Հայերեն   English   Русский  

«ՌեԱնիմանիա» փառատոնի մրցանակակիրները հայտնի են


  
դիտումներ: 969

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային 10-րդ փառատոնն ավարտվել է՝ այդպիսով ազդարարելով 11-րդի նախապատրաստական աշխատանքների սկիզբը: Մոտ մեկ շաբաթ «ՌեԱնիմանիան» Հայաստանը դաձրել էր ոլորտի համաշխարհային դեմքերի և սկսնակ անիմատորների հավաքատեղի:

Այս տարին ՌեԱնիմանիայի տասնամյակն էր, իսկ հայկական անիմացիայի՝ ութսունամյակը:

Փառատոնի բացումն այս տարի նշանավորվել է «Անիմացիայի սրտի զարկերը» համերգով:

Ի դեպ, հայկական անիմացիայի 80 ամյակի առթիվ, «ՌեԱնիմանիա» փառատոնի հավերժության հուշամեդալով պարգևատրվել ենն Տիգրան Մանսուրյանը, Ստեփան Շաքարյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և Ռուբեն Հախվերդյանը՝ հայկական անիմացիոն ֆիլմերի համար ստեղծած երգերի և երաժշտությունների համար:

Փառատոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, փառատոնը հյուրնկալել էր համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ հյուրերի ինչպիսիք էին Էրիկ Պապեն, Սթեֆըն Կազանչյանը, Հենրի Հովհանեսյանը և Ժերալդին Բաշե, Արթուր Դեպինս, Կորին Դետոմբ, Գորյուն Աֆրիկյան, Դավիդ Դուտել, Վասկո Սա, Ռեժինա ՏեսոաԱբել Ալվարես։ Նրանք ոչ միայն գնահատել են ցուցադրվող ֆիլմերը, այլև վարպետության դասեր անցկացրել երիտասարդ անիմատորների համար։

Այս տարվա փառատոնին մասնակցելու հայտ էին ներկայացրել ավելի քան 100 երկրից՝ մոտ 2,000 անիմացիոն ֆիլմով: Արդյունքում փառատոնի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտելու շուրջ 400 ֆիլմ՝ ներառված 5 մրցութային ծրագրում:

Փառատոնի մրցանակակիրները.

Լավագույն լիամետրաժ ֆիլմ՝ «Քրիսը Շվեյցարիայից»

Լավագույն լիամետրաժ ֆիլմ՝ «Հերթական մի օր»

Հատուկ մրցանակ․ կարճամետրաժ ֆիլմ՝ «Պաբլոյին հաղթելիս»

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Ուիքենդներ»

Հատուկ մրցանակ․ ավարտական ֆիլմ՝ «Սիրի՛ր ինձ, վախեցի՛ր ինձանից»

Լավագույն ավարտական ֆիլմ՝ «Մի ուրվականի պատմություն»

Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ՝ «Առարկաները չունեն իրավունքներ»

Լավագույն երաժշտական անիմացիոն տեսահոլովակ՝ «N.A.P»

Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ՝ «Տուր ինձ խաղաղություն»

Այս տարի հատուկ մրցանակ էր սահմանել նաև ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ սփյուռքահայ մասնակցի համար: Հաղթողը Ռուսաստանից էր՝ Նատալի Միրզոյան՝ 5 րոպե մինչև ծովը ֆիլմով:

Արդեն չորրորդ տարին է ինչ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը հնարավորություն է տալիս երիտասարդ անիմատորներին մասնակցել Անգուլեմի անիմացիոն դպրոցի մեկամսյա դասընթացներին: Ի հիշատակ նկարիչ և անիմատոր Սևան Նաղաշյանի այս տարի կրթաթոշակը վերանվանվել է «ՌեԱ Սևան Նաղաշ» կրթաթոշակ: Կրթաթոշակի արժանացան երկու մասնակից՝ Նանե Սարգսյանը և Արևիկ Արոյանը: «ՌեԱ Սևան Նաղաշ» կրթաթոշակի շրջանակներում հաղթող մասնակիցները հնարավորություն կստանան մեկնելու «ՌեԱնիմանիա»-ի կողմից ֆինանսավորվող մեկամսյա վերապատրաստման դասընթացի Անգուլեմի անիմացիոն դպրոց: Ֆրանսիայի դեսպանությունը ապահովում է ուղևորության ծախսերն, իսկ Նաղաշյան ընտանիքը տրամադրում է գումար (մոտ 500$) մասնակցի կեցության ծախսերը հոգալու համար: Ըստ մրցույթի պայմանների՝ վերապատրաստման դասընթացից հետո մասնակիցները պետք է «ՌեԱնիմանիա»-ի համար պատրաստեն 30 վայրկյան տևողությամբ անիմացիա, ինչպես նաև 4 վարպետության դաս անցկացնել Տավուշի մարզի Վազաշեն գյուղում գտնվող Սևան Նաղաշյանի արվեստի դպրոցում:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ փառատոնի շրջանակում ցուցադրվել է ֆրանսիական անիմացիոն ֆիլմերի լավագույն ընտրանի:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան աջացությամբ ցուցադրվել է գերմանական արտադրության առաջին՝ 92 տարի առաջ ստեղծված առաջին լիամետրաժ անիմացիոն համր ֆիլմը, որի ցուցադրության համար դեսպանությունը Գերմանիայից հրավիրել էր հայտնի դաշնակահարի ֆիլմի ընթացքում նվագելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: