Հայերեն   English   Русский  

​«Չիպոլինո»․ մեծ նվեր օպերային թատրոնին և բոլոր երեխաներին


  
դիտումներ: 2704

Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ երեկոյան իսկական տոն էր։ Թատրոն էին շտապում մեծեր ու փոքրեր, իսկ շքամուտքից ներս հյուրերին դիմավորում էին ոչ ավել, ոչ պակաս՝ «Չիպոլինոյի» հերոսները իրենց գունագեղ ու վառ հագուստներով։

Այո, օպերային թատրոնում մեծ պրեմիերա էր։ Առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացվում էր մեր տաղանդավոր հայրենակցի՝ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» հայտնի մանկական բալետը։

Չիպոլինո

Մինչ ներկայացման կսկսվելը թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընդունելության սրահում արտասովոր իրարանցում էր․ վառվռուն փուչիկներ, լույսեր, գեղեցիկ միջավայր ու ամենակարևորը՝ տոնական մեծ տորթ «Չիպոլինոյի» կերպարներով։ Այդ սրահում անկասկած շատ մեծամեծեր են հյուրընկալվել, բայց այդ երեկոյի հյուրերն առանձնահատուկ էին։ Նրանք «Օրրան» բարեգործական կազմակերպության երեխաներն էին, որոնցից շատերն առհասարակ առաջին անգամ էին ոտք դրել Օպերայի շենք։

Ընդունելության սրահում երեխաների հետ հանդիպեց Օպերային թատրոնի գլխավոր և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Նա զրուցեց երեխաների հետ, լուսանկարվեց, իսկ վերջում երեխաներից ամենափոքրի հետ կտրեց տոնական տորթը։ Փոքրիկ Դիանայի համար պահը պատմական էր։ Նա էլ էր առաջին անգամ գտնվում այն գեղեցիկ, կլոր շենքում, որը դրսից տեսել էր, կողքով անցել, հիացել, բայց չէր էլ կարող պատկերացնել, որ օրերից մի օր կհայտնվի ոչ միայն շենքի ներսում, այլև կհյուրընկալվի ընդունելության վիպ սրահում և մաեստրո Օրբելյանի հետ միասին կկտրի տոնական տորթը։ «Օրրանի» երեխաների համար այս անակնկալը Օրբելյանն էր նախաձեռնել, որը երեխաներին հրավիրել էր դիտելու «Չիպոլինոն»։

Չիպոլինո

Ժամը 19։00-ին հնչեց ներկայացման զանգը։ Դահլիճը լեփլեցուն էր։ Եվ քանի որ հանդիսատեսի կեսը երեխաներ էին, ոգևորությունն ու իրարանցումը մեծ էր։ Վարագույրները բացվելուն և առաջին նոտաները հնչելուն պես ակնհայտ էր, որ ներկայացումը հաջողված է։

Այդքան գունագեղ, վառվռուն, ուրախ և ռիթմիկ մթնոլորտ օպերային թատրոնում վաղուց չէր եղել։ Բեմական ձևավորումը, գույները, դեկորներն ու հագուստը, որոնք Ռուսաստանի Մեծ թատրոնից Հայաստան էին բերվել մաեստրո Օրբելյանի նախաձեռնությամբ և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ, պարզապես տոնական հրավառություն էին ապահովում դահլիճում և փոքրիկ հանդիսատեսին ստիպում աչք չկտրել բեմից։ Կոշկակար Խաղողը, քավոր Դդումը, աղջիկ Բողկը, սինյոր Պոմիդորը, իշխան Լիմոնը և իհարկե ներկայացման գլխավոր հերոս սոխ-տղան՝ Չիպոլինոն, շատ այլ գունագեղ հերոսների հետ միասին երկու ժամ շարունակ բարձր տրամադրություն ապահովեցին ոչ միայն դահլիճում գտնվող փոքրերի, այլև մեծերի համար։

Չիպոլինո

Այսպիսով, Հայաստանի օպերային թատրոնն իր խաղացանկը համալրեց հետխորհրդային շրջանի առաջին մանկական բալետային ներկայացմամբ, որն իսկապես մեծ ու կարևոր նվեր է հայ երեխաների համար։

Կոնստանտին Օրբելյանի հրավերով Հայաստանում գտնվող լեգենդար պարուսույց-բեմադրիչ, «Չիպոլինո» բալետի առաջին բեմադրիչ Հենրիխ Մայորովը, որը նաև այս ներկայացման բեմադրող բալետմայստերն էր, ուրախ էր, որ հայ հանդիսատեսը վերջապես հնարավորություն ունի տեսնելու մի բալետ, որը բեմադրվել է շատ ու շատ անվանի թատրոններում, սակայն երբևէ չէր բեմադրվել հեղինակի՝ Կարեն Խաչատրյանի հայրենիքում։

Ի դեպ, Հենրիխ Մայորովին անձամբ կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանն է հրավիրել բեմադրելու «Չիպոլինոն», որի համաշխարհային պրեմիերան կայացել է 1974 թվականին Կիևի Տարաս Շևչենկոյի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։

Չիպոլինո

«Չիպոլինոյի» հաջորդ ներկայացումը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, որից հետո այն կրկին բեմում կլինի ձմեռային արձակուրդների ժամանակ։

Չիպոլինո

Չիպոլինո

Չիպոլինո





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: