Հայերեն   English   Русский  

Աշխարհը մի քիչ ավելի բարի դարձնելու ձգտումով...


  
դիտումներ: 4442

Նոյեմբերի 1-ին նշվում է Բուսակերների միջազգային օրը:

Այս առիթով էլ հանդիպել ենք Հարություն Դաշտոյան (տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Xoharar.am նախագծի համակարգող) և Փառանձեմ Հովհաննիսյան (լրագրող, մեդիա մենեջեր, «Happy Youth»՝ «Երջանիկ երիտասարդություն» ՀԿ հիմնադիր) զույգին: Այս երիտասարդների միության հարցում բուսակերությունը խաղացել է իր կարևոր դերը, և նրանք արդեն տարիներ շարունակ այն դարձրել են իրենց ընտանիքի կենսակերպը՝ օրինակ դառնալով շրջապատին:

Հարությունը պատմում է՝ մոտ տասը տարի առաջ որոշել է Մեծ Պահք պահել առաջին անգամ՝ 49 օր շարունակ օգտագործելով միայն բուսական սնունդ, որից հետո արդեն կենդանական սնունդ օգտագործելու ցանկությունը վերացել է: Բայց նա միանգամից չի դարձել բուսակեր: Սկսել է ուսումնասիրել բուսակերություն երևույթը՝ փորձելով ավելի լավ հասկանալ դրա էությունը: «Սկզբում իմ սննդակարգից դուրս եկավ մսամթերքը՝ տավարի ու հավի միսը, ձուկը, հետո՝ արդեն ձուն ու կաթնամթերքը: Այդպես աստիճանաբար ամբողջությամբ անցա բուսակերության: Երբ անկանոն ես սնվում՝ ուշադրություն չդարձնելով սննդիդ, դժվար է գիտակցելն ու հասկանալը, որ անգամ ամենաչնչին փոփոխությունը սննդի մեջ կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ քեզ վրա: Օրինակ՝ հիմա ինձ ավելի թեթև եմ զգում, միտքս ավելի պայծառ է աշխատում ու ավելի մաքուր է, էներգիան՝ ավելի շատ է: Եվ բացի դրանից՝ օրգանիզմիս դիմադրողականությունն է բարձր, ինչի արդյունքում հազվադեպ եմ վարակվում սեզոնային գրիպներով: Ինչպես նաև տարիների ընթացքում զգում եմ, որ հոգեպես ավելի խաղաղ եմ դառնում»:

Փառանձեմը բուսակերությունը համարում է ամենօրյա ընթացք՝ պայմանավորած ոչ միայն ինչ-որ սննդատեսակներից հրաժարումով, այլև հոգևոր իրողություններով: Նա չի ընդունում այն փաստը, որ կարող ես միս չօգտագործել, բայց մարդկանց անդադար նեղացնել: Զրուցակցիս համար ավելի լավը դառնալու ձգտումը, դիմացինին օգտակար լինելու ցանկությունը, ներքին խաղաղության պահպանումն ու որևէ մեկին չվնասելու մղումն առաջնային սկզբունքներ են: Նա պատմում է, որ բուսակեր դառնալու իր կյանքի ընթացքը սկսվել է այն օրվանից, երբ ընկերներից մեկի տանը դիտել է մի վավերագրական տեսանյութ այն մասին՝ ինչպես են սարերում փոքրիկ ձիուկներին մորթում և նրանց մսից պատրաստում թանկանոց երշիկներ: Փառանձեմը խոստովանում է, որ այդ շրջանում հենց այդ երշիկն է շատ սիրել, բայց տեսանյութի ազդեցությամբ հրաժարվել է՝ գալով բուսակեր դառնալու որոշման: Նա գտնում է՝ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, որ կարողանա իր խղճի, ինքն իր հետ հանգիստ լինել, ինչպես նաև սովորի անարդարություններին ոչ թե հախուռն արձագանքել, այլ հանգիստ՝ չխախտելով իր ներքին սկզբունքները:

Հարություն Դաշտոյան, Փառանձեմ Հովհաննիսյան

Հաջորդիվ անդրադարձանք հասարակության՝ բուսակերների հանդեպ ունեցած վերաբերմունքին: Հարությունն ընդունում է, որ իրենց և հասարակության մյուս անդամների միջև կան հակադրություններ՝ պայմանավորված ընդհանուր կանոններից շեղվելու փաստով:

«Իմ մտերիմ բարեկամներն ու ընկերները բոլորն արդեն դեպքերի բերումով գիտեն բուսակեր լինելս: Իսկ ահա անծանոթ միջավայրում մշտապես հայտնվում ես ուշադրության կենտրոնում, ուզում են հասկանալ բուսակեր դառնալուդ պատճառը, անընդհատ հարցեր են տալիս: Սկզբնական շրջանում նեղսրտում էի, բայց հիմա ավելի փորձառու եմ և մեծ ուրախությամբ եմ պատասխանում բոլոր հարցերին, անգամ խորհուրդներ տալիս, բացատրում՝ պարտադիր չէ, որ բոլորն ունենան նույն սննդային նախասիրությունները: Իրականում հնում մեր ազգային ուտեստները բուսական հիմքով են եղել: Միսը հետագայում է ավելացել: Ճաշատեսակները կարծես մոդեռնիզացվել են: Դրա լավագույն օրինակը տոլման է: Բոլորին թվում է՝ այն պետք է մսով լինի, բայց մենք ունենք բուսական միջուկով տոլմաների հսկայական տեսականի: Ի վերջո, շատերն ուղղակի չգիտեն՝ ինչպես ճիշտ սնվել, ինչի պատճառով էլ ունեն բազմաթիվ խնդիրներ»,-պատմում է Հարությունը և նկատում նաև, որ արտասահմանում այսօր բուսակերությունն այնքան է տարածվել, որ միջոցառումների ժամանակ սնունդը նախատեսվում է թե´ մսակերների, թե´ բուսակերների համար, և ավելորդ կարիք չի լինում բարձրաձայնելու բուսակեր լինելդ:

Այդ մշակույթը Հայաստանում դեռ նոր է ձևավորվում: Երևանում արդեն կան բուսակերների համար նախատեսված բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ: Հարությունը նաև հայտնում է, որ այդ շրջանակներում իրենք իրականացնում են Xoharar.am նախագիծը, որի նպատակն է բուսակերության մշակույթի տարածումը Հայաստանում: Նախագիծն իրականացնում են ընտանիքով և ընկերով, որոնք միավորվել են նույն գաղափարի շուրջ: Փառանձեմը հավելում է, որ ունեն և´ կայք, և´ ՖԲ էջ, որի շրջանակներում իրականացնում են բազմաթիվ միջոցառումներ, դասախոսություններ, սեմինարներ, օնլայն սեմինարներ, հանդիպումներ, քննարկումներ, ֆիլմերի դիտումներ և այլն: Նա շեշտում է, որ ժամանակի ընթացքում հասկացել է՝ մարդկանց հեգնանքին, քննադատություններին, թերահավատությանն իրենց ունեցած նախընտրելի պատասխանը անձնապես օրինակ ծառայելն ու սեփական խոհարարական հմտությունների ցուցադրումը պետք է լինի: «Ամեն մարդ ազատ է իր որոշման մեջ՝ ինչպես սնվել, ինչպես ապրել: Ես չեմ կարող որևէ մեկին ասել հրաժարվիր ինչ-որ ուտելիքից կամ մի հրաժարվիր, բայց կարող եմ խնդրել, որ մի քիչ ավելի բարի լինի: Ինձ համար բուսակերության սահմանն ավելի շատ դա է: Դրա համար ես ունեմ բազում մսակեր ընկերներ, որոնց հոգևոր արժանիքները, սակայն, անժխտելի են: Բայց և կան մարդիկ, որ շատ սկզբունքային են իրենց բուսակեր լինելու հարցում և երբեք չեն շփվի մեկի հետ, ով ամեն օր միս է ուտում»,-պարզաբանում է Փառանձեմը:

Զրուցեցինք նաև ավանդապաշտ բուսակերներից, այսպես ասած՝ վեգաններից, որոնք առանձնանում են թե´ տարբեր մթերքների, թե´ կենդանիների շահագործման արդյունքում ստեղծված ցանկացած առարկայի օգտագործման հարցում ունեցած իրենց ծայրահեղականությամբ: Հարությունն ասաց, որ հետևում է վեգանիզմին, բայց կյանքի տարբեր երևույթների հանդեպ ունի ավելի շատ բնապահպանական մոտեցում: Ելնելով Երկիր մոլորակի էկոլոգիական վիճակի վատթարացումից՝ նա փորձում է, օրինակ՝ հնարավորինս քիչ աղբ ստեղծել, և եթե որևէ աղբ է առաջանում, վերամշակել: Փառանձեմն էլ նկատեց, որ ձգտում է հետևել վեգանների կանոններին, բայց միշտ չէ, որ ստացվում է հավատարիմ մնալ դրանց: Եվ նա բերում է ամենապարզ օրինակը՝ կապված իրենց որդու հետ, ում համար, ասենք, շատ դժվար է գտնել որակյալ կոշիկ, որ կաշվից չլինի: Այստեղ մեզ հետաքրքեց նաև փոքրիկի ճաշացանկը: Պարզվեց, որ նա, բացի կաթի օգտագործումից, մնացած հարցերում բուսակեր է:

Հարությունը համոզված է՝ ժամանակի ընթացքում իրենց որդին էլ գիտակցված մոտեցում կունենա բուսակերությանը: Փառանձեմն էլ, ի պատասխան մեր մտավախությանը՝ արդյոք բուսակերությունը չի խանգարում փոքրիկի բնականոն աճին, հայտնում է՝ իրենց ամենամսյա այցելությունները բժշկին ապացուցում են, որ ամեն ինչ կարգին է: Նա նաև շեշտեց, որ չի ցանկանում որևէ սահմանափակում մտցնել որդու համար, բայց զարմանալիորեն անգամ այս տարիքից փոքրիկն ուտում է միայն այն, ինչ ուտում են ծնողները: Փառանձեմը փոքրիկի առօրյայի հետ կապված տարբեր հանգամանքներ համարում է իրենց անձնական օրինակի լավագույն նմուշները՝ որպես այդպիսին առանձնացնելով որդու մեկամյակի ու ատամհատիկի առթիվ կազմակերպված տոնը Բյուրականի Տոնացույց ավանդական տոների ու ծեսերի թանգարանում:

«Ամեն ինչ կազմակերպել էինք ավանդական ձևերով և հյուրասիրության համար օգտագործել միայն բուսական սնունդ: Ժողովուրդն ունի այսպիսի խոսք՝ մայիսին ուտել մայիսը, ապրիլին ուտել ապրիլը և այլն: Քանի որ մեր երեխայի ծնունդը մայիսին էր, մենք կերանք մայիսի բոլոր բարիքները՝ տարբեր խոտեր, բուսական տոլմաներ և այլն: Շատերն ուղղակի հիացել էին, թե ինչքան հետաքրքիր բարիքներ ունի բնությունը: Մեր անգամ մսակեր ընկերներն էին զարմացել՝ ինչպես կարելի է առանց մսի էլ կուշտ լինել և այս դեպքում՝ նաև այդքան թեթև»,-նշում է Փառանձեմը:

Այն հարցին՝ դժվար չէ արդյոք ամենօրյա ճաշացանկի կազմակերպումը, Հարությունը միանգամից հակադարձեց, որ իրենց սննդակարգն ավելի քան հարուստ է: «Երբ նոր էի դարձել բուսակեր, և դեռ ամուսանցած էլ չէի, բավական դժվար էր: Եվ սկսեցի աստիճանաբար խոհարարական հմտություններ զարգացնել, որի արդյունքում այսօր սիրողական խոհարար եմ ու իմ սննդի հարցերը արդեն մեծամասամբ ինքս էլ հոգում եմ, և դա անում եմ սիրով, որովհետև հատուկ ձևերով եմ պատրաստում»,- անկեղծանում է Հարությունը: Փառանձեմն էլ ժպիտով նկատում է, որ դրանով պայմանավորված էլ իրենց խոհանոցը բաժանված է երկու մասի, որոնցից մեկը Հարությունն է օգտագործում, մյուսը՝ ինքը՝ իր ու երեխայի համար:

Վերջում հետաքրքիր էր տեղեկանալ՝ Հայաստանում նշվու՞մ է արդյոք Բուսակերների միջազգային օրը: Հարությունը նկատեց, որ տարեցտարի ավելանում է հետաքրքրությունը բուսակերության, ճիշտ սնվելու, առողջ ապրելակերպի հանդեպ, ինչի արդյունքում էլ շատանում են տոնը նշողները: Այս տարին ևս բացառություն չի լինի: Նա հույս է հայտնում, որ Հայաստանում վաղ թե ուշ մարդիկ կհասկանան բուսակերության առավելությունները և կսկեն գիտակցված սնվել: Արդյունքում հասարակությունն առավել առողջ կլինի, և միաժամանակ կբարելավվի երկրի էկոլոգիական ու տնտեսական վիճակը: Իսկ ահա Փառանձեմի համար այդ բոլոր տոները փոքր-ինչ արհեստական են: Ճիշտ է, օգնում են տեղեկատվական քարոզին հասարակության շրջանում, բայց տոնի զգացողություն ամեն օր պետք է ունենալ և ամեն օր ապրել բուսակերության ենթադրելի կանոններով, ինչն էլ հենց կլինի իսկական ուրախության առիթ: Փառանձեմի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք ամեն օր պետք է վերլուծի իր ներքին պահանջներն ու ամեն գիշեր հանգիստ խղճով քուն մտնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: