Հայերեն   English   Русский  

Մարիամ Մերաբովան հանդես կգա Հայաստանում «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով


  
դիտումներ: 1731

Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան հանդես կգա Հայաստանում «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով: Համերգային երեկոն կանցկացվի նոյեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունց) հեղինակային մեկնաբանությամբ ծրագրում կներկայացվեն համաշխարհային ջազի դասական գործեր, ինչպես նաև Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մարկ Մինկովի, Վալերի Զուբկովի, Մարկ Ֆրադկինի, Ժորժ Կարվարենցի, Արմեն և Լևոն Մերաբովների երգերը: Դրանց հիմքում Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաևայի, Մարիամ Մերաբովայի բանաստեղծություններն են: Համերգի ընթացքում ելույթ կունենա նաև «Miraif» նախագծի գեղրավեստական ղեկավար, դաշնակահար և կոմպոզիտոր Արմեն Մերաբովը: Համերագային ծրագրում մասնակցություն կունենա նաև Լևոն Մերաբովը: Ավագ սերնդին նա հայտնի է «Робот» (Ալլա Պուգաչյովա), «Домовой» (Կլավդիա Շուլժենկո), «Пятое время года» (Մուսլիմ Մագոմաև) երգերով: Խորհրդային տարիներին Լևոն Մերաբովը 10 տարի հեղակավարել է Մագոմաևի ջազային նվագախումբը:

Հավելենք, որ «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագիրը հեղինակային երգի և համաշխարհային հիթերի, սովետական երգի ոսկե ֆոնդի սիրված մեղեդիների, ինչպես նաև հոլիվուդյան հիթերի համադրությունն է:

Նշենք, որ Մարիամ և Արմեն Մերաբովները մենահամերգներով Հայաստանում հանդես են եկել բազմիցս: Նրանց առաջին համերգը Երևանում տեղի է ունեցել 2011 թ.: 2013-ին Մարիամ և Արմեն Մերաբովները մասնակցել են Էմիլ Կարատի կազմակերպած «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնին, հանդես են եկել «Ջազի օր երեկոյին»: Իսկ 2015-ին Մարիամ Մերաբովան հաջողված համերգային շրջագայությամբ հանդես է եկել Հայաստանում և Արցախում:

Մարիամ Մերաբովան ունի խորը թավշյա ձայն, որի շնորհիվ կարողանում է կատարել ցանկացած ոճի երաժշտություն: Նրա երկրպագուների համար մեծ բացահայտում էր այնն, թե ինչպես է Մերաբովան ինքնատիպ ձևով և ոճով կատարում սովետական էստրադային երգեր:

Մերաբովայի տաղանդի բազմակողմանիության շնորհիվ երգչուհին ունի վառ երկացանկ, որը կներկայացվի Երևանում «100 երջանկության ժամ» ծրագրի ընթացքում:

Մերաբովայի յուրաքանչյուր ելույթ նորույթ է, պրեմիերա, բացահայտում: Փաստի վառ ապացույցն այն է, որ արտիստը հաջողությամբ մասնակցել Ռուսաստանի Առաջին ալիքի «Голос», «Новогодняя ночь», «Три аккорда» նախագծերին, մասնակցել մաեստրո Ռայմոնդ Պաուլսի հոբելյանական համերգին, Տատյանա Տարասովայի հոբելյանական սառցե շոուին, ինչպես նաև «Սառույցի արքաները Երևանում» սառցե շոուին: Նա նաև հանդես է եկել «Новая волна» փառատոնին՝ Նիկիտա Միխալկովի կինոյին նվիրված երեկոյին:

Հավելենք, որ երևանյան համերգի կազմակերպիչն է «Emile Karat studio»-ն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: