Հայերեն   English   Русский  

​ՅՈՒՐԻԳԸ…


Ֆեյսբուքյան գրառում


  
դիտումներ: 1625

Այսպես էինք մենք, գյումրեցիներս, կոչում նրան…

Hayk Demoyan-ի լուսանկարը:Յուրի Վարդանյանն իմ և ընտանիքիս համար ավելին էր, քան համաքաղաքացի և հպարտության արժանի աշխարհի չեմպիոն համարվելը: Նա մեր հարևանն էր, քեռուս և հորեղբորս դասընկերը, իմ մանկության լենինականյան լուսավոր հիշողությունների անբաժան մասը… Պատկերացրեք, որ դուք սովորում եք նույն դպրոցում, որտեղ չեմպիոնին դասավանդած ուսուցիչները հպարտությամբ խոսում են իրենց աշխարհահռչակ աշակերտի մասին և խնդրում են քեզ, որպեսզի այցելեմ և չեմպիոնից ինքնագիր-ստորագրություն վերցնեմ իրենց համար, իսկ դպրոցի (Լենինականի Լ. Տոլստոյի անվան No. 22 միջնակարգ դպրոց) երրորդ հարկում մի ողջ պատ ողողված էր նրա չեմպիոնական լուսանկարներով… Իսկ դա մեզ, պատանիներիս, ներշնչում էր իրեն նմանվել ու անել ավելին, քան կարող էինք… Ու պատկերացրեք, երբ վերադառնում եք տուն և հարևանի ավտոտնակում տեսնում եք աշխարհի չեմպիոնին թեթև մարզումների ժամանակ, իսկ նրա բնակարանը մեզ համար մի հեքիաթային աշխարհ էր՝ բազմաթիվ ու բազմագույն գավաթներով ու մեդալներով լի: Դրանք այնքան շատ էին, որ 1986 թ. Յուրին խնդրեց հորս հատուկ սեյֆ պատրաստել՝ դրանք անվտանգ պահելու համար, ինչը հայրս սիրահոժար արեց:

Իսկ մենք այդ ընթացքում պատանեկան խանդավառությամբ հեծնում էին Վրաստանից բերված ձիերը, որոնք Լենինականում էին՝ «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմի նկարահանումների համար և պահվում էին մեր տան հարևանությամբ: Շատ էր սիրում մորս պատրաստած ավելուկով ճաշը, որը վերջին անգամ մեր հարկի տակ համտեսեց 2008թ.՝ այս անգամ երևանյան բնակարանում:

Չեմպիոնի տեսախցիկի շնորհիվ արձանագրվեց 1985-86թթ. մինչ երկրաշարժյան Լենինականի ընտանեկան կյանքի դրվագներն ու հավաքները, որոնք պարբերաբեր դիտում ենք՝ անցավորաց վերհիշելու համար… Այժմ նա էլ անցավ նրանց շարքը`իր մահով ցնցելով բոլորիս…

Շնորհակա´լ ենք քեզ, չեմպիոն….
Աստված հոգիդ լուսավորի…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: