Հայերեն   English   Русский  

Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 3038

Անկախը ներկայացնում է առաջիկա շաբաթվա մշակութային ամենահետաքրքիր իրադարձությունները:


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներումդաշնակահար Արմեն Բաբախանյանը և թավջութակահար Արամ Թալալյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնեն Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան դաշնամուրի և նվագախմբի համար, Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար։ Կհնչի նաև Սյուիտ Լոպե դե Վեգայի «Վալենսիայի այրին» կատակերգության երաժշտությունից։ Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան։

Հոկտեմբերի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Մասնակցում են՝ Դեբորա Վոլդման, դիրիժոր /Բրազիլիա/, մենակատար` Միքայել Նավասարդյան, թավջութակ: Ծրագրում` Վիլա Լոբոս․ Բրազիլական բախիանա No.4 Նախերգանք , Բախ․Contrapunctus No.4 Ֆուգայի արվեստը, Մալեր․ Ադաջո, Բրուխ․ «Kol Nidrei», Մոցարտ․ Դիվերտիսմենտ D major, K. 136:

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ASMA Միացյալ Նահանգների ծովանկարիչների միության անդամ Գարրի Արզումանյանի աշխատանքների ցուցադրությունը: «Քայլ» խորագրի ներքո կներկայացվեն նկարչի լավագույն աշխատանքներից: Գարրի Վանյայի Արզումանյանը ծնվել է 1986 թվականին Կապանում: Միքս ժանրով ստեղծագործող նկարչի գործերում գերակշռում է սիմվոլիզմն ու գույների գերիշխանությունը: Ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Լյուբլյանայում, Մինսկում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Հայաստանում: Գարրի Արզումանյանի նկարների հիմնական թեման բնության տարերքներն են՝ օդն ու ջուրը: Կարևոր տեղ են գրավում ճանապարհը, ճանապարհ գնացող միայնակ անցորդը, կամ նավը ծովում: Մուտքն ազատ է:

Հոկտեմբերի 30-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կներկայացվի «Սիրով ապագայից կամ Mea Culpa 2» տրագիկոմեդիան՝ 2 գործողությամբ: Հեղինակ՝ Վահրամ Սահակյան: Բեմադրող ռեժիսոր՝ Արթուր Սահակյան: Մտահղացման հեղինակ և պրոդյուսեր՝ Արմեն Համբարձումյան: Դերերում՝ Հրանտ Թոխատյան, Սամսոն Ստեփանյան, Լևոն Հարությունյան, Ջուլիետա Ստեփանյան, Արա Սարգսյան, Իրինա Դանիելյան Արա Կարագյան, Գևորգ Մինասյան:

Հոկտեմբերի 31-ին Երևանի պետական կամերային թատրոնում կներկայացվի «Ինչ տարբերություն, թե ում հետ» սրտաճմլիկ կատակերգությունը: Ըստ Լեոնարդ Գերշի «Butterflies Are Free» պիեսի: Բեմադրող ռեժիսոր` Լուսինե Երնջակյան: Ռեժիսոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արշալույս Հարությունյան: Սիրո մի պատմություն հարուստ ընտանիքից կույր տղայի և դերասան դառնալու երազանք ունեցող անզուսպ աղջնակի մասին` լի վառ ռեպրիզներով և հանդուգն, կրքոտ երկխոսություններով։ «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը սերն անհավատորեն ընդունող ժամանակակից երիտասարդության մասին է։ Այս թեթև, թիթեռնիկների թևերից հյուսված աշխատանքը կբացի անսահման քնքշության գաղտնիքը և կօգնի հավատալ իսկական զգացմունքին։ Դերերում` Արմինե Նազարի-Դեխնավի, Ժորա Մարտիրոսյան, Լուիզա Ներսիսյան, Ժորա Հովհաննիսյան:

Բոհեմական Ռափսոդիա

Նոյեմբերի 1-ից երևանյան կինոթատրոնումներում կսկսվի « Բոհեմական Ռափսոդիան » ֆիլմի ցուցադրությունը: Սյուժեի հիմքում ընկած է բրիտանական լեգենդար Queen խմբի և մեներգիչ Ֆրեդի Մերքյուրիի պատմությունը, հեղափոխական երաժշտության շնորհիվ խմբի գլխապտույտ հաջողության հասնելու ճանապարհի մասին, Մերկյուրիի կյանքը վերահսկողությունից դուրս գալու պատճառով խմբի գրեթե բաժանման և Live Aid համերգի նախօրեին նրանց հաղթական վերամիավորման մասին, որը դարձավ ռոք երաժշտության պատմության մեծագույն ելույթներից մեկը։ «Բոհեմական Ռափսոդիան» խմբի փառքը և համբավը ապահոված երգն է, որը նաև համարվում է հազարամյակի լավագույն ստեղծագործություններից մեկը:

Նոյեմբերի 2-ին Երևանի Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում կներկայացվի «Խենթ ու խելառ տղաներ» կատակերգություն՝ 2 գործողությամբ: Բեմադրությունը` Ժան Նշանյանի: Թարգմանությունը` Ժան Նշանյանի: Նկարչական ձևավորումը` Կարեն Գրիգորյանի: Գլխավոր դերերում՝ Պարոն Տակեր` Գուժ Մանուկյան, Տիկին Տակեր` Նաիրա Շահիրյան, Ալեն` Գագիկ Մկրտչյան, Բադդի` Նիկոլայ Ավետիսյան, Կոննի` Լուսինե Վարդանյան, Փեգգի` Էմմա Մանուկյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: