Հայերեն   English   Русский  

Պետբյուջեով ԿԳՆ-ին հատկացվող գումարը կաճի


  
դիտումներ: 2361

Պետական բյուջեից Կրթության և գիտության նախարարությանը հատկացվող գումարը 8.8 միլիարդ դրամով կաճի:

Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ մի շարք ուղղություններով արձանագրվել է հատկացվող գումարի աճ: Մասնավորապես, 2019-ին նախատեսվում է հանրակրթության ոլորտին հատկացվող գումարն ավելացնել 4,3 միլիարդ դրամով։

«Քննարկել ենք նաև դպրոցաշինության խնդիրները, մեծ գումարներ են հատկացվելու՝ ՀԲ-ի աջակցությամբ կրթության բարելավում ծրագրի վրա 2,8 միլիարդ դրամ, ինչը ենթադրում է նաև դպրոցների հիմնանորոգումներ»,-ասաց Հարությունյանը։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ միջին մասնագիտական ոլորտում և բազմաթիվ բուհերում օպտիմալացման անհրաժեշտություն կա.

«Մենք բազմաթիվ անգամ այս ընթացում անդրադարձել ենք խնդրին, որ կան բազմաթիվ բուհեր, այդ թվում՝ պետության մասնակցությամբ, որտեղ ունենք ոչ արդյունավետ գործունեություն, և այստեղ օպտիմալացման խնդիր կա»,-ասաց նա:

Ըստ նրա՝ նոր ծրագրեր են նաև նախատեսում իրականացնել, ինչպես աբոնեմենտային համակարգը դպրոցականների համար, ըստ որի՝ 360 հազար աշակերտ հնարավորություն կունենա անվճար այցելել երեք մշակութային հաստատություն:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց՝ արդյոք ավագ դպրոցների ընդհանուր հայեցակարգի հետ կապված մշակումներ անհրաժեշտ չեն այդ դպրոցների բովանդակությունը հասցնելու համար այն չափանիշին, որը սահմանված էր։

«10 տարի առաջ ներդնելով ավագ դպրոցը՝ ձևը հաղորդեցինք, բովանդակությունը՝ ոչ։ Սա է պատճառը, որ ամեն երկրորդ հարցը, որ ինձ տալիս են աշակերտների ծնողները, հետևյալն է՝ ե՞րբ ենք անցնելու տասնամյա կրթությանը։ Իդեալական կլինի, եթե մի քանի տարի հետո հասնենք նրան, որ աշակերտը ավագ դպրոցի գնահատականներով ընդունվի բուհ և դրանով մենք կվերացնենք կրկնուսույցներից կախվածությունը կամ անգիրի ինստիտուտը»,- նշեց Արայիկ Հարությունյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: