Հայերեն   English   Русский  

Նախագահի «ախրանայի» պետը կյանքս կերավ, իմ կաբինետից դուրս չէր գալիս. Մեսչյան


  
դիտումներ: 431

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր գլխավոր հաջողությունը կհամարի գլխավոր ճարտարապետի ինստիտուտի ձեւավորումը, որը, նրա կարծիքով, բացակայում է։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ նոյեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշում է՝ մինչ այժմ գլխավոր ճարտարապետները 100 տոկոսով կախյալ են եղել քաղաքապետի քաղաքականությունից. «Մինչեւ այսօր ինչու՞ գլխավոր ճարտարապետները կարողություն չունեին խոսել այն թեմաների մասին, որով ես եմ խոսում, որովհետեւ գլխավոր ճարտարապետները 100 տոկոսով կախյալ էին քաղաքապետի քաղաքականությունից։ Եթե քաղաքապետն ասում էր, այս ինչ տեղում, այս ինչ տղուն հողհատկացում արեք, ինքը շենք է կառուցում՝ այդտեղ գլխավոր ճարտարապետը անելիք չունի»։

Մեսչյանը պատմեց նաեւ, թե ինչու է հրաժարվել գլխավոր ճարտարապետի պաշտոնից, երբ առաջին անգամ էր նշանակվել այդ պաշտոնում. «Ես ինչու՞ դիմում գրեցի ու դուրս եկա, երբ առաջին անգամ գլխավոր ճարտարապետ էի, որովհետեւ նախագահի «ախրանայի» պետը կյանքս կերավ, բառից բուն իմաստով, իմ կաբինետից դուրս չէր գալիս, եւ ասում էր՝ պիտի տաս, ասում էի՝ իյա, իսկականի՞ց, ինչի՞ պիտի տամ, չեմ տալիս։ Եվ նա գնում ու բողոքում էր բոլոր ատյաններին եւ հետո ինձ զանգ էին տալիս՝ բա, պարո՛ն Մեսչյան, դու գիտե՞ք ում եք ասել ոչ։ Ասում եմ՝ ով ուզում է լինի, ինչ տարբերություն, իմ գլխին Աստվածն է, իմ քաղաքն է»։

Նա համոզված է՝ գլխավոր ճարտարապետը նա է, ով ունի իրավազորություն ասել՝ «ոչ»։ «Եթե գլխավոր ճարտարապետը «ոչ» ասելու իրավասություն չունի, ինքը թող գլխավոր ճարտրապետ չաշխատի»։

Մեսչյանի համոզմամբ՝ երբ գլխավոր ճարտարապետը դառնում է հլու–հնազանդ սպասավոր, դրանից վատ բան չկա. «Եթե ես կարողանամ կազմավորել գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, որ անկախ նրանից ով կլինի ինձանից հետո, այդ գործառույթը շարունակի, ես կմտածեմ, որ դա ամենամեծ հաջողոթյունն է, որին ես կարողանամ հասնել, որ ամեն մի քաղաքապետի ժամանակ այս ամենը չփոխվի, որովհետեւ երբ գլխավոր ճարտարապետը դառնում է հլու–հնազանդ սպասավոր, դրանից վատ բան չկա։ Ոչ մի գլխավոր ճարտարապետ, որ ունեցել է Երեւանը, որեւէ հատկանիշով ինձանից վատը չի եղել, բոլորը շատ լավ մասնագետներ էին, ուղղակի գործիքակազմը չունեին»,–եզրափակեց նա։

Նշենք, որ 1996 թ. Արթուր Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստանում զբաղեցնելու Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ նա սկսում է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ Վանո Սիրադեղյանի քաղաքապետ եղած ժամանակ, սակայն 1997 թվականի փետրվարին հրաժարվում է իր պաշտոնից եւ վերադառնում է Բոստոն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: