Հայերեն   English   Русский  

Թուրքիայի պաշտպանության նախարար սպառնացել է քրդերին. «Ձեզ թաղելու ենք ձեր իսկ փորած խրամատներում»


  
դիտումներ: 622

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խոսել է Սիրիայի տարածքում` Երփատ գետի արևելյան հատվածում, տեղի քրդական ուժերի դեմ սպասվող ռազմական գործողության մասին։

Օրեր առաջ մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Թուրքիայի նախագահը, հայտարարեցին, որ երկրի զինված ուժերը ռազմական գործողություն են սկսելու քրդերի դեմ։

Աքարը, հաստատելով քրդերի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու մտադրությունը, ասել է.

«Սիրիայի Աֆրին քաղաքում մենք սպանեցինք 4500-ից ավելի քուրդ զինյալներ։ Չնայած, որ Սիրիայի քրդերին Մանբիչից դուրս բերելու մասին խոստումներ տրվեցին, այնուամենայնիվ դրանք չիրականացան, և ահաբեկչական կազմակերպությունը, ինչպես Աֆրինում, այնպես էլ Մանբիչում խրամատներ փորեց և ամրապնդվեց։ Ահաբեկիչները (քուրդ զինյալներ) պետք է իմանան, որ իրենց թաղելու ենք իրենց թաղած խրամատներում»։

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական կառույցներին համարում է ահաբեկչական և նույնացնում իր տարածքում գործունեություն ծավալող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ։

Սիրիայի քրդական ուժերի դեմ Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացրած ամենալայնամասշտաբ ռազմական գործողությունը եղել է Սիրիայի Աֆրին շրջանում՝ «Ձիթենու ճյուղ» անվամբ։ Այդ գործողության հետևանքով Աֆրինը դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: