Հայերեն   English   Русский  

ԱԱ-2018. Արթուր Շահինյանը «լացացրեց» ադրբեջանցի ըմբիշին եւ նվաճեց բրոնզե մեդալ լուսանկար,տեսանյութ)


  
դիտումներ: 1589

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը (87 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում,հաղորդում է sport.news.am-ը։

Սա Հայաստանի թիմի երկրորդ բրոնզե մեդալն էր Բուդապեշտում:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 6:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ 22-ամյա ադրբեջանցի Իսլամ Աբասովի նկատմամբ։ Գոտեմարտի վերջում ադրբեջանցի ըմբիշը զայրույթից չկարողացավ զսպել արցունքները:

Հիշեցնենք, որ նախօրեին պայքարի մեջ մտած եւ հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում պարտություն կրած 31-ամյա Արթուր Շահինյանը (87 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի 2015թ. չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկը նվաճել է եզրափակիչի ուղեգիր:

Հոկտեմբերի 27-ին կայացած առաջին սփոփիչ գոտեմարտում Շահինյանը ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթել էր լիտվացի Էիվիդաս Ստանկեւիչուսին, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում 7։5 հաշվով պարտության էր մատնել իրանցի Հուսեյն Ահմեդ Նուրիին։

67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Լեհաստանը ներկայացնող Գեւորգ Սահակյանը, իսկ եզրափակիչում ռուս Արտյոմ Սուրկովը 7:0 հաշվով հաղթեց սերբ Դավոր Շտեֆանեկին:

Հոկտեմբերի 27-ին պայքարի մեջ էին մտել նաեւ Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3 հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում 1:3 հաշվով պարտվել էր 25-ամյա ռուսաստանցի Մուսա Էվլոեւին, որին նախորդ տարի հաղթել էր Փարիզում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում։ Հոկտեմբերի 28-ին գյումրեցի ըմբիշը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Կարապետ Չալյանը 1/16 եզրափակիչում 0։4 հաշվով պարտվել է Լոնդոն-2012 օլիմպիական չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2013թ. չեմպիոն, 29-ամյա հարավկորեացի Կիմ Հյոն Ուին եւ լքել պայքարը:

Բուդապեշտում Հայաստանի թիմի առաջին մեդալը նախօրեին նվաճել էր 2017թ. աշխարհի ու 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:1 հաշվով հաղթել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011թ. աշխարհի չեմպիոն, իրանցի Սաիդ Աբդվալիին: Հոկտեմբերի 26-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ էր անցկացրել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), որը 0:4 հաշվով պարտվեց թուրք Էրկեմ Օզտուրկին:

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ) եւ Կարեն Ասլանյանը (67 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալ չէր նվաճել Բուդապեշտում: Հայաստանի թիմի կազմում հանդես էին եկել Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Սաֆարյանը եւ Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում, իսկ մյուսները պարտել էին մեկնարկում:

Արթուր Շահինյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: