Հայերեն   English   Русский  

​Վաղվա քաղաքացի կերտող թատրոնը...


  
դիտումներ: 3873

«Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն» խորագրի ներքո «Անկախը» շարունակում է ներկայացնել Երևանում գործող թատրոնները:

Այս անգամ հյուրընկալվել ենք Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանին:

-Պատանի հանդիսատեսի թատրոն. անվանում, որն արդեն ենթադրում է իր հանդիսատեսին... Ընդհանրապես ի՞նչ առանձնահատկություններ ունի Ձեր թատրոնը:

-Արդեն 89 տարի մեր թատրոնն աշխատում է հենց պատանի հանդիսատեսի համար: Այստեղ ամեն ինչ չէ, որ կարելի է բեմադրել: Խոսքն, իհարկե, ցերեկային ներկայացումների մասին է, որովհետև ունենք նաև երեկոյան ներկայացումներ՝արդեն ավելի հասուն տարիքի հանդիսատեսի համար: Մենք մշտապես թարմացնում ենք մեր խաղացանկը: Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղվա քաղաքացի կերտող թատրոնն է: Առկա նյութատնտեսական խնդիրների սահմաններում մենք փորձում ենք բավարարել պատանիների հետաքրքրասիրությունը, արթնացնել նրանց սերը թատրոնի հանդեպ, որովհետև այս տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում կենդանի արվեստի հետ առնչվելը շատ կարևոր է: Դրա համար ես ընտրողաբար եմ մոտենում նոր բեմադրություններին՝ փորձելով հասկանալ՝ ինչի մասին և ինչ լեզվով է անհրաժեշտ զրուցել պատանիների հետ: Եթե մենք ունենայինք հագեցած տեխնիկական հնարավորություններ, բնականաբար, ավելի դիտարժան ներկայացումներ կանեինք, բայց ներկայումս էլ ամեն ինչ վատ չէ:Վերջին մեկ տարում հետաքրքիր ձեռագիր ունեցող ռեժիսորներ մեր թատրոնում նոր ներկայացումներ բեմադրեցին: Երիտասարդությունն ամեն ինչ անում է, որ ինքնաարտահայտվի և հատկապես ունենա այդ հնարավորությունը:

-Ի՞նչ կարծիքի եք ներկայիս պատանիների մասին՝ որպես այդ տարիքային խմբին սպասարկող թատրոն:

-Ես շատ սիրում եմ մեր պատանիներին, երիտասարդներին: Պարզապես թե´ ծնողները, թե´ դպրոցը պետք է մեծ ուշադրություն դարձնեն նրանց դաստիարակության խնդրին, ճիշտ ուղղորդեն, և, ինչու՞ չէ, ցույց տան թատրոն տանող ճանապարհը: Դա էլ աշխատանք է, թատրոն գալու մշակույթը վերականգնելու աշխատանք: Ինքս սովորություն ունեմ ներկայացումների ժամանակպարբերաբար հայտնվել դահլիճում: Եվ լավ է, որ պատանիներն ինձ չեն ճանաչում, և ես լուռ հետևում եմ նրանց պահվածքին, արձագանքներին: Պատանիները պետք է հասկանան, որ թատրոն գալիս չի կարելի աղմկել, գաղտնի ադիբուդի մտցնել դահլիճ և այլն: Բայց դա մշտնջենական խնդիր է, ևմենք չենք կարող ամենքին վերահսկել:Իրականում թատրոն բերելուց առաջ հարկավոր է պատրաստել պատանուն, հասկացնել՝ ուր է գնում:

-Տարիքային առումով Պատանի հանդիսատեսի թատրոնը կարծես կապող օղակ է փոքրիկների համար նախատեսված ևմեծ թատրոնների միջև:Ինչպիսի՞ պատասխանատվություն եք զգում այս առումով:

-Մենք ուզում ենք լինել հետաքրքիր պատանիների համար, որովհետև նրանք, իրոք, հետո պետք է գնան այլ թատրոններ:Այս տարիքի հանդիսատեսն իրականում էությամբ շատ մաքուր է, և անգամ նրանց չարաճճիությունների մեջ ինչ-որ բան կա: Ի վերջո, այդ տարիքն անհանգիստ, ժիր տարիք է: Եվ հետաքրքիր է հետևել՝ ինչպես են պատանիները ներկայացումը սկսվելուց որոշ ժամանակ անց լռում, կլանվում, ինչը նշանակում է՝ հետաքրքրեցիր նրանց: Այդ դեպքում մինչև վերջ հանգիստդիտում են: Հետաքրքրելու առումով մեր թատրոնի գործը մի փոքր բարդ է: Երեխաներն ու պատանիները նայում են ժամանակակից մուլտֆիլմերը, մեծահասակների համար նախատեսված կատակերգություններն ու սիթքոմները, և միգուցե սպասում են, որ այդ նույնը պետք է նաև բեմում տեսնեն: Բայց մենք նրանց տալիս ենք այլ «կերակուր»:Դրանով հանդերձ ՊՀԹ-ի ցերեկային ներկայացումները գրեթե միշտ սպառվում են:

-Պատանի հանդիսատեսի թատրոնն արդյոք ենթադրու՞մ է պատանի դերասաններ:

-Այո´, մեզ մոտ ոչ միայն հանդիսատեսն է փոխվում տարիների ընթացքում, այլև ներկայացումների դերասանական անձնակազմը: Բեմադրությունների գործող անձանց կազմը պարբերաբար փոխում ենք, որովհետև դերասաններն էլ են մեծանում: Օրինակ՝ «Վերջին ուսուցիչը»ներկայացումը, որը խաղացվում է մոտ տասը տարի, արդեն մի քանի կազմ է փոխել: Կամ «Մանչուկն ու Կառլսոնը»,«Կարմրամորթ առաջնորդի փրկագինը»ներկայացումներում խաղում են շատ շնորհալի պատանիներ, որոնք կոփվելու, աճելու են այս բեմում, և նրանց գալու են փոխարինելու ուրիշները: Դերասանախումբն ընդհանրապես միշտ պետք է համալրել շնորհալի, տաղանդավոր ուժերով: Դա բնական ընթացք է:

-Ի՞նչ նպատակներ ու ձեռքբերումներ ունեք որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար:

-Թատրոնը չպիտի կանգ առնի, պիտի ճիշտ արձագանքի իր ժամանակին, միշտ հետաքրքիր լինի, կենդանի, ճկուն, որովհետև դա ներկա ժամանակի հետ կապված արվեստ է, որը պետք է արտացոլի նոր ժամանակների իրադարձությունները: Մենք պիտի մեր մատը պահենք զարկերակի վրա. ինչ-որ բաներ հուշենք, ինչ-որ ձև մաքրենք, ոգևորենք, երջանկություն փոխանցենք: Սրանք նպատակներեն, իսկ ձեռքբերումներ հիմա կարող եմ նշել, բայց դրանք անընդհատ պիտի շատանան, որովհետև հերթի են դրված մի շարք փոքր ու մեծ խնդիրներ, որ պիտի լուծվեն: Եթե մի պահ գոհանաս ու կանգ առնես, կսկսես մահանալ: Մեր խնդիրները թե´ ստեղծագործական են, թե´ ֆինանսական: Հուսով եմ՝ պետությունը ուշադրություն կդարձնի շուտով իր 90-ամյակին մոտեցող ՊՀԹ-ի խնդիրներին:

-Քանի՞ ներկայացում ունի այս պահին թատրոնն իր խաղացանկում:

-Ցերեկային և երեկոյան ներկայացումները միասին մոտ տասնմեկն են: Բայց մենք անընդհատ բեմադրում ենք նոր ներկայացումներ: Շուտով երեխաները կդիտեն«Մատնաչափիկը» հեքիաթը,դարձյալ բեմ կբարձրանա «Հենզելի ու Գրետելի արկածները»: Ամանորից հետո ես կնախաձեռնեմ Րաֆֆու «Խենթը» վեպի նոր բեմական տարբերակը: Ի դեպ, նախատեսել ենք բեմադրել հայ դասականների գործերի մի ամբողջ շարք՝ Նար-Դոս, Բակունց, Թումանյան և այլն: Իսկ բոլորովին վերջերս Երևանի հոբելյանական տարեդարձի շրջանակներում քաղաքապետարանը մեզ պատվիրեց Էմմա Րաֆֆիի «Իուարշայի սուրը» ուրարտական առասպելը: Այն արժանի նվեր դարձավ մեր քաղաքին:

-Թատրոնի էջը բավական ակտիվ է ՖԲ հարթակում: Որևէ դեր տալի՞ս եք համացանցային իրականությանը հանդիսատեսին թատրոն բերելու հարցում:

-Պարտադիր: Հիմա սոցկայքերն ավելի են օգնում մարդկանց դեպի թատրոն գրավելու հարցում:

-Պատրաստվու՞մ եք թատրոնի 90-րդ տարեդարձին:

-Դեռ անցյալ տարվանից են սկսվել նախապատրաստական աշխատանքները: Պատանի հանդիսատեսի թատրոնը մայրաքաղաքի երկրորդ ավագ թատրոնն է՝ Մայր թատրոնից հետո: Եվ սա շատ պատասխանատու փաստ է: Ցանկանում ենք մեր թատրոնի մասին գիրք հրատարակել և հետաքրքիր երեկո անել՝ հրավիրելով մեր գործընկերներին, տարբեր հյուրերի: Իրականում մեր իննսունամյա թատրոնը ոգով երիտասարդ է: Բազում ռեժիսորների, դերասանների, բեմանկարիչների է ունեցել Պատանի հանդիսատեսի թատրոնը, կայացրել և նվիրել մյուս թատրոններին:

-Ձեր ամփոփիչ խոսքը...

-ՊՀԹ-ն միշտ սիրով սպասում է իր հանդիսատեսին,և մենք պարտավորված ենք միշտ թարմ պահել հետաքրքրությունն ու պարգևել նորանոր հետաքրքիր բեմադրություններ: Թող կապը թատրոնի հետ երբեք չկտրվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: