Հայերեն   English   Русский  

​Շիմոն Պերես․ «անհաջողակ հաջողակը», որ պատմություն է կերտել


  
դիտումներ: 1580

«Անկախը» նախաձեռնում է «Քաղաքական ուղի» շարքը, որտեղ կներկայացնի հայաստանյան և արտասահմանյան մի շարք հեղինակավոր քաղաքական գործիչների անցած ուղին։

Շարքը մեկնարկում ենք Շիմոն Պերեսի քաղաքական ուղին ներկայացնելով։

Իսրայել պետության զարգացման գործում իր մեծ ավանդն ունի Շիմոն Պերեսը, որն իր հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ վարչապետ է եղել, 2007-2014թթ․ եղել է Իսրայելի նախագահը, ինչպես նաև ղեկավար պաշտոններ է զբաղեցրել 12 նախարարություններում։

Շիմոն Պերեսը բացառիկ էր մի շարք առումներով։ Նա երբևէ չի ծառայել բանակում և չի մասնակցել ռազմական գործողությունների։ Իր այս դիրքորոշման պատճառով նա քիչ էր մնում կորցներ իր ապագա կնոջը, որը երկրորդ աշխարհամարտի տարիներին կամավորագրվել էր բրիտանական բանակին։

Պերեսը չի մասնակցել նաև անկախության համար մղվող ռազմական գործողություններին։ Նա միշտ եղել է քաղաքացիական անձ այնպիսի երկրում, որտեղ բանակում ծառայությունը և ռազմական քաջություններն են գնահատվում ամեն ինչից վեր։ Այս պատճառով էլ Պերեսը հաճախ որպես օտար է ընկալվել թե իշխանական համակարգում, թե հանրության շրջանում։

Բայց Պերեսն իր ուղին ուներ․ սկզբում նա կառուցում էր կիբուցներ, ապա ակտիվ մասնակցում էր կուսակցաշինությանը, ստեղծում էր ռազմարդյունաբերություն, եղել է Իսրայելի միջուկային ծրագրի հայրը։

Ուշագրավ է, որ երկրի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած այս գործիչը նաև «անհաջողակ հաջողակի» կամ «հավերժական երկրորդի» համբավ է ունեցել, քանի որ պարբերաբար պարտվել է ընտրություններում՝ միշտ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։

Նրան ձախողակ համարելու պատճառներից է նաև այն, որ նրա Մերձավոր Արևելքի տեսլականը, որտեղ տարբեր ազգությունների ու կրոնների ներկայացուցիչները խաղաղ գոյակցում են, այդպես էլ իրականություն չդարձավ։

Նա եղել է Իսրայելի 9-րդ և 12-րդ վարչապետը /1984-1986 և 1995-1996թթ․/, ինչպես նաև Իսրայելի 9-րդ նախագահը՝ 2007-2014թթ․։ 1994-ին արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի։

Կենսագրությունը

Շիմոն Պերեսը /Շիմոն Պերսկի/ ծնվել է 1923թ․, Լեհաստանում։ Նրա հայրն առևտրով էր զբաղվում և հաճախ էր ճամփորդում։ Նրա անձնային ձևավորման վրա մեծ դերակատարություն է ունեցել մայրը, որը գրադարանավարուհի և ռուսերենի մանկավարժ էր։ Իսկ մորական պապի ազդեցությամբ նա արդեն չորս տարեկան հասակից բանաստեղծություններ էր գրում։

1931-ին Պերեսի հայրը հաստատվում է Պաղեստինում և որոշակի ֆինանսական կայունության հասնելուց հետո 1933-ին իր մոտ է կանչում նաև կնոջն ու երեխաներին։ Ուշագրավ է, որ եվրոպական երկրներում մնացած նրանց բոլոր հարազատները սպանվել են Հոլոքոստի տարիներին։ Փրկվել է միայն Պաղեստինում հաստատված Պերեսների ընտանիքը։

Նա գյուղատնտեսական կրթություն է ստանում և ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատում է կիբուցներում որպես ֆերմեր։ Միևնույն ժամանակ նա, որպես սիոնիստական գաղափարախոսության կրող, անդամագրվել էր «Աշխատող երիտասարդություն» շարժմանը և գաղափարախոսական աշխատանք էր իրականացնում։ 1947-ին նա աշխատանքի է անցնում ԽԱԳԱՆԱ-յում /հրեական ահաբեկչական խումբ, որը Իսրայելի կազմավորումից հետո դարձավ բանակի և մոսադի ձևավորման կորիզը/։ Քաղաքական բանավեճերի աշխարհից նա մի այլ աշխարհում է հայտնվում, որտեղ առաջնային էր ազգային անվտագությունը։ Նրան հանձնարարվում է զբաղվել ապագա երկրի համար զենքի գնման գործընթացով։

1949-ին Իսրայելի կազմավորումից հետո Պերեսը դառնում է այդ երկրի ՊՆ հատուկ առաքելության ղեկավարի տեղակալը Նյու Յորքում։ Այստեղ նա զբաղվում է Իսրայելին զենքի մատակարարման խնդիրներով, միաժամանակ կրթություն է ստանում Հարվարդում։ Եվ սա այն պարագայում, երբ ԱՄՆ մեկնելիս նա գրեթե անգլերեն չգիտեր։

1952-ին Պերեսը նշանակվում է ՊՆ փոխնախարար, իսկ 1953-ին 29 տարեկան հասակում դառնում է Իսրայելի պատմության ամենաերիտասարդ պաշտպանության նախարարը։ Այս պաշտոնում նա վերակառուցում է նախարարությունը, բարելավում ռազմական հարաբերությունները Ֆրանսիայի հետ, մեծ ներդրում է ունենում ռազմաարդյունաբերության, ինչպես նաև պետական պատվերը գիտական հիմնարկներին հասցնելու և կիրառական արդյունք ապահովելու ամբողջական շղթայի ապահովման գործում։

Մեծն դիվանագետը

ՈՒշագրավ է, որ Պերեսը ամեն իրավիճակից փորձում էր Իսրայելի համար օգտակար մի բան դուրս բերել։ Նա ձգտում էր ցանկացած ճգնաժամ ու տարաձայնություն լուծել հօգուտ Իսրայել պետության։

Մեծ է եղել Պերեսի դերը Սուեզյան ճգնաժամի հանգուցալուծման գործում։ Նա կարողացել է Ֆրանսիայի կառավարության հետ պայմանագիր կնքել զենքի մատակարարման մասին։ Ճգնաժամի հանգուցալուծումից հետո Պերեսը պարգևատրվել է պատվո լեգեոնի շքանշանով։

Սինայան թերակղզու գործողություններից հետո արաբական աշխարհի հետ Իսրայելի հարաբերությունները մի պահ հարաբերական անդորրի մեջ են գտնվում։ Եվ Պերեսն այդ ժամանակն օգտագործում է բանակի հզորացման և սպառազինության ձեռքբերման համար։ Նա 1957-ին հանդիպումներ է նախաձեռնում Արևմտյան Գերմանիայի պաշտպանության նախարարի հետ՝ ռազմական օգնություն ցուցաբերելու համաձայնություն ձեռք բերելով։ Այդ հանդիպումը իսրայելա-գերմանական ռազմական համագործակցության հիմքն է դառնում, որը գործում է մինչ օրս։

Պերեսը ոչ միայն զենքի մատակարարման ուղղությամբ էր աշխատում, այլ նաև նախաձեռնում է երկրում ռազմաարդյունաբերության զարգացումը, որպեսզի ձեռք բերված զենքերի համար զինամթերք կարողանան արտադրել արդեն տեղում։

Իսրայելի միջուկային ծրագրի հայրերից մեկը

1952-ին Դավիթ Բեն Գուրիոնի և Շիմոն Պերեսի նախաձեռնությամբ ձևավորվում է ատոմային էներգետիկայի հանձնաժողովը։ Երկու գործիչների տեսլականում Իսրայելն անպայմանորեն պետք է միջուկային զենք ունենար, ինչի իրագործման ուղղությամբ էլ աշխատում էին։ 1957-ին Իսրայելի և Ֆրանսիայի միջև գաղտնի համաձայնագիր է ստորագրվում Իսրայելի տարածքում միջուկային ռեակտորների կառուցման և պլուտոնիումի մշակման գործարան կառուցելու մասին։ Համաձայնագրի արդյունքում Նեգեվ անապատում միջուկային ռեակտոր է կառուցվում։ 1500 հրեա և ֆրանսիացի մասնագետներ էին աշխատում միջուկային ռեակտորի կառուցման վրա։

Միևնույն ժամանակ, Պերեսի ղեկավարությամբ կառուցվում է միջուկային հետազոտությունների կենտրոնը։

Պերեսը և քաղաքականությունը

1959-ին առաջին անգամ Պերեսը փորձում է իրեն քաղաքական ասպարեզում։ ՄԱՊԱՅ-ի /Իսրայելի երկրի աշխատավորական կուսակցություն/ ընտրական ցուցակը գլխավորելով՝ նա ընտրվում է 4-րդ գումարման կնեսետի պատգամավոր։ Նա նշանակվում է պաշտպանության փոխնախարար՝ շարունակելով կյանքի կոչել պաշտպանության նախարարության քաղաքականության հիմքում դրված սկզբունքները։ Նա սկսում է Իսրայելում ձևավորել ռազմական և ավիացիոն արտադրություն։ Նա շարունակում է քայլեր ձեռնարկել այլ երկրներից նոր զինամթերքի և տեխնոլոգիաների ներմուծման ուղղությամբ։

1965-ին, երբ Բեն Գուրիոնը կրկին քաղաքականություն է վերադառնում, տարաձայնությունների պատճառով Պերեսը հեռանում է ՄԱՊԱՅ կուսակցությունից և ստեղծում ՌաՖԻ շարժումը /Իսրայելի աշխատավորների ցանկ/։ 6-րդ գումարման Կնեսետում այս կուսակցությունը 10 տեղ է ստանում, ինչը լավ արդյունք էր նոր ձևավորված քաղաքական ուժի համար։

1967-ին վեցօրյա պատերազմից հետո երեք աշխատավորական կուսակցություններ /ՄԱՊԱՅ, ՌաՖԻ և Ախդուտ խա-Ավոդա/ որոշում են միավորվել և ստեղծել «Ավոդա» կուսակցությունը /Աշխատավորական կուսակցություն/։ Նա կուսակցութան քարտուղարներից մեկն էր։

1981-ին Պերեսն էր գլխավորում աշխատավորական կուսակցության նախընտրական ցուցակը։ Սակայն կուսակցությունն ընտրություններում պարտություն է կրում և Պերեսը զբաղեցնում է խորհրդարանական ընդդմիության ղեկավարի պաշտոնը։ 1984-ի ընտրություններին, չնայած Պերեսն ու «Ավոդան» ֆավորիտների թվում էին, սակայն միանշանակ հաղթանակ չեն տանում։ Ձևավորվում է ազգային համաձայնության կառավարություն, որի ղեկավար է դառնում Շիմոն Պերեսը։

Հետագա կառավարությունների օրոք նա մի շարք նախարարություններ է ղեկավարում։ Իսկ 1995-ին երկրի վարչապետի սպանությունից հետո նա կարճ ժամանակով՝ մինչև 1996 թվականը զբաղեցնում է վարչապետի աթոռը։ 1996-ին «Ավոդայի» կողմից առաջադրվում է վարչապետի առաջին ուղիղ ընտրություններում, սակայն պարտվում է Նեթանյահուին։

Պերես նախագահը

Դեռ 2000 թվականին Պերեսը նախագահի աթոռի հավակնորդներից էր։ Սակայն խորհրդարանում ընտրության ժամանակ նա պարտվում է իր մրցակցին՝ Լիկուդ Մոշե Կացավին։

2007-ին, երբ կրկին նախագահական ընտրություններ էին, Պերեսն առաջին փուլում ստանում է 120 պատգամավորներից միայն 57-ի քվեները։ Երկրորդ փուլում, երբ մյուս թեկնածուները հրաժարվում են պայքարից, նա նոր միայն ստանում է 86 քվե։

Եվ չնայած Իսրայելում նախագահի պաշտոնը ներկայացուցչական է, Պերեսը ջանք ու եռանդ չի խնայել իր գիտելիքը, հեղինակությունն ու կապերը նաև այս կարգավիճակում իր երկրին ծառայեցնելու համար։ Պատահական չէ, որ նա ունեցել է ամենատարեց, բայց միաժամանակ չափազանց գործունյա նախագահի համարում։

Շիմոն Պերեսը մահացել է 2016 թվականին, 94 տարեկան հասակում։

Պերեսը հուշերում

Անկեղծ ազգային, անկեղծ սոցիալիստ և անկեղծորեն համամարդկային խնդիրներով մտահոգված գործիչ էր․ այսպես է բնորոշում Պերեսին Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ 1-ին վարչապետ Վազգեն Մանուկյանը, որի հետ շփվելու առիթ է ունեցել 1991-ին։

Պարոն Մանուկյանը հիշում է, որ 90-ականներին Ամստերդամում գլոբալ համաժողով իրականացնելու նախաձեռնություն կար։ Այնտեղ էլ հանդիպել է Պերեսի հետ։

«Օրինակ՝ կոմունիստական ռեժիմի ժամանակ, եթե մեկը կոմունիստ էր, դա բացարձակապես ոչինչ չէր ասում իր գաղափարախոսության մասին։ Այժմ էլ կան մարդիկ, որ լիբերալ են, ազգային կամ սոցիալիստ, բայց դրա տակ խորը համոզմունքներ չկան։ Շիմոն Պերեսը նվիրված էր իր ժողովրդին ու ազգին։ Նա նաև հավատացյալ, ուղնուծուծով սոցիալիստ էր։ Եվ քանի որ հրեաները համաշխարհային ազգ են, ինքը նաև լուրջ էր վերաբերվում միջազգային բոլոր խնդիրներին»,- ասում է Մանուկյանը՝ հավելելով, որ չնայած անցած ուղուն Պերեսը պարզ մարդ էր, որը գիտեր իր արժեքը, բայց մեծամիտ չէր։

Մանուկյանը նաև շեշտում է, որ Պերեսը բարձր էր գնահատում հայերին՝ ասելով, որ սոցիալիզմի հիմնադրման մեջ հայերը մեծ դերակատարություն են ունեցել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: