Հայերեն   English   Русский  

«Բալային համակարգը մեղմ մոտեցում չի ներառում»․ Տիգրան Քեյան


  
դիտումներ: 3508

Դրամական տուգանքների փոխարեն՝ կուտակային միավորների կորուստ և վարորդական իրավունքի կասեցում կամ վարորդական իրավունքից զրկում 1 ամսից մինչև 2 տարի ժամանակահատվածով։

Առաջիկայում ճանապարհային երթևեկության կարգավորման համար կարող է կիրառվել բալային համակարգ։

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Վարչական իրավախախտումների մասին» օրինագծում փոփոխություններ իրականացնելու մասին» նախագիծը։ Շահագրգիռ կողմերը կարող են առաջարկներ ներկայացնել մինչև հոկտեմբերի 30-ը։

Նախագծով առաջարկվում է վարորդին մեկ տարվա կտրվածքով հատկացնել 9 միավոր։ Իսկ տարվա ընթացքում թույլ տրված խախտումների համար վարորդը միավորներ կկորցնի։ Եթե վարորդը սպառի իրեն հատկացված 9 միավորները, ապա որոշակի ժամանակահատվածով կզրկվի վարորդական իրավունքից։

Նախագծով առաջարկվում է նաև նվազեցնել որոշ խախտումների համար նախատեսված վարչական տուգանքները՝ զուգահեռաբար կիրառելով նաև միավորներից զրկելու մոտեցումը։

Այսպես՝ պետհամարանիշը փակելու համար վարորդը կտուգանվի 20 հազար դրամ և կզրկվի մեկ միավորից։ Պետհամարանիշն այլ վարորդի տրամադրելու դեպքում ներկայից 100 հազար դրամի փոխարեն վարորդը կտուգանվի 20 հազար դրամով և կկորցնի 3 միավոր։

Արագությունը գերազանցելու համար նախատեսվում է էլի բալային պատիժ կիրառել․ արագությունը 11-30 կմ-ով գերազանցելու դեպքում վարորդը կզրկվի 2 միավորից, 31-50կմ-ով գերազանցելու դեպքում՝ 3 միավորից, 51-80 կմ-ով արագությունը գերազանցելու դեպքում վարորդը կկորցնի 4 միավոր, իսկ ահա 81 և ավելկմ-ով արագությունը գերազանցած վարորդները 6 ամսով կզրկվեն վարորդական իրավունքի վկայականից։

Միավորների կորուստ է նախատեսված նաև խաչմերուկի, հետիոտնային անցման, վազանցի, երթևեկությունը սկսելու, մանևր կատարելու կամ հետընթացի վարման կանոնները խախտելու, մեքենան հետիոտնային անցման վրա կայանելու, հանդիպական երթևեկության գոտի դուրս գալու, հոծ գիծը տրորելով շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար։

Մեքենան ոչ սթափ վարելու դեպքում վարորդը ներկայիս 100 հազար դրամի փոխարեն կտուգանվի 25 հազար դրամով, ինչպես նաև կկորցնի 4 միավոր։

«Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանը «Անկախի» հետ զրույցումնախագծի մոտեցումը դրական է գնահատում։ Նրա խոսքով, սակայն, նախագիծը լրամշակման կարիք ունի, և իրենց ՀԿ-ն արդեն իսկ առաջարկներ է ներկայացրել։

«Երբ վերջնական տեսքը պատրաստ լինի, այդ ժամանակ նոր կարող ենք հստակ դիրքորոշում հայտնել, թե որքանով է լավը նախագիծը»,- ասում է նա։

Անդրադառնալով հանրային քննարկման դրված նախագծում առկա խնդրահարույց դրույթներին՝ Քեյանն ասում է, որ խնդիր են տեսնում բալերի արձանագրման տեսանկյունից․ «Մենք առաջարկում ենք ոչ թե վարչական իրավախախտումների կոնկրետ կետերի դեպքում բալային համակարգ կիրառվի, այլ կոնկրետ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում։ Օրինակ՝ հստակ նշվի, թե ՃԵԿ-ի որ կանոնը խախտելու դեպքում ինչ բալային կիրառում կլինի»։

Քեյանը նաև նշում է, որ խնդրահարույց է վարչական իրավախախտումների մասին ծանուցման գործող համակարգը։ «Երբեմն վարորդները տեղեկանում էին իրենց խախտումների մասին, երբ հարկադիրից արգելանք էր դրվում հաշիվներին կամ գույքն էր օտարվում։ Այս պարագայում էլ վարորդը, առանց ընթացիկ խախտումներին տեղյակ լինելու, կարող է տեղեկանալ, երբ արդեն զրկվել է վարորդական իրավունքից որոշակի ժամանակահատվածով»,- ասում է Քեյանը։

Նրա խոսքով՝ ծանուցման համակարգի հետ կապված շտկումներ են անհրաժեշտ, որպեսզի վարորդները ժամանակին տեղեկանան իրենց թույլ տված խախտումների մասին և կարողանան դիրքորոշում արտահայտել կամ բողոք ներկայացնել։

Հարցին, թե արդյոք բալային համակարգի կիրառումը կնպաստի ճանապարհային երթևեկության կարգավորմանը, Քեյանը դրական պատասխան է տալիս։ «Փորձը ցույց է տվել, որ տարեցտարի տուգանքների չափն աճել է, բայց խախտումների քանակը չի նվազել։ Այսինքն գումարային պատիժներով հնարավոր չէ երթևեկկություն կարգավորել, պետք է համակարգային մոտեցումներ ցուցաբերել, հասկանալ, թե ինչն է պետք բարելավել, որ որոշակի փոփոխություն լինի մեր երթևեկության մեջ»,- ասում է նա՝ հավելելով, որ բալային համակարգն ավելի խիստ է։

«Եթե օրինախախտ վարորդին զրկեն վկայականից, և նոր վկայական ձեռք բերելու համար նա նորից քննություն հանձնի, այդ դեպքում նա արդեն կաշխատի, որ նման խախտումներ չկատարի»,- ասում է Քեյանը։

Նրա կարծիքով՝ ներկայում ՃԵԿ կանոնների խախտումները շատացել են, քանի որ վարչական մարմինը մեղմ մոտեցում է ցուցաբերել, ինչիցօգտվում են անկարգապահ վարորդները։ «Սա առիթից օգտվելու հետևանք է։ Բայց բալային համակարգը իր մեջ մեղմ մոտեցում չի ներառում»,- ասում է նա։

Առաջարկվող փոփոխությունների նախագիծը քննարկման առարկա է դարձել նաև սոցիալական ցանցերում։ Քաղաքացիները մեծամասամբ դրական են արտահայտվում բալային համակարգի կիրառման վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ գոնե այդպիսով երթևեկությունը մի փոքր կկանոնակարգվի։ Ոմանք էլ հիշեցնում են, որ նմանատիպ մոդել կիրառվել է նաև խորհրդային տարիներին, երբ վարորդները կտրոն են ունեցել, որոնք ճանապարհային ոստիկանները դակել են՝ խախտում արձանագրելու դեպքում։ Որոշակի քանակությամբ դակումներ ունենալուց հետո վարորդները ստիպված են եղել նորից քննություն հանձնել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: