Հայերեն   English   Русский  

Վրաստանում ընտրությունների արդյունքում նախագահ չի ընտրվել


  
դիտումներ: 1810

Վրաստանի նախագահական ընտրություններում առաջատարը իշխանության աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին է։ Առաջին փուլով, սակայն, թեկնածուներից որևէ մեկը բավարար քանակով քվեներ չի ստացել նախագահի պաշտոնում ընտրվելու համար։ Ուստի առաջիկայում տեղի կունենան արտահերթ ընտրություններ, որտեղ Վրաստանի նախագահի աթոռի համար կպայքարեն Սալոմե Զուրաբիշվիլին, որն անկախ թեկնածու է, բայց վայելում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը, և Գրիգոլ Վաշաձեն՝ նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից։

Առաջին փուլի արդյունքում Զուրաբիշվիլին ստացել է ընտրողների 38․6 տոկոսի քվեները, իսկ Վաշաձեն՝ 37,7 տոկոս է հավաքել։

Մասնագետների կարծիքով՝ երկրորդ փուլը բավականին թեժ է լինելու և ներկա դրությամբ դեռ հնարավոր չէ թեկնածուներից որևէ մեկի հաղթանակը կանխորոշել։ Երրորդ տեղը զբաղեցրած Դավիթ Բաքարձեն հայտարարել է, որ իր քվեները տալու է իր նախկին թիմակից Գրիգոլ Վաշաձեին։ Իսկ նա ընտրությունների առաջին փուլում ստացել էր քվեների 10 տոկոսը։

Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով իշխանություններն այս փուլում ևս կմոբիլիզացնեն իրենց ռեսուրսները՝ ապահովելու Զուրաբիշվիլիի հաղթանակը։

«Իշխանությունը հասկանում է իր սխալները, որոնց պատճառով այս արդյունքները եղան»,- ասում է Մելիքյանը։

Նրա կարծիքով՝ առաջիկա ընտրապայքարում թեկնածուները միմյանց դեմ այդ թվում և սև փիարի հնարքներ կկիրառեն։ Օրինակ՝ իշխանությունները կփորձեն վախեցնել բնակչությանը՝ հիշեցնելով Սահակաշվիլիի կառավարման տարիներին տեղի ունեցածը և նրա հավանական վերադարձի հնարավորությունը։

Ըստ մասնագետների՝ եթե նախագահ ընտրվի Սահակաշվիլիի թիմակիցը, ապա նա կարող է համաներում կիրառել, որը կտարածվի նաև ներկայում քրեական գործի շրջանակներում հետախուզվող Սահակաշվիլիի վրա։ Դա նրան Վրաստան վերադառնլու և քաղաքական գործունեությունն այդ երկրում շարունակելու հնարավորություն կտա։

Միևնույն ժամանակ, վրացագետը հավանական չի համարում, որ իշխանությունները ընտրությունների երկրորդ փուլում կարող են դիմել ընտրակեղծիքների։ Նա ասում է՝ եթե նման ցանկություն լիներ, ապա առաջին փուլում կդիմեին նման գործողությունների։

Անդրադառնալով հարցին, թե թեկնածուներից որի հաղթանակն է նախընտրելի Հայաստանի համար, Մելիքյանը նշում է, որ արտաքին քաղաքականության հարցում նախագահն առանձնապես լիազորություններ չունի։ Հետևաբար առավել կարևոր են 2020-ի խորհրդարանական ընտրությունները։ Ինչպես հայտնի է, Սահակաշվիլին կողմ է Վրաստանի հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ զարգացնելուն, դեմ է ռուս-վրացական հարաբերությունների բարելավմանը։ Հետևաբար, եթե խորհրդարանական ընտրություններում հաղթի նրա կուսակցությունը, Վրաստանի արտաքին քաղաքականությունում Հայաստանի համար ոչ ցանկալի զարգացումներ կարող են տեղի ունենալ։

Իսկ Վրաստանում իշխող կուսակցության ներկայացուցիչներն արդեն սկսել են հիշեցնել «Սահակաշվիլիի ժամանակների մասին»։

«Համոզված ենք, որ երկրորդ փուլում, երբ ընտրություն է կատարվելու բռնության եւ ազատության միջև, անպայման կհաղթենք»,- հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քարտուղար Կախա Կալաձեն:

«Ընտրություններին մեր ընտրողի պակաս մոբիլիզացիայի պատճառը կուսակցության կողմից թեկնածու չառաջադրելն էր։ Անկախ թեկնածուին աջակցելը թուլացրեց այդ գործընթացը: Համոզված ենք, որ երկրորդ փուլում, երբ պարզ բաժանվեց երկու գիծ, երբ ընտրություն պետք է կատարենք կեղծիքի ու արդարության, բռնության և ազատության միջեւ, տեղի կունենա առավելագույն համակենտրոնացում և մենք, անպայման, կհաղթենք, միասին կհաղթահարենք բոլոր մարտահրավերները»,- հայտարարել է Կալաձեն:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մինչև դեկտեմբերի 2-ը։

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 47 տոկոսը։ Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար պայքարում էր 25 թեկնածու։ Խորհրդարանական համակարգի անցած Վրաստանում նախագահն ունի սահմանափակ լիազորություններ։ Իսկ ընթացիկ ընտրությունները նախագահի վերջին ուղիղ ընտրություններն են։ Հետագայում նախագահին կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: