Հայերեն   English   Русский  

«Հանրային խորհրդից բացի չկա որևէ այլ մարմին, որը կարողանա բոլոր ոլորտների համար հարթակ ծառայել» Աշոտ Հակոբյան


  
դիտումներ: 2400

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը խոստովանում է, որ երբ իրեն առաջարկել են դառնալ Հանրային խորհրդի անդամ, մի պահ տարակուսել է, քանի որ շատերի պես կարծել է, թե կառույցը ձևական բնույթ է կրում:

Ուսումնասիրելով խորհրդի գործունեությունը, «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև հաշվի առնելով հայաստանյան ներկա իրավիճակը՝ հասկացել է, որ աշխատելու և ազդելու իրական հնարավորություններ կան ու համաձայնել է:

«Ինձ համար Հանրային խորհրդի արդյունավետ աշխատելու և բարձր հեղինակություն ունենալու երեք կարևոր հիմք կա՝ իրավական համապատասխան բազա, քաղաքական կամք իշխանության կողմից և աշխատելու պատրաստակամություն ու կամք Հանրային խորհրդի անդամների կողմից: Ուսումնասիրություններս ցույց տվեցին, որ իրավական հենքը, այսինքն «Հանրային խորհրդի մասին» օրենքը բավականին հաջող օրենք է և թույլ տալիս է արդյունավետ աշխատել (իհարկե, որոշ փոփոխությունների կարելի է անել), երկրորդ ֆակտորը՝ իշխանությունների քաղաքական կամքը, ենթադրում եմ, որ պետք է լինի, այսինքն, եթե այժմ Հայաստանում ժողովրդի իշխանությունն է հաստատվել, ապա Հանրային խորհրդի կարծիքը հաշվի չառնելն ուղղակի չեմ պատկերացնում: Ինչ վերաբերում է երրորդ ֆակտորին՝ Հանրային խորհրդի անդամների պատրաստակամությանը՝ աշխատելու, ապա ես տեսնում եմ, որ ներկա Հանրային խորհրդի կազմը ի վիճակի է լավ աշխատելու և դրանով իսկ ստիպելու իշխանությանը հաշվի նստել Հանրային խորհրդի հետ»:

Աշոտ Հակոբյանի կարծիքով՝ Հանրային խորհուրդը պետք է լինի այն հարթակը, որտեղ կառավարությունը կզգա հասարակության զարկերակը, հասարակությունը՝ կառավարության:

«Հանրային խորհրդից բացի չկա որևէ այլ մարմին, որը կարողանա բոլոր ոլորտների համար հարթակ ծառայել, և որտեղ հնարավոր լինի ամենատարբեր բարդության հարցեր քննարկել, փորձագիտական եզրակացություններ կատարել ու ներկայացնել կառավարությանը»,-նշում է Հակոբյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ այսօրվա իշխանությունները կարևորեն Հանրային խորհրդի դերը: «Եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ իրենք ևս Հանրային խորհուրդը դիտարկում ենք այն հիմնական հարթակը, որտեղ բիզնես ոլորտը, քաղաքացիական հասարակությունը և պետական կառույցները պետք է շփվեն իրար հետ, և հանրության լայն շերտերին հորդորի իրենց ներկայացուցիչներին գործուղել ՀԽ հանձնաժողովներ, ապա պետական կառույցները շատ ուշադիր կհետևեն և կարձագանքեն Հանրային խորհրդի կողմից ստացած ցանկացած գրության: Հետևաբար, այդ զարկերակի էֆեկտը մենք կստանանք: Նաև շատ կարևոր է, որ հանրության մեջ կարևոր դերակատարում ունեցող քաղհասարակության կառույցներն իրենց ներկայացուցիչներն ունենան Հանրային խորհրդում, որը որակ կհաղորդի խորհրդին: Մենք կոչ ենք անում հասարակությանը ակտիվորեն ներգրավվել խորհրդի աշխատանքների մեջ և ձևավորել Հանրային խորհրդի հանձնաժողովները,: Ես հույս ունեմ, որ այսուհետ Հանրային խորհուրդը շատ ավելի արդյունավետ ձևով կաշխատի»:

Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որոնցից յոթը գործող Հանրային խորհրդի անդամներ են, ութը՝ նոր անդամներ:

Այդպիսով, մեկնարկեց նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը:

Հանձնաժողովներում ընդգրկվելու վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 8-ն է (պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով):

«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նոր Հանրային խորհուրդը բաղկացած է լինելու 45 անդամից նախկին 36-ի փոխարեն: Առաջին 15 անդամների նշանակումից հետո 30-օրյա ժամկետում պետք է ձևավորվեն Հանրային խորհրդի 15 հանձնաժողովները: Հանձնաժողովների ձևավորումից հետո 3-շաբաթյա ժամկետում հանձնաժողովներում ընդգրկված անձիք գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձաժողովների նախագահներ, որոնք դառնում են Հանրային խորհրդի հաջորդ 15 անդամները: Այնուհետև 20-օրյա ժամկետում Հանրային խորհրդի 30 անդամները ներկայացնում, քննարկում և ընտրում են վերջին 15 անդամներին: ՀԽ 45 անդամների կազմը հաստատելուց հետո ՀՀ վարչապետn այդ կազմից ՀՀ կառավարություն է ներկայացնում Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը, որը հաստատվում է կառավարության նիստում: Այդ պահից սկսած նոր Հանրային խորհուրդը համարվում է ձևավորված և անցնում իր լիազորություննների կատարմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: