստանը «չգան» ԱՄՆ և չառաջարկեն «խելոքանալ» և հրաժարվել այդ սպառազինության մշակումից: Ընդ որում, նա հայտարարել է, որ եթե Ռուսաստանը և Չինաստանը շարունակեն խախտել պայմանագիրը, իսկ ԱՄՆ-ն պահպանի այն, ապա դա անընդունելի կլինի:

Ռուսաստանի ԱԳՆ-ի աղբյուրը, որի անունը չի նշվում, արդեն հայտնել է, որ Թրամփի հայտարարությունը նշան է այն բանի, որ «ԱՄՆ-ն ձգտում է միաբևեռ աշխարհի»:

Բացի այդ, Ռուսաստանի սենատոր Ալեքսեյ Պուշկովը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ոչ վաղ անցյալի ելույթը միջուկային զենքի մասին:

«Միջին և փոքր հեռավորության հրթիռների վերացման մասին պայմանագրից դուրս գալու մասին Թրամփի որոշման լույսի ներքո Պուտինի աղմկահարույց հայտարարությունը պատասխան միջուկային հարվածի մասին որոշակի իմաստ է ստանում: Ռուսաստանը թույլ չի տա միջուկային գերազանցություն իր նկատմամբ»,- ասել է Պուշկովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: