Հայերեն   English   Русский  

Հետագայում ավելի հայանպաստ դիրքորոշումներ հաստատելու համար դրական ֆոն կա․ վրացագետը՝ Վրաստանում նախագահի սպասվող ընտրությունների մասին


  
դիտումներ: 2195

Առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 28-ին, Վրաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Այն կլինի ուղիղ կերպով նախագահի վերջին ընտրությունը։ Այլևս ամբողջությամբ խորհրդարանական կառավարման համակարգի անցած Վրաստանում հետագայում նախագահ կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան։ Ընդ որում, 2017թ․ սահմանադրական փոփոխություններով նախագահի լիազորությունները բավականին կրճատվել են։

Իսկ այս ընտրություններում նախագահի աթոռի համար պայքարում է 25 թեկնածու։ Նրանցից 19-ը առաջադրվել են քաղաքական ուժերի կողմից, իսկ 6-ը՝ տարբեր նախաձեռնությունների։ Մասնագետների կարծիքով, ինչպես նաև հարցումների համաձայն առաջատար թեկնածուներն երեքն են՝ նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, որին սատարում է նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, նախկին ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն (Միացյալ ազգային շարժում), որը Սահակաշվիլիի թիմից է եղել, և էլի Սահակաշվիլիի նախկին թիմակից, նախկինում խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն (Եվրոպական Վրաստան)։ Առավել հավանական է համարվում իշխանության սատարումն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը։

Ուշագրավ է, որ ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրել գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, չնայած ըստ օրենքի նա երկրորդ անգամ վերընտրվելու իրավունք ուներ։

Վրաստանում սպասվող ընտրությունների և այդ համատեքստում Հայաստանի ու հայության շահերի մասին է «Անկախը» զրուցել վրացագետ Ալիկ Էրոյանցի հետ։

-Պարոն Էրոյանց, Վրաստանում նախագահական ընտրությունների քարոզարշավն արդեն ավարտին է մոտենում։ Հայաստանի և ջավախահայության տեսանկյունից ինչո՞վ է աչքի ընկել քարոզարշավը։

-Մի դրվագ կարող ենք շեշտադրել, երբ Սալոմե Զուրաբիշվիլին Ջավախքում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սահակաշվիլիի իշխանության տարիներին առավելություն էր տրվում թուրքերին կամ ադրբեջանցիներին։ Նա, մասնավորապես, նշել է քաղաքացիության շնորհման մասին։ Դրա համար նա քննադատության արժանացավ տեղի ադրբեջանական համայնքի կողմից, նաև ադրբեջանական ԶԼՄ-ները քննադատական դիրքերից հանդես եկան։

Այդուհանդերձ, պետք է հասկանանք, որ այս հայտարարությունն ավելի շատ ուղղված է ընտրողների քվեները շահելուն։ Եվ դա նորմալ է, երբ նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուները նմանատիպ հայտարարություններով են հանդես գալիս՝ ընտրողներին իրենց կողմը գրավելու համար։

Ամփոփելով՝ Սալոմե Զուրաբիշվիլին հայանպաստ հայտարարությամբ է հանդես գալիս, բայց իրականում սա քարոզարշավի շրջանակներում է տեղավորվում։

Զուրաբիշվիլին ուղղված քննադատություններ է ապահովել նաև իր նախկին հայտարարությունը, որ Վրաստանն է սկսկել 2008-ի պատերազմը։

Չնայած դրան՝ Սալոմե Զուրաբիշվիլին սոցհարցումների համաձայն նախկինում առաջատարների եռյակում էր, իսկ վերջին օրերին հաղթելու նրա հնարավորություններն ավելի են մեծացել։

Մյուս երկու թեկնածուները ևս մեծ հնարավորություններ ունեն բարձր տոկոսներ հավաքել, բայց կարծում եմ , որ Զուրաբիշվիլիի վարկանիշը մի փոքր ավելի բարձր է։ Եթե նաև գումարենք այն հանգամանքը, որ իրեն աջակցում է իշխող կուսակցությունը, դա իր ազդեցությունը կունենա ընդհանուր արդյունքների վրա։

-Արդյո՞ք թեկնածուների հայանպաստ հայտարարությունները միայն նախընտրական հնարքներ են, թե՞ ընտրվելու պարագայում կարող են պահպանել իրենց հայանպաստ դիրքորոշումը։

-Ինչպես նշեցի՝ հայտարարությունները նախընտրական քարոզարշավով են պայմանավորված։ Բայց չի բացառվում, որ նախագահ ընտրվելու դեպքում, ելնելով այս հայտարարությունների բովանդակությունից, հետագայում նաև լինեն որոշակի դրական գործընթացներ։ Ընդհանուր առմամբ՝ հետագայում ավելի հայանպաստ դիրքորոշումներ հաստատելու համար դրական ֆոն կա։ Ճիշտ է, նախագահը պրակտիկ լիազորություններ չի ունենալու, բայց իր կարծիքը որոշակի նշանակություն կունենա։

-Իսկ Ջավախահայության շրջանում ո՞ր թեկնածուներն են ֆավորիտ։

-Հայերի շրջանում էլ ֆավորիտ են նույն երեք թեկնածուները։ Նախկինում մշտապես առավել բարձր ձայներ են ստացել իշխանության ներկայացուցիչ թեկնածուները, ինչը բնորոշ երևույթ է էթնիկ փոքրամասնությամբ բնակեցված բնակավայրերի համար։ Իշխանությունների օգտին քվեարկելու ավանդական միտումն այժմ էլ կա։

-Իսկ թեկնածուների նախընտրական ծրագրերում Հայաստանին կամ հայությանը առնչվող դրույթներ կա՞ն։

-Նախընտրական ծրագրերում հայությանն ու Հայաստանին վերաբերող դրույթներ չկան։ Հարաբերությունների հաստատումը պրակտիկ առումով կառավարության գործունեության ոլորտում է։ Նախագահի իրավասություններն ու լիազորություններն այլ են։

-Իսկ Հայաստանի տեսանկյունից շահեկեն թեկնածու կա՞, որի ընտրվելը ցանկալի կլինի։

-Այդքան պետք չէ խորանալ, թե որ թեկնածուն է ավելի նպաստավոր լինելու։ Գուցե այսօր դիտարկենք մի թեկնածուի, բայց արդեն իր պրակտիկ գործունեությամբ նա ոչ այդքան նպաստավոր լինի մեզ համար։ Կարևոր է, որ ընտրվի այն թեկնածուն, որը կստանա ժողովրդի քվեների մեծամասնությունը։

-Նախագաի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից մտահոգություն են հայտնել, որ ընտրությունները կարող են կեղծվել իշխանությունների կողմից։ Արդյո՞ք ընտրակեղծիքնեի հավանականություն տեսնում եք։

-Չեմ կարծում, որ ընտրակեղծիքներ կլինեն, քանի որ նախորդ մի քանի ընտրությունները նման լուրջ կասկածի տեղիք չեն տվել։ Բայց հստակ կարող ենք ասել միայն ընտրություններից հետո։

Այնուամենայնիվ, ընտրակեղծիքների նախադրյալներ չեմ տեսնում։ Նախագահը, որ ընտրվելու է, նույն այն ուժը կամ լիազորությունները չունի, որ, կոպիտ ասած, կարողանա օգուտներ բերել հետագայում։

-Պարոն Էրոյանց, իսկ Ձեր կարծիքով՝ գործող նախագահն ինչո՞ւ չի առաջադրվել։

-Սա պետք է անձնական տիրույթում դիտարկել։ Կարծում եմ՝ նա իր հաշվարկներում գուցե մտավախություն ուներ, որ չի կարող կրկին ընտրվել։ Եվ հինգ տարի պաշտոնավարած նախագահին դժվար կլիներ ընտրություններում պարտվելը։ Գուցե այս մտավախությամբ պայմանավորված նա չառաջադրվեց։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: