Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայի անդրծովյան տարածքը հրաժարվեց անկախությունից


  
դիտումներ: 1449

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ֆրանսիական անդրծովյան տարածքում՝ Նոր Կալեդոնիա կղզիներում, հանրաքվե անցկացվեց անկախանալու հարցով: Հանրաքվեի նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ընտրողների մեծամասնությունը որոշել է մնալ Ֆրանսիայի կազմում:

Ինչպես հաղորդում է Le Figaro-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, ընտրողների 90 տոկոսի ձայները հաշվելուց հետո պարզ է դարձել, որ նրանց 56.8 տոկոսը մերժել է Նոր Կալեդոնիայի անկախությունը: Մասնակցությունը հանրաքվեին բավական բարձր է եղել՝ 81 տոկոս:

Նոր Կալեդոնիան կղզեխումբ է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ 15 հազար կմ հեռու Փարիզից և Ֆրանսիական կայսրության մաս է կազմել 1853 թվականից: 1998 թվականից Նոր Կալեդոնիան հանդիսանում է Ֆրանսիայի հատուկ վարչա-տարածքային կազմավորում: Համաձայն Նումեյան համաձայնագրի, որ ստորագրվել է նույն թվականին բնիկ բնակչության անջատողականների բռնի արշավից հետո, մինչև 2018 թվականը Նոր Կալեդոնիայում պետք է անցկացվի հանրաքվե տարածքի կարգավիճակի հարցով: Ըստ 1998 թվականի պայմանագրի՝ առաջին հանրաքվեում անկախության կողմնակիցների պարտության դեպքում նրանք հնարավորություն կունենան մինչև 2022 թվականը կազմակերպելու ևս երկու նման հանրաքվե:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: