Հայերեն   English   Русский  

«Սա մեքենա քշել չի, սա պետություն վարել է»․Հարություն Մեսրոբյան


  
դիտումներ: 2232

Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նորանշանակ անդամ Հարություն Մեսրոբյանը:

-Պարոն Մեսրոբյան, արդեն մի քանի ամիս է Հայաստանում գործում է հեղափոխության միջոցով իշխանության եկած նոր կառավարություն։ Այս պահին այն իհարկե ժամանակավոր է, սակայն փաստացի ՀՀ կառավարման իրականացնողն ու պատասխանատուն է: Իբրև կառավարման փորձագետ ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունը:

-Կարծում եմ` դեռևս չի կարելի գնահատական տալ այս կառավարության գործունեությանը: Հեղափոխության առաջնորդը միշտ էլ որոշակի պարտավորություններ (այդ թվում և բարոյական) ունի իր զինակիցների նկատմամբ: Դա վատ է, թե լավ, այլ խնդիր է, բայց փաստ է: Եվ շատ բնական է, որ գալով իշխանության՝ առաջնորդը սկզբնական փուլում հանգուցային տեղերում նշանակում է առաջին հերթին իրեն հավատարիմ մարդկանց, քանի որ հանգուցային տեղերը նաև պայթյունավտանգ են: Բնական է, որ որոշ ժամանակ անց սկսվում են և´ հին սխալներն ավելի սուր ձևով արտահայտվել, և´ կարող են լինել նոր սխալներ: Այնուամենայնիվ, մինչև խորհրդարանական ընտրությունները և նոր կառավարության ձևավորումը ճիշտ չէ գնահատել այս կառավարության գործունեությունը:

- Իսկ ե՞րբ հնարավոր կլինի հստակ և օբյեկտիվ գնահատական տալ։ Համենայնդեպս, արդեն տարբեր շրջանակներ որոշակի շեշտադրումներ ու կանխատեսումներ են անում։

-Խորքային և օբյեկտիվ գնահատական հնարավոր կլինի տալ, երբ իշխող ուժը հաղթի խորհրդարանական ընտրություններում, ապա ձևավորի նոր կառավարություն։ Այդ ժամանակ երկու հարց պետք է դիտարկել՝ ի՞նչ ծրագրով է հանդես գալիս կառավարությունը և ի՞նչ նշանակումներ է անում: Ավելին ասեմ, պատմական փորձը ցույց է տալիս, որ սկզբից պետք է ուշադրություն դարձնել նշանակումներին, հետո նոր՝ ծրագրին, որովհետև ծրագիրը կարելի է փոփոխել, լրացնել, իսկ մարդուն կարելի է միայն հանել: Նշանակումների դեպքում պետք է առաջին հերթին գնահատել տվյալ մարդու «բեքգրաունդը»: Մեզ մոտ այսպիսի մոլորություն կա․ երբ ինչ-որ մեկին, որը ժամանակին ինչ-ինչ պաշտոններ է զբաղեցրել, նշանակում են պաշտոնի, մարդիկ ասում են՝ կառավարման փորձ ունի: Բայց նախ պետք է գնահատել՝ այդ մարդու կառավարման փորձը դրակա՞ն է, թե՞ բացասական: Միգուցե 3 անգամ նախարար է եղել, 3 անգամ էլ այդ ոլորտը անկում է ապրել:

Բացի այդ, կառավարման մեջ թիվ մեկ խնդիրը բարոյականությունն է: Եթե չկա բարոյականություն, ոչինչ չի ստացվի: Ընդ որում, մարդու բարոյականությունը որոշվում է ոչ այնքան իր հրապարակային գործունեությամբ, ինչքան կուլիսների հետևում իր նիստուկացով ու կատարած քայլերով։ Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա այս տարիների ընթացքում ես շատ ուժերի «ծրագրեր» եմ ուսումնասիրել՝ իշխանական, ընդդիմադիր և այլն, բայց մինչև հիմա ծրագիր չեմ տեսել: Ավելի շատ դա եղել է թամադաների ձեռնարկ, որտեղ կենացներ են գրված: Կառավարության ծրագիրը պարտադիր պետք է ունենա առաքելություն, տեսլական, նպատակներ, ռազմավարություն և մարտավարություն: Ամբողջ ծրագիրը պետք է բաժանված լինի ոլորտների և պլանավորված լինի նաև եռամսյակային կտրվածքով: Ամեն ոլորտի համար պետք է նշանակվի գլխով պատասխանատու անձ: Պետք է նաև հստակ նշված լինեն այն չափանիշները, թե ամեն եռամսյակը մեկ տվյալ ոլորտում ինչ պետք է ապահովվի, և դա նույնպես պետք է ունենա պատասխանատու: Այդ ամբողջ գործընթացը պետք է ապահովվի ԶԼՄ-ների հետ հետադարձ կապով:

Այդ ժամանակ, երբ հստակ դրված կլինի անձնավորված կոշտ պատասխանատվության գործոնը, շատ դժվար կլինի կարևոր ոլորտներում մարդ գտնել ու նշանակել: Հիմա դա շատ հեշտ է, բոլորն էլ պատրաստ են պաշտոն ստանալ։ Երբ հանգուցային ոլորտներում դժվար կլինի մարդ գտնել, կնշանակի՝ սկսվում է լուրջ, խորքային գործ։ Անգամ սովորական մեքենա վարելու համար մարդիկ նախ սովորում են, քննություն հանձնում, հետո նոր վկայական ստանում և փորձում մեքենան քշել։ Իսկ սա մեքենա քշել չի, սա պետություն վարել է։

Կառավարման մեջ տարածված է աստվածաշնչյան խոսք՝ «քարեր շաղ տալու և քարեր հավաքելու ժամանակ»։ Երբ կառավարում են մարդիկ, որոնք ըստ էության կառավարիչ չեն, նրանք սկսում ու վերջացնում են առաջին փուլով։ Լավ կառավարիչը սկսում է երկրորդ փուլից։ Նա նախ մտածում է՝ կարո՞ղ է արդյոք այդ քարերը հավաքել, հետո նոր սկսում է գործել։

Ինչ վերաբերում է նոր կառավարության կառավարման որակին, ապա կրկնում եմ՝ գնահատական տալ առայժմ չեմ կարող, քանի որ առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով՝ աչքս տեսնի, ձեռքս շոշափի: Իսկ թե ով ինչ հայտարարություն արեց, ինչ տոնայնությամբ և ինչ բառերով, ընդհանրապես էական չէ: Կարելի է ասել, որ այս ամիսներին մեր երկրում ավելի շատ հայտարարությունների փուլ էր:

-Հեղափոխությունից հետո հաճախ են քննարկվում նախորդ իշխանությունների վարած քաղաքականության հիմքում ընկած սխալները, այդ թվում կառավարման ոլորտում: Ի՞նչ սխալներ կարող եք մատնանշել, որոնք նաև մասնագիտական խորհուրդ կլինեն նոր ձևավորվող իշխանություններին։

-Նախորդ իշխանությունները մի քանի սկզբունքային սխալներ ունեին, որոնցից ընդամենը մի քանիսը կթվարկեմ և որոնք ես ժամանակին բազմիցս հրապարակայնորեն մատնանշել եմ։ Կառավարման իմաստով սարսափելի վատ էր դրված հետադարձ կապի մեխանիզմը: Աշխարհում, ամբողջ մարդկության պատմության մեջ չկա որևէ ուժ, որն իշխի առանց հետադարձ կապին ուշադրություն դարձնելու և մնա իշխանության: Նախորդ իշխանության դեպքում էլ իշխող ուժի համար դա անփառունակ ավարտ ունեցավ: Այնպես որ կառավարման մեջ ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հետադարձ կապը՝ իրականությունից դեպի կառավարող մարմին։

Հաջորդ կոպիտ սխալը, որ անում էին նախորդ իշխանությունները, հավատարմության սկզբունքով նշանակումներն էին: Ինչպես արդեն ասացի, հավատարմության սկզբունքով նշանակումները սկզբնական փուլում դեռ ինչ-որ տեղ արդարացված են, բայց որոշ ժամանակ անց դա քայքայիչ հետևանքներ է թողնում պետության վրա:

Նախորդ իշխանությունների կառավարման մյուս կոպիտ սխալը օլիգարխիկ կառավարման խորացումն էր, որը երբեք չի կարող ստեղծել մրցունակ տնտեսություն: Նրանց կառավարումը հենված էր օլիգարխիայի վրա, որը նրանց սատարում էր ընտրությունների ժամանակ և այլն։ Այսինքն, դա երկուստեք հետաքրքրություն ուներ:

-Պարոն Մեսրոբյան, Դուք նոր կառավարության կողմից նշանակվել եք Հանրային խորհրդի անդամ: Ո՞րն է Հանրային խորհրդի դերը նոր իրողությունների պայմաններում։ Շեշտեցիք հետադարձ կապի կարևորությունը կառավարման ոլորտում: Հանրային խորհուրդը կարո՞ղ է ապահովել այդ հետադարձ կապը, դառնալ իշխանություն-հասարակություն երկխոսության արդյունավետ հարթակ:

-Հանրային խորհուրդը իդեալական հարթակ է ապահովելու ամենակարևորը՝ համարժե՛ք հետադարձ կապը, որովհետև հետադարձ կապը կարող է լինել նաև ոչ ադեկվատ:

Բացի այդ, աշխարհում այսօր ընդունված է պետության կառավարման մեջ կիրառել այսպես կոչված փորձագիտական կառավարումը: Հանրային խորհուրդը շատ լավ կարող է ստանձնել այդ դերը, առավել ևս նոր պայմաններում: Դա կարող է լինել մի քանի ռեժիմներով․ օրինակ՝ Հանրային խորհուրդը ինքը հանդիսանա հետադարձ կապ և կառավարություն ներկայացնի որոշակի խնդիրներ լուծման իր տեսլականով:

Մյուս ճանապարհը՝ երբ կառավարությունը որևէ հարցի շուրջ որոշում կայացնելուց առաջ «պատվիրի» Հանրային խորհրդին փորձագիտական զննում կատարել և ներկայացնել վերլուծություն ու կոնկրետ առաջարկներ:

Երրորդը՝ երբ կառավարությունն ունի որոշման հասած մի հարց, որի վերաբերյալ, սակայն, ուզում է իմանալ Հանրային խորհրդի դիրքորոշումը։ Ոոշման նախագիծն ուղարկվում է Հանրային խորհուրդ, և այս դեպքում փորձագիտայան օղակը՝ Հանրային խորհուրդը, երեք արձագանք կարող է տալ՝ դրական, բացասական և պայմանական դրական (այսինքն, որոշումը կարելի է ընդունել, եթե այս կամ այն պայմանները նույնպես լինեն և այլն):

Այս դեպքում պետական կառավարումը կդառնա շատ ավելի ադեկվատ ու արդյունավետ: Նման մոտեցումը կխթանի նաև գործադիր կառավարման մարմիններում զգալի օպտիմալացումը և արդյունավետության որակի բարելավումը։


Զրուցեց՝ Անի Գասպարյանը






Մեկնաբանություններ - 1

Մինաս     07.11.2018 Բանիմաց ու խելացի մարդ է պ-ն Հ. Մեսրոբյանը: Նախկինում էլ շատ օգտակար բաներ է ասել, բայց լսողները չեն գտնվել: Հույս ունենանք որ նոր սերնդի ղեկավարները պիտի «ճանաչեն զիմաստություն եւ զխրատ»
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: