Հայերեն   English   Русский  

Բժշկի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ-ում չկա ընտանեկան բռնության մասին օրինագիծ, որի հետևանքով շատերը զոհ են դառնում հոգեշեղված մարդկանց»


  
դիտումներ: 254

Բժիշկ, սեքսապաթոլոգ Անդրոնիս Ղարիբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հիվանդներից մեկի պատմությունը, որն այսօր մահացել է Գերմանիայում։

«Այսօր Գերմանիայում Մարիան մահացավ։

Վերջին խոսակցության ժամանակ միայն ասում էր մի բան, այնպես արեք որ մարդիկ գնահատեն իրենց կյանքը և չկրկնեն այն սխալները, որոնք որ արել եմ»,-գրում է Ղարիբյանը՝ հաջորդիվ ներկայացնելով նախապատմությունը։

«Դեռ մեկ տարի առաջ ունեցա մի այցելու, ում զննելուց հետո կասկածեցի քաղցկեղ։ Իհարկե ուռուցքաբանի և էնդոկրինոլոգի նեղ մասնագիտական զննումից հետո պարզ դարձավ, որ մեր մտահոգությունները ճիշտ են։ Ամիսներ շարունակվող վիրահատությունների, բուժումների և խնամքի միջոցով հնարավոր եղավ հասնել հաջողության։

Սակայն ամենաահավորն այն էր, որ նշված աղջկանից ավելի շատ շտապ երեխա էին պահանջում, քան առողջություն։

Ամեն անգամ, ամեն օր հասկացնում էին, որ մեզ պետք է հարս, ով պետք է երեխա ունենա հիմա, այնինչ բոլոր մասնագետները համատեղ որոշել էին, որ առաջիկա երեք տարում պետք չէ հղիանալ։

Բավականին երկար զրույցներից, խնդրանքներից, բացատրական աշխատանքներից հետո գնացին իրենց խուլ գյուղը։ Ամեն երեք ամիսը մեկ զանգում էի, որպեսզի հասկանայի՝ ինչպես են և ինչ առողջական վիճակում են գտնվում։

Կապը գրեթե կորել էր, մեկ էլ այս ամառ սենյակիս դուռը բացեցին․ «Մենք եկել ենք հաշվառման, քանի որ հարսս հղի է»։

Հարսը գունատ էր, տկար, գրեթե հազիվ էր ոտքի վրա կանգնում, իսկ ես գրեթե կատաղությունից մահանում էի։

Ավագ սերունդը ամեն վայրկյան կրկնում էր, որ կարևորը երեխան է, որ առանց էրեխի խայտառակություն է, որ արժի մեռնել երեխա ունենալու համար։

Կրկին ուղղարկեցի նեղ մասնագետների մոտ, հասկանալու համար աղջկա առողջական վիճակը։

Երկարատև հետազոտություններից հետո պարզ դարձավ, որ ծննդաբերելը անհնար է, իսկ քաղցկեղը արագ տեմպերով զարգացել է հղի կնոջ մոտ և ունի ճյուղավորումներ։

Միակ բանը, որ լսում էի, այն էր, որ կարևորը երեխանա, այս երեխան մեզ շատ է պետք։

Առաջին անգամ բժշկական կարիերայիս ընթացքում իմ ձեռքը գնաց հրել տարիքով կնոջը և սաստել։

Արդյունքում հիվանդը արտագաղթեց Գերմանիա, որտեղ իհարկե ընդհատեցին հղիությունը։ ․․․Թերևս սա ապացույց է այն բանի մասին, որ ՀՀ-ում չկա ընտանեկան բռնության մասին օրինագիծ, որի հետևանքով շատերը զոհ են դառնում հոգեշեղված մարդկանց։

Ընտանիքում ոչ մի հարց առավել կարևոր չի կարող լինել, քան փոխադարձ հարգանքը և հոգատարությունը։ Մնացած դեպքերում ընտանիքը տապալվելու է»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: