Քոչարյանը ճիշտ է. Ֆելիքս Ցոլակյան
Ըստ Ցոլակյանի, ինքը դեռ հարմարվում է նախարարի աշխատանքին: Նաև նշել է՝ իրեն որևէ կուսակցության շարքերում չի տեսնում, ԱԺ-ում նորից աշխատելու մասով էլ հավելում. «Այս պահին ես իմ աշխատանքով եմ զբաղված»:
Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը, որը կապված էր իր անվան հետ. « 1999-ից մինչեւ 2007 թվականները Ֆելիքս Ցոլակյանը եղել է վերահսկողության ծառայության պետ՝ եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար: Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել... Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին. այդ տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոններն զբաղեցնելով, այդ մարդը որեւէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ: Ու, եթե դուք տեսնում եք՝ այդ մարդը չի արել, այսօր էլ վստահում եք իրեն պաշտոն, ինչո՞ւ եք համարում, որ այն ժամանակ ամբողջը կառուցված էր կոռուպցիոն բուրգերի վրա», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը:
Այսօր արդեն նախարար Ցոլակյանը նշում է. «Քոչարյանը ճիշտ է ասել, ես գործարքների մեջ չեմ եղել: Հարկային ծառայության գործառույթները շատ պարզ են: Հարկերի հետ կապված գործառույթները ես կատարել եմ բարեխղճորեն, ուրիշ բան չեմ կարող ասել»: