Հայերեն   English   Русский  

Ռուսաստանի գործընկերների կողմից լայն աջակցություն է ցուցաբերվում արտակարգ իրավիճակների ոլորտին. Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՌԴ դեսպանին


  
դիտումներ: 357

Նոյեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ողջունելով դեսպան Կոպիրկինին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ բարեկամական հարաբերություններն իր համար երկար տարիների պատմություն ունեն և հույս հայտնեց, որ բոլոր ժամանակների գործընկերային հարաբերությունները շարունակական կլինեն նաև արտակարգ իրավիճակների ոլորտում:

Հանդիպման ընթացքում Ֆ. Ցոլակյանը նշեց, որ ԱԻ նախարարության համակարգում արդյունավետ գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով պարբերաբար վերազինվում և արդիականացվում է ԱԻ նախարարության փրկարարական գույքը և տեխնիկան, ինչպես նաև հաջողությամբ իրականացվում են փրկարար ծառայողների վերապատրաստման դասընթացներ և փորձի փոխանակում: Մինչև տարեվերջ նախապես հաստատված գրաֆիկով սպասվում է 25 միավոր անուն տեխնիկայի աջակցություն կենտրոնի կողմից:

«Ռուսաստանի մեր գործընկերների կողմից լայն աջակցություն է ցուցաբերվում արտակարգ իրավիճակների ոլորտին: Շուտով հանդիպում կունենամ նաև ՌԴ իմ գործընկերոջ հետ, ինչպես նաև մոտ օրերս պատրաստվում եմ այցելել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն և տեղում ծանոթանալ կենտրոնի կարողությունների հետ», - նշեց ԱԻ նախարարի պաշտոնակատարը:

Դեսպան Կոպիրկինը, շնորհավորելով Ֆելիքս Ցոլակյանին նշանակման կապակցությամբ, վերահաստատեց ՌԴ դեսպանության պատրաստակամությունը շարունակել և առավել խորացնել փոխգործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում:

Հանդիպման ավարտին Ֆ. Ցոլակյանն անդրադարձավ նաև Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ նշելով, որ նախատեսվում են բազմածավալ միջոցառումներ հանրապետության չորս քաղաքներում՝ Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում և Ստեփանավանում, որտեղ ներկա կլինեն հյուրեր ինչպես Ռուսաստանի Դաշնությունից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: