Հայերեն   English   Русский  

«Հնարավոր է , որ լինեն դավադրություններ, որոնց նպատակը ընտրությունները տապալելն է». Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 203

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ ընթացիկ քաղաքական իրավիճակին:

Վաղը՝ հոկտեմբերի 23-ին լրանում է վարչապետի հրաժարականից հետո նոր վարչապետ ընտրելու առաջին շաբաթը: Եվս մեկ շաբաթ է պետք, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան:

Վարչապետի խոսքով ՝ հնարավոր է , որ լինեն դավադրություններ, որոնց նպատակը ընտրությունները տապալելն է.եթե հանկարծ որևէ մեկը փորձի դավադրություններ անել, խոսքը էլի պետք է ասի ժողովուրդը:

«Կարո՞ղ են արդյոք լինել դավադրություններ, տեսականորեն՝ այո: Բայց եթե հանկարծ որևէ մեկը փորձի դավադրություններ անել, ես նորից այս ճանապարհով պետք է դիմեմ ձեզ, որ հավաքենք, ժողովուրդը հավաքվի և իր խոսքն ասի: Հետևեք իրադարձություններին, լինենք մշտական կապի մեջ, որպեսզի ըստ անհրաժեշտության շատ արագ կարողանանք կազմակերպել: Առաջիկա մեկ շաբաթը շատ վճռական է լինելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ակնհայտ է, որ ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նա հույս հայտնեց, որ քաղաքական ուժերն սրան հակասող գործողություններ չեն անի. «Եթե անեն, դա կլինի իրավիճակը ապակայունացնելու և դրանից բխող հետևանքների քայլ»:

«Ես ուզում եմ նորից ասել, որ այսօրվա Սահմանադրությամբ իմ հրաժարականով ԱԺ-ն լուծարելուց բացի այլ տարբերակ գոյություն չունի: Սահմանադրական փոփոխություններ պետք է անեին, բայց մենք այդ ճանապարհով չգնացինք, որովհետև ես զգացի՝ կարող էին լինել մեկնաբանություններ, թե ես հեղափոխության միջոցով հասեմ եմ վարչապետի պաշտոնին, կառչել եմ վարչապետի աթոռից և որևէ կերպ չեմ ուզում բաժանվել: Այս նրբություններն ինձ համար շատ կարևոր են»,- ասաց Ն. Փաշինյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: