Հայերեն   English   Русский  

WP-ի թղթակիցը՝ Հաշուկջիի մահվան պատճառով Սաուդյան Արաբիայի արքայազնի համար հնարավոր հետևանքների մասին


  
դիտումներ: 444

Սյունակագիր Ջոշ Ռոջինը The Washington Post թերթի հոդվածում պատմել է, թե ինչ կերպ Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարող են ընդդիմադիր լրագորղ Ջամալ Հաշուկջիի սպանության գործում ենթադրյալ ներգրավավծության պատճառով միջազգային արդարադատության համակարգի շրջանակներում պատասխանատվություն կրել: Գրում է Gazeta.ru-ն:

Հեղինակը նշում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը և նրա օգնականները միգուցե ենթադրում են, որ սաուդցի լրագրող Ջամալ Հաշուկջիի մահից հետո դուրս են միջազգային իրավունքի հասանելիությունից: Սակայն Սաուդյան Արաբիայի թագաժառանգին և նրա օգնականներին, որոնք ենթադրաբար կապված են Հաշուկջիի սպանության հետ, դատական հետապնդման մի շարք տարբերակներ կան:

ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմական հանցագործությունների գծով նախկին խորհրդական Սթիվեն Ռապը կարծում է, որ սաուդցի լրագրողի հետ կապված միջադեպը մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, ներառյալ ՄԱԿ-ի հռչակագրի՝ բոլոր անձանց խոշտանգումներից և բռնի անհետացումներից պաշտպանության հարցում: Թերթը գրում է, որ չնայած այն հանգամանքին, որ դժվար կլինի արդարությանը հասնել, Հաշուկջիի ընտանիքը իրավունք ունի արդարադատություն փնտրել քաղաքացիական դատարանում, որոշ երկրներում դատախազները կարող են նաև քրեական գործ հարուցել նախադեպերի և միջազգային իրավունքի հիման վրա:

Մասնավորապես, Մուհամեդ բին Սալմանի և Սաուդյան Արաբիայի այլ պաշտոնատար անձանց քրեական հետապնդումը կարող է իրականացվել Ռիադի կողմից ստորագրված ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի համաձայն:

Ընդհանուր իրավասության սկզբունքի համաձայն, միջազգային կոնվենցիայի անդամ ցանկացած երկիր, այդ թվում` Ամերիկայի Միացյալ Նահանգները, կարող է գործը փոխանցել միջազգային դատարան և թագաժառանգի Մուհամմեդ բին Սալմանին և այլ հնարավոր կասկածյալների հետապնդման կամ արտահանձնման խնդրանքով միջնորդել, բացատրում է թերթը: Վերջին օրինակներից մեկը Բելգիան է, որը Սենեգալի դեմ դատական գործ է հարուցել Միավորված ազգերի կազմակերպության միջազգային դատարանում, որպեսզի մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար հասնի Չադի նախկին նախագահ Հիսեն Հաբրեի արտահանձնմանը և դատական հետապնդմանը:

Դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվում է ընդունել, որ թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանն անձամբ պատասխանատու է Հաշուկջիի հետ կապված միջադեպի համար:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի թագավորության իշխանություններին քննադատող Ջամալ Հաշուկջին հոդվածներ էր գրում The Washington Post-ի համար: Հոկտեմբերի սկզբին թերթը, հղում անելով Հաշուկջիի հարազատներին, հայտարարեց լրագրողի անհետացման մասին, որի հետ կապն ընդհատվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենք մուտք գործելուց հետո: ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում այս միջադեպի հայտնվելուց հետո Թուրքիայի իշխանությունները հետաքննություն սկսեցին: Թուրքական կողմի խոսքերով՝ Ջամալ Հաշուկջին սպանվել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում: Ավելի ուշ սաուդյան իշխանությունները ճանաչեցին թագավորության հյուպատոսության շենքում Հաշուկջիի սպանությունը:

Իսկ այսօր արդեն Թուրքիայում հայտարարեցին, որ գտել են Հաշուջկիի մարմնի մասերը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարեց, որ վերջինիս շատ դաժան ձևով են սպանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: