Հայերեն   English   Русский  

​Ընտրություններ՝ արտահերթ, արտակարգ և արտառոց


  
դիտումներ: 833

Մեկ ամիս, ավելի ստույգ՝ 32 օր է մնացել Ազգային ժողովի ընտրություններին, որոնք արտահերթ են և դրանով իսկ արտակարգ, քանի որ աննախադեպ են:

Մինչ այս երբեք Հայաստանի Հանրապետությունում խորհրդարան չի արձակվել և արտահերթ ընտրություններ չեն եղել, թեպետ եղել են խորհրդարանում բավական լուրջ ճգնաժամեր. բավական է հիշել միայն 1998 և 1999 թվականները:Բայց այս ընտրությունները նախ և առաջ կարելի է արտառոց որակել և ոչ բնավ սոսկ այն պատճառով, որ արտահերթ են ու աննախադեպ:

Սովորաբար Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, ի տարբերություն նախագահական ընտրությունների, հիմնականում խաղաղ էին անցնում, համենայն դեպս՝ սկսած 1999 թվականից: Բայց երբ 2015 թ. հանրաքվեով դարձանք խորհրդարանական կամ վարչապետական հանրապետություն, իրավիճակը, ինչպես գիտենք, տրամագծորեն փոխվեց:

Այսուհանդերձ նոր համակարգով առաջին՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն էլ խաղաղ անցան, ավելի քան խաղաղ, քանի որ ընտրողները հավատում էին, որ նախագահի կառավարման ժամկետն ավարտվում է և այժմ արդեն իշխանության գլուխ կկանգնի միանգամայն նոր անձնավորություն: Սակայն Սերժ Սարգսյանը խախտեց իր խոստումը, առաջադրվեց վարչապետ և դրա համար հատուցեց՝ ըմբոստացած հանրության ալիքի ճնշման տակ ընտրվելուց ընդամենը մեկ շաբաթ անց հրաժարական տալով:

Հետագա գործընթացների արդյունքում, որոնք բոլորիս քաջ հայտնի են, այժմ կանգնած ենք արտահերթ ընտրությունների շեմին: Եվ նախկինի պես անակնկալներ չեն սպասվում: Հայտնի է, թե որ քաղաքական ուժն է ամենից շատ ձայներ ստանալու (նույնիսկ տոկոսն է հայտնի) և ում է վարչապետ ընտրելու: Արտառոցն այն է, որ սրանով հանդերձ ընտրազանգվածը շփոթված է, մի համընդհանուր տարակուսանքի թե անորոշության մթնոլորտ է տիրում:

Երկու հարց է հիմնականում բոլորին անհանգստացնում. առաջին՝ ովքե՞ր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով պատգամավորի մանդատ ստանալու, երկրորդ՝ խորհրդարանում լինելո՞ւ է առհասարակ ընդդիմություն:

Երբ մայիսին Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց խորհրդարանում, այս նույն շփոթմունքը կար, թե ինչպես է կառավարություն ձևավորելու, քանի որ ակնհայտ էր՝ «Քաղաքացիական պայմանագիրը» մարդկային ռեսուրսներով չէր փայլում: Մի բան էր փարատում, որ դա լինելու է ժամանակավոր կառավարություն: Անցած ամիսների ընթացքում, անկասկած, տվյալ կուսակցությունը մեծացել է, բայց ի՞նչ մարդկանցով: Արդյո՞ք գաղափարակիցներով: Եվ ի՞նչ գաղափարների: Կամ ի՞նչ չափանիշներով է որոշվում՝ մարդը գաղափարակից է, թե ոչ:

Երբ Երևանի ընտրությունների ժամանակ ՔՊ-ն քննադատության թիրախ դարձավ այն պատճառով, որ ցուցակում ընդգրկել էր մի մարդու, որը նախկին նախագահի փեսայի՝ Միքայել Մինասյանի սանիկն է, կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Լենա Նազարյանը, լրագրողի հարցին բառացիորեն պատասխանեց. «Նա հեղափոխության օրերին շատ ակտիվ մասնակցել է ճանապարհներ փակելուն, կան նույնիսկ տեսանյութեր: Հայտնի ակցիան, որ կապված էր գորգերով ճանապարհ փակելու հետ, նա իրականացրել է Աբովյան փողոցում»: Ահա սա է չափանիշը, ճանապա՞րհ ես փակել, ուրեմն լայն ճանապարհ ես բացել քեզ համար դեպի Երևանի ավագանի կամ ՀՀ Ազգային ժողով:

Հենց երեկ ՔՊ-ի մյուս կարկառուն ներկայացուցիչը՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այն լուրերը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերածվում է այլ քաղաքական ուժերից դուրս եկած տարբեր տարրերի ապաստան, հողմաղացներ որակեց` հավելելով, որ անդամատոմս հանձնելիս հաշվի է առնվում դիմողի մասնակցությունը հեղափոխությանն ու նախկինում ՔՊ-ին ցուցաբերած աջակցությունը։

Այդ դեպքում ինչպե՞ս մոռանանք հենց նույն Ազգային ժողովում բոլորովին վերջերս նույն կուսակցության ղեկավարի, որ նույնն է՝ վարչապետի պաշտոնակատարի խոստովանությունը, թե ինչ մեծ հիասթափություն է ունեցել նույնիսկ հեղափոխությունից մի քանի շաբաթ անց, երբ պաշտոնի նշանակված ջերմեռանդ հեղափոխականները որպես մարդ «քանդուքար» են եղել: Քանի՞ հիասթափություն է եղել մինչև հիմա և դեռ քանի՞ հիասթափություն է լինելու այսուհետև, եթե մարդկանց ընտրելու չափանիշը նույնն է մնում՝ հեղափոխության ժամանակ ցուցաբերած ակտիվությունը: Իսկ որքա՞ն հիասթափություն է ունենալու ընտրազանգվածը, որ փաստացի առայսօր առաջնորդվում է մի կանխավարկածով՝ նախկիններն անազնիվ էին, իսկ հեղափոխությամբ եկածները՝ ազնիվ:

Եվ պարզվում է՝ հիմա էլ ընդդիմություն ունենալ-չունենալու խնդիր ունենք: Այն ուժը՝ ՀՀԿ-ն, որ իսկապես ընդդիմություն է, ամենայն հավանականությամբ ձայներ կստանա այն 50-ից ավելի տոկոս կազմող ընտրողներից, որոնք և՛ Երևանի, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին չմասնակցեցին: Բայց այն տոտալ հակահանրապետական քարոզչության պայմաններում, որ այս էլ վեց ամիս չի դադարում, դժվար է ասել, թե նախկին մեծամասնությունն այժմ որքան ձայն կստանա: Կասկած չկա, որ ապագա մեծամասնությունն ամեն ինչ կանի, որ այդ ձայները հնարավորինս քիչ լինեն:

Իսկ մյուս ուժերը, որոնք փորձում են ընդդիմություն ձևանալ, բնավ հավատ չեն ներշնչում որպես այդպիսին, քանի որ կա՛մ մինչև վերջերս ապագա իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ էին, կա՛մ հիմա էլ տարված են սերտ համագործակցության սիրահետումներով: Այս պայմաններում արդոք ճշմարիտ ընդդիմությունը կունենա՞ ձայների այն քանակը, որ կրիտիկական զանգված կազմի: Դժվար է ասել, թեկուզ եթե տեսականորեն ենթադրենք, որ խորհրդարան կմտնի նաև Դաշնակցությունը:

Մեծ է վտանգը, որ ունենալու ենք կառավարությանը 100 տոկոսով հլու-հնազանդ խորհրդարան, որի դերը՝ որպես իշխանության թև և կառավարությանը վերահսկող մարմին, հավասարվելու է զրոյի: Սա նշանակում է, որ երկրի ճակատագիրը հանձնվելու մեկ մարդու տնօրինությանը, որի հնարավոր սխալներից խուսափելու երաշխիք չենք ունենալու: Ամենայն հավանականությամբ ճշմարիտ ընդդիմությունը կլինի խորհրդարանից դուրս, ամենայն հավանականությամբ առկա «քնած» քաղաքական ուժերը կամաց-կամաց թափ կահավաքեն, ամենայն հավանականությամբ նոր ուժեր կառաջանան, բայց այդ ամենը ժամանակի հարց է, իսկ թե ինչ իրավիճակ կստեղծվի այդ ժամանակի ընթացքում, ինչպես ասում են, հայտնի է միայն Աստծուն:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: